«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


ԻՍԿԱՊԵՍ` ԱՆՑԱԾ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՍԻՐԵԼՈՒ ԲԱՆ ՔԻՉ Է ԵՂԵԼ

Մեր պաշտոնակից «Հայկական ժամանակ» օրաթերթի շաբաթ օրվա (մարտի 25) համարում լույս էր տեսել հարցազրույց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ վտարանդու կամ ինքնաքսորվածի կարգավիճակում միջազգային որոնման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի հետ: Հակառակ թերթի շռնդալից, ինչ-որ տեղ արհեստական ինքնագովազդին, հարցազրույցը տվյալների եւ փաստերի առումով որեւէ նորություն չի բերում: Պարզապես Վ. Սիրադեղյանը միայն իրեն հատուկ մոտեցմամբ ու ոճով ներկայացնում է մեկնաբանություններ առկա կացության եւ հետագա զարգացումների մասին, որոնց տարբերակները ամեն օր կարելի է լսել տարբեր գրասենյակներում: Այսուհանդերձ, հարցազրույցն ընթերցելուց հետո ընթերցողին համակում է ափսոսանքի զգացումը. ներկայիս Հայաստանում որքան մարդիկ կան, որոնց նկատմամբ կարելի էր շատ ավելի ծանր մեղադրանքներ առաջ քաշել` մարդասպանությունից մինչեւ պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, կողոպուտ, խաբեություն: Նրանց համար այստեղ ապրելը պարզապես նպատակահարմար է` կարող են շարունակել կողոպտել: Այնինչ գրող Վ. Սիրադեղյանի նման մարդու համար դրսում բնակվելը մարդկային ողբերգություն է:

Ստորեւ` մի արձագանք հիշյալ հարցազրույցին: Հեղինակի ցանկությամբ զերծ ենք մնում անունը հրապարակելուց:

Ինչո՞ւ քեզ թիրախ ընտրեցին, բարդեցին վրադ սարսափելի մեղադրականներ, երբ այսքան փոքր երկրում ճանճն էլ տզզա` իշխող վերնախավի բոլոր անդամներն են իմանում: Երբ անգամ 20 տուն ունեցող համայնքի հասարակ գյուղապետի հարցը առանց վերեւների չի լուծվում: Ու այն, ինչ քեզ էին մեղսագրում, եթե եղել էր, անպայման առաջինից տասներորդ մարդու գիտությամբ ու թողտվությամբ եղած կլիներ: Երբ հիմա էլ քեզ հետ հարցազրույցն են դարձնում քաղաքական թամաշա, ու վերնագիրն էլ դնում են «Ցավոք, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա», իսկապես մարդ ուզում է ընդգծել քո իսկ միտքը. իսկապես քո հիշողությունը դիպվածային է: Քանի որ անառողջ համակարգը, որ ձեր ժամանակներից հիմնավորվեց ու ամրացավ-ամրացավ` իսկի չի էլ փոխվել. համակարգը հանձնեց քեզ` հանուն խմբային շահերի, համակարգը քո դատավարությունից սարքեց թամաշա, համակարգը կուլ տվեց բոլոր նրանց, ով բարձրանում էր իրենից: Հակահամակարգ չի ստեղծվել, մեկ-երկու` անցյալում ընդդիմադիր ուժի կցումը, այսինքն` համակարգի ընդլայնումը ոչնչով չի փոխել վիճակը: Իսկ համակարգը դու եւ քո շրջապատն եք ստեղծել, ձեր կողքի մարդիկ են իշխանության (ասում եմ` բացառությունները հաստատում են օրինաչափությունը), դուք բերեցիք քաղաքական անբաններին մեր գլխին պատուհաս ու այսպես մնում են մեկուկես տասնամյակ, քո կողքի մարդիկ քեզանից քավության նոխազ սարքեցին` իշխանությունը փոխանցելիս, նույնը կանեն էլի ու էլի` առանց աչք թարթելու: Քանի որ հանձնում են սովորաբար իրենցից ավելի լայն հայացք ու ըմբռնողություն ունեցողին` դրանք չունեցողի համար ավելի վտանգավոր թվացողին: Ասում ես` իշխանափոխության երկու տարբերակ կա` մեկով Տեր-Պետրոսյանին ես առաջարկում, մեկով` Արարքցյանին: Բայց նույնիսկ համատարած մոռացման ու ապատիայի այս ժամանակներում, սերունդը քանի դեռ չի մահացել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, ժողովուրդն իր բոլոր դժբախտությունների սկիզբը հենց նրանց ժամանակի հետ է կապում. այնպես որ` ամենայն հարգանքով հանդերձ քո տաղանդի հանդեպ, չեմ կարող մատնացույց չանել դիպվածային հիշողությանդ վնասները հենց քեզ. հենց նրանք հանձնեցին քեզ, ժողովրդին էլ հետը: Հիշո՞ւմ ես ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունը. հենց քո գաղափարակիցներն ու ընկերները տապալեցին մեկին, մյուսին ճանապարհ տալով եւ բերել- հասցնելով այսօրվան: Այնպես որ` չիմացողին պատմիր սրանց եւ նրանց տարբերությունը: Մի բանում ճիշտ ես, երբ ընդդիմությանը իշխանության հետ համեմատելիս ասում ես` դաստիարակությամբ` նույնը, աշխարհընկալմամբ` նույնը, ինտելեկտով` նույնը, ազգային բարդույթների նույն սարդոստայնում խճճված: Բայց հենց այդպես պլանավորեցիք դուք, ձեր բերած մարդիկ են մինչեւ հիմա եւ իշխանությունում, եւ ընդդիմությունում: Չէի՞ր նկատում, որ պետական ռեպրեսիվ մեքենան հենց ձեր ժամանակ էր առանձնակի դաժանությամբ մարդկանց իզգոյ դարձնում, կես տասնյակ ալիք ու տասից ավելի թերթ առանձնակի դաժանությամբ լծվում են լուտանք թափելուն` «Ժամանակաչափի» ցանածն են հնձում, թե՞ քո մերձավոր շրջապատի մարդիկ չեն այդ լրատվամիջոցներից շատերի պատասխանատուները հիմա: Այո, անցած երկու տասնամյակում սիրելու բան քիչ է եղել, եւ ոչ միայն քեզ համար:

Եթե զզվանքդ չօգնի ու քաղաքականությամբ զբաղվես` քո նախկին շրջապատը միայն խանգարելու է քեզ: Հենց հիմիկվանից նրանց մոռացիր` քանի որ մարդկանց այն շերտը, որ համակրում է քեզ, գուցե եւ սխալվելով` նրանցից վաղուց է առանձնացրել քեզ, պատել հալածյալի լուսապսակով: Եվ եթե երբեւէ քաղաքականություն վերադառնաս` արժե, որ սկսես հայի հետին խելքով, քանի որ հենց դու ես ասում` «քաղաքական սխալները ոչ թե գումարվում, այլ բազմապատկվում են»: Հաջողակ գրողի կյանքի շան բաժին դառնալը հարաբերական է, անդրեեւներն ու սոլժենիցինները քեզ օրինակ. կյանքը չի ավարտվում` քանի դեռ ինքդ այն ավարտված չես համարում: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանին սկուտեղի վրա քո մատուցելուց գոհ ենք, չի ուտվի, անցյալի մարսողության խանգարումների հիշողությունը դեռ չի անցել:

Սերնդակցի իրավունքով` բարին կամեցողդ

Հ.Գ. Ինչու՞ «Ազգ»-ում` որովհետեւ այս պահին այս թերթն է թվում համակարգի բուն կենտրոնից դուրս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4