«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


«ՓԱԿ ԿԱՌՈՒՅՑ ԷՐ, ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՆՔ»

Նոր, այս անգամ Էլեկտրոնային պատուհանի փորձ քաղաքապետարանում

Ապրիլի 15-20-ը կկայանա Երեւանի քաղաքապետարանի www.Yerevan.am պաշտոնական կայքէջի շնորհանդեսը: Երեւանի կառավարման կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանը որոշել էր երկուշաբթի օրվա ճեպազրույցն ամբողջությամբ նվիրել նորամանուկին: Մեկ պատուհանի կիսաձախողված նախագծից հետո սա թերեւս կարելի է համարել քաղաքապետարանի` բյուրոկրատիզմից ազատագրվելու եւ թափանցիկ գործունեության հիմքեր ապահովելու երկրորդ փորձը: Մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարումն ավելի ժամանակակից կդառնա: Վեբկայքի թեստային տարբերակը մոտ ժամանակներս կներկայացվի հանրությանը, որպեսզի վերջինս իր առաջարկներով լրացնի այն, ինչ իրենք չէին նախատեսել: Արդեն իսկ ամեն ոք մտնելով այս կայքէջը կարող է իր դիտողություններն ու նկատառումները արտահայտել:

Ի՞նչ կներկայացնի վեբկայքը. Խաժակ Կարայանի ներկայացմամբ` նախ եւ առաջ տեղեկատվություն քաղաքապետարանի բոլոր վարչությունների գործունեության ու կանոնակարգերի վերաբերյալ: Այստեղ կտեղադրվեն նաեւ 2006-2007 թվականների քաղաքաշինական ծրագրերն ու միջոցառումները, մրցութային ու աճուրդային բոլոր հայտարարությունները, քաղաքապետարանի նորմատիվային որոշումները: Արդեն իսկ կա նոր կարգ մրցույթների եւ աճուրդների անցկացման վերաբերյալ: Ամենաուշագրավը թերեւս վեբկայքով անցկացվելիք հասարակական լսումները կլինեն:

«Քաղաքապետարանը կամաց-կամաց կդառնա բաց համակարգ», ասում է Խաժակ Կարայանը, հաստատելով, որ այստեղ առ այսօր գործել է ինֆորմացիայի տրամադրման փակ համակարգը: Բաց կլինի գոնե այնքանով, որ յուրաքանչյուր քաղաքացի անձամբ եւ տնից կարող է հետեւել, թե տվյալ վարչությանը կամ պաշտոնյային հղած իր դիմումի, բողոքի պատասխանն ինչո՞ւ է մերժվել կամ ինչո՞ւ են ուշացնում պատասխանը: Իհարկե, խոսքը վերաբերում է այն երեւանցիներին, ովքեր տանը ինտերնետ ունեն կամ կարող են օգտվել համակարգչից: Մնացածները կմնան բաց պատուհանի կամ տեղեկատվական թեժ հեռախոսագծի հույսին: Ըստ Խաժակ Կարայանի, այսօր ինտերնետից օգտվում է «ակտիվ բնակչության ընդամենը 30 տոկոսը` 70 հազար բաժանորդ»:

Պարոն Կարայանը խոստացավ, որ ժամանակի ընթացքում այս նոր համակարգի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի ու կազմակերպություն հնարավորություն կունենա օգտվելու քաղաքապետարանի մասին բոլոր տիպի ինֆորմացիաներից, որոնք «ծառայողական կամ պետական գաղտնիք չեն պարունակում»: Սակայն տվյալ տարածքի կառուցապատման ծրագրերի ու նախագծերի հզորության, ընդգրկումների մանրամասների մասին եւս քաղաքացիները շատ բան չեն կարող ակնկալել: «Տվյալների ավելորդ արտահոսքը բերում է թյուրըմբռնման, սխալ մեկնաբանումների հասարակության կողմից»: Իսկ մինչեւ ապրիլի 15-ը նոր կառույցն արդեն տեղեկություններ կտրամադրի քաղաքացիներին ու կազմակերպություններին Երեւանի կառուցապատման ծրագրերի ու հնարավորությունների, գլխավոր հատակագծի փաստաթղթերի, ինժեներական ենթակառուցվածքների վերաբերյալ: Հակառակ հասարակ քաղաքացիների, կառուցապատողներին տրամադրվելիք «պրոֆեսիոնալ» ինֆորմացիան վճարովի կլինի: Քաղաքապետը շուտով կհաստատի սակագները:

Մինչեւ ապրիլի վերջ կներդրվի նաեւ ներքին կառավարման էլեկտրոնային համակարգը, որի նպատակը «էլեկտրոնային քաղաքապետարան» բաց համակարգի ստեղծումն է: Դա նշանակում է, որ «կէլեկտրոնայնացվեն» ներքին փաստաթղթային շրջանառությունը եւ քաղաքապետարանի որոշումների ընդունումները:

Մաղթենք, որ բաց ու թափանցիկ լինելու քաղաքապետարանի այս նոր փորձը չարժանանա նախորդ` «մեկ պատուհանի» ճակատագրին, որը չնայած հիմնադրման ոչ կարճ ժամանակին, վերջերս աննպաստ գնահատականի արժանացավ նաեւ ՀՀ նախագահի կողմից:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4