Ռուսաստանը երեք ամիս կմնա առանց հայկական կոնյակի: Ռուսաստանում ապրիլի 1-ից նոր ակցիզային դրոշմանիշների ներմուծման պատճառով սպիրտային խմիչքների ներկրումը Հայաստանից կնվազի: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է, որ նոր ակցիզներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից, բայց ռուսական կողմը տեխնիկական պատճառներով չի հասցրել ակցիզներ տրամադրել ալկոհոլային խմիչքներ արտադրողներին ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանում:
Ըստ Հարությունյանի, հին ակցիզային դրոշմանիշներով սպիրտային խմիչքները կարող են իրացվել մինչեւ 2006 թ. ավարտը, եթե Ռուսաստանի սահմանը հատեն մինչեւ մարտի 31-ը: Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ից 2-3 ամսվա ընթացքում հայ արտադրողները փաստացի չեն կարող իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան:
Երեւանի կոնյակի գործարանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մարտին Ռուսաստան արտահանումը դադարեցված է, բայց մարտին արտահանելու նախատեսված ծավալը Ռուսաստան կհասցվի հաջորդ ամիսներին: