Մարդ արարածը բարդ է: Հաճախ նա իր ունեցածի հարգը չի իմանում եւ միայն այն ժամանակ է հասկանում դրա իմաստն ու արժեքը, երբ այն կորցնում է: Հոգեբանորեն այդ երեւույթն իր բացատրությունն ունի, անշուշտ, սակայն դժվար է այն արտահայտել բառերով եւ մանավանդ բանաստեղծական տողերով: Ասվածի լավագույն վկայությունն է բանաստեղծական շնորհքով օժտված բժիշկ-սրտաբան Վերժին Մուրադխանյան-Ամադյանի օրերս լույս տեսած «Վերջալույսի հույզեր եւ մտորումներ» ժողովածուն: Այն հեղինակի վերջին հինգ տարիներին օտարության մեջ ստացած անմիջական տպավորությունների եւ իր անձնական խոհերի հանրագումարն է:
Վերժին Մուրադխանյան-Ամադյանը ծնվել է 1936 թ. Հունաստանի Քսանթի քաղաքում: Նա իր ծնողքի հետ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, որտեղ ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական բաժինը եւ աշխատել պրոֆեսոր Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտում: 1969 թ. հաջողությամբ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1997 թ. փոխադրվել է Կանադա եւ բնակություն հաստատել Տորոնթո քաղաքում: Այդ մասին նա գրում է.
...Ամեն ինչ լավ է, կարծես, երանական.
Չեմ հասկանում ի՞նչն է անբավական...
Եվ ինքն իսկ պատասխանում է իր հարցին.
Օ, հայրենիք, ու՞ր ես հայրենի տուն:
Հոգեբանական հանգույցի անլուծելի այդ թնջուկը գնալով ընդարձակվում էՙ իր անտեսանելի ցանցի մեջ խեղդելով բանաստեղծուհու սիրտն ու հոգինՙ օր ու արեւ չտալով նրա երջանիկ թվացող կյանքին...
Եվ Վերժին Մուրադխանյան-Ամադյանը գրիչը ձեռքն է առնում ու սկսում է գրել հայրենիքի սիրո եւ կարոտի մասին, բնության ու մարդկանց մասին, իր ձեռքբերումների ու կորուստների մասին...: Նա իր ստեղծագործությունների մեջ անդրադառնում է մարդկային կյանքի գրեթե բոլոր տարիքներին, իր խրատուի բարի խոսքն է ասում տարբեր սերունդներին, գունեղ պատկերներով տեսանելի է դարձնում բնության գրեթե բոլոր եղանակներն իրենց ինքնատիպ դրսեւորումներով, անպարագիծ սիրով ու կարոտով նկարագրում է հայրենի բնաշխարհի անկրկնելի գեղեցկությունները, աշխատասեր ու տաղանդավոր հայ ժողովրդի անցյալի երբեմնի փառքը, պետականության նվաճումը, ներկայիս հոգսաշատ առօրյան...
Նա օտարության վերացական գաղափարը հանգամանորեն վերլուծելով, այն դարձնում է շոշափելի եւ ըմբռնելի:
Եվ նրա գրիչի տակ շունչ ու կենդանություն է ստանում հայրենիքի կարոտը: Օտարության դառնությունները ճաշակած բանաստեղծուհու համար եզրակացությունը մեկն է. «Հայրենիքից դուրսՙ օտարություն».
...Ոչ երանի այն մարդուն, /Ում վիճակված է օտարություն, /Հայրենի տան քաղցրություն, /Չես գտնի ուրիշ ոչ մի երկրում...
Եվ այդ «խելագար աշխարհում» ապրող ու ստեղծագործողն իր եւ իր նման «ձուլարանի մեջ» ապրողների հույսը կապում է «ազգի միաբանության» եւ օրեցօր վերականգնվող ու հզորացող հայրենիքի հետ: Ու որպես մաղթանք աղոթքի պես է հնչում նրա ձայնը.
...Մաղթենք այս օրերը շուտ անցնեն, /Հայերը հայրենիքում հավաքվեն, /Արեւը վառ շողշողա /Ազգի եւ հայրենի երկրի վրա...
Այս տողերը ոչ այլ ինչ են եթե ոչ ազգահավաքության կոչ` հայրենի հողի վրա: Քանի որ հայրենիքը պետք է ազգովին կերտել եւ ազգովին պահպանել:
Վերժին Մուրադխանյան-Ամադյանի ներաշխարհը թափանցելու եւ նրա հոգու ելեւէջները ըմբռնելու համար` անհրաժեշտ է ընթերցել նրա «Վերջալույսի հույզեր եւ մտորումներ» բանաստեղծությունների ժողովածուն, որը նրա մուտքն է գրական աշխարհ:
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, բանասիրական գիտությունների դոկտոր