Ամերիկահայ բարերար ամուսիններ` Գրիգոր եւ Քնարիկ Թաթարյանների նվիրատվությամբ Երեանի Նուբարաշեն համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան միջնակարգ դպրոցի բակում (2004 թ.), համայնքի ղեկավար Ռոբերտ Ասատրյանի պատասխանատվությամբ կանգնեցվեց Ալիշանի բրոնզաձույլ կիսանդրին ու բարեկարգվեց դպրոցի բակը: Ինչպես տեղեկացանք կիսանդրու հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանից, մոտ 100 կգ քաշ ունեցող, մեկ մետր բարձրությամբ բրոնզաձույլ կիսանդրին իր նվիրատվությունն էր դպրոցին: Ձուլածո բրոնզի ու երկու մետր բարձրությամբ բազալտե պատվանդանի ծախսերը հոգացել է համայնքի ղեկավարը` Ռ. Ասատրյանը տրամադրած բարեգործական գումարներից եւ թաղապետարանի բյուջեից:
2006-ի մարտի 10-ի գիշերը անհայտ անձինք գողացել են կիսանդրին: Այդ մասին «Ազգը» արդեն իրազեկել է: Ինչպես տեղեկացանք, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ կատարվում է նախաքննություն: Ոստիկանության Էրեբունիի քննչական բաժինը հրաժարվեց մեր որեւէ այլ հարցի պատասխանել եւ մերժեց անգամ կիսանդրու լուսանկարը տրամադրել տեղում պատճենահանելու համար: Զարմանալիորեն մինչեւ այժմ չի բացահայտվել գործը, այն դեպքում, երբ բրոնզաձույլ 100 կիլոգրամանոց կիսանդրին ձեռքով չէին կարող տանել, ուստի գործի է դրվել նաեւ տեխնիկա, իսկ «տեսնողներ» պարզվում է չկան...
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը վրդովված էր իր լավագույն գործերից մեկի անհետացման պատճառով: Ըստ նրա, այսօր սեւ շուկայում գրեթե անհետացած բրոնզի մեկ կգ-ը արժե մոտ 3-5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` այն էլ կտորտանքների տեսքով: Ցավալի է, որ նման ստոր մարդկանց «ջանքերով» արվեստի գործը կարող է մետաղի ջարդոնի վերածվել` անձնական շահի համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ