«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2006-03-24 | #54, 2006-03-25 | #55, 2006-03-28


ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ ՍԿՍՎԵՑ

Ավանդույթի համաձայն ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկեց գավաթային հանդիպումներով: Գավաթի խաղարկությանը հայտ ներկայացրած 12 թիմերից ութը սկսեցին պայքարը պատվավոր մրցանակի համար` անցկացնելով 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:

Մեկնարկի դուրս եկած բարձրագույն խմբի երեք թիմերից երկուսը վստահ հաղթանակներ տոնեցին եւ արդեն առաջին հանդիպումից հետո ապահովեցին քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց Երեւանի «Արարատը», որը չորս անպատասխան գնդակ խփեց իր դուստր թիմի` «Արարատ-2-ի» դարպասը: Վերջինիս երիտասարդ ֆուտբոլիստները գրեթե մեկ խաղակես կարողացան դիմադրել իրենց ավելի փորձառու ակումբակիցներին, սակայն հետագայում տեղի տվեցին: 41-րդ րոպեին Էդգար Սաֆարյանը բացեց հաշիվը: Ընդմիջումից քիչ անց ընդամենը 10 րոպեում «Արարատը» Վահե Դավթյանի, Անդրանիկ Թադեւոսյանի եւ Գագիկ Սիմոնյանի ջանքերով եւս 3 գոլ խփեց ու վստահ հաղթանակ տոնեց:

Իսկ գավաթի այս տարվա խաղարկության անդրանիկ գոլը գրանցվեց Կապանում, տեղի «Գանձասարի» ու «Միկա-2-ի» մրցավեճում: 8-րդ րոպեին խփած գոլի հեղինակ դարձավ «Միկա-2-ի» խաղացող Մելիքսեթ Սուքիասյանը: Դա այդ խաղում առաջին խմբի ներկայացուցչի միակ հաջողությունն էր: Հետագայում «Գանձասարին» հաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում եւ 3 անգամ գրավել «Միկա-2-ի» դարպասը: Աչքի ընկան Արթուր Քոչարյանը, Անդրանիկ Սարգսյանն ու Արմեն Տատինցյանը (11 մ-ով):

Եթե «Արարատն» ու «Գանձասարը» վստահ հաղթանակներ տոնեցին, ապա բարձրագույն խմբի մյուս ներկայացուցիչը` «Շիրակն» Աշտարակում 0-1 հաշվով զիջեց «Հայ Արիին»: Միակ գոլը խփեց Էդգար Մանուկյանը: «Փյունիկ-2-ի» եւ «Բանանց-2-ի» մրցավեճում էլ գրանցվեց միայն մեկ գոլ: «Արարատի» վաղամեռիկ նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդու` Հենրիկի խփած միակ գոլը հաղթանակ պարգեւեց «Փյունիկ-2-ին»: Վերջին երկու հանդիպումներում քառորդ եզրափակիչի ուղեգրի համար պայքարն առջեւում է: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին եւ 2-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4