«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՅԹԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Հակաքարոզչություն Անդրեի, թե՞ ողջ հայ ժողովրդի դեմ

Ինչպես երեւում էՙ ադրբեջանցիները չեն հաշտվում «Եվրոտեսիլում» Անդրեի հայտնության եւ հնարավոր հաջողությունների հետ: Չեն հաշտվում մեզ պարտադրած պատերազմում մեր ձեռքբերումների հետ եւս: Դժգոհությունն արտահայտելու համար նրանք ինտերնետն են օգտագործում: Ցավոք, սակայն, իրենց հատուկՙ խարդախ, դավադիր մեթոդներով:

Երեկ առավոտյան պարզվեցՙ հայկական մի քանի ինտերնետային էջեր ադրբեջանցի հաքերների ձեռքում են: Երգիչ Անդրեի պաշտոնական էջում (www.andre.am), «Յանդեքս» որոնման համակարգի հայկական հատվածում (www.yandex.am/forum), www.itarmenia.com, www.myyerevan.am, www.telecenters.am, www.myyerevan.am, www.armfootball.am եւ հայկական այլ սայթերում ադրբեջանցի հաքերները ջնջել են ողջ ինֆորմացիան եւ այն փոխարինել Խոջալուում իբր հայերի կազմակերպած ջարդերի մասին տեղեկատվությամբ, ԱՍԱԼԱ-ի լուսանկարներով եւ հղումներ կատարել հակահայկական քարոզչությամբ զբաղվող ադրբեջանական մի շարք կայքերի:

www.andre.am կայքը տեղադրված է «Դոլֆին» կազմակերպության սերվերի վրա, որն Ամերիկայում է: «Ազգի» հետ զրույցում կազմակերպության ցանցային ադմինիստրատոր Խաչատուր Մելիքսեթյանն ասաց, որ երբ առավոտյան սայթի դիզայները դիմել է իրենց, անմիջապես անջատել են www.andre.am-ը: Այս ամենին տեղյակ են «Դոլֆինի» ամերիկյան ղեկավարները, մերոնք այնտեղից լրացուցիչ ինֆորմացիայի են սպասում:

Նման դեպքերում, երբ սերվերն արտերկրում է, հանցագործին գտնելու համար երկիրը պետք է «Ինտերպոլին» դիմի: Իսկ հիմքեր ունենալու համար ոստիկանությունը պետք է բողոք ստանա տուժող կողմից: Ոստիկանությունում տեղեկացնում են, որ փաստաթղթի առկայության դեպքում միայն գործին ընթացք կտրվի:

Տեղեկությունների համաձայնՙ ադրբեջանցի հանցագործները խափանել էին նաեւ «Ալֆաել» պրոդյուսերական կազմակերպության կայքը (www.alfael.am): «Ազգի» հետ զրույցում «Ռուսսկոյե ռադիո»-ի տնօրեն Վարդգես Կիրակոսյանն ասաց, որ նման դեպք պատահել է 2-3 շաբաթ առաջ: Ադրբեջանցիները կրկին ջարդել են կայքն ու նշել, որ հեղինակն իրենք են:

Եթե տարիներ առաջ թուրքերն ու ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն իրականացնելու ճանապարհին ինտերնետն օգտագործում էին սոսկ իբրեւ հայհոյանքներ տարածելու միջոց, այսօր այն առավել քան մտածված եւ ծրագրված քաղաքականության է վերածվում եւ պարբերական բնույթ կրում: Պատմությանն ու դեպքերի ընթացքին անծանոթ ամեն մեկի համար ադրբեջանական կայքերում տեղադրված ինֆորմացիան կարող է համոզիչ եւ հավաստի թվալ: Եթե դրան ավելացնենք ամենուր կարմիրով ներկված նկարներն ու գրաֆիկական լուծումները, կարելի է պատկերացնել, թե խարդախ ճանապարհով իրականացված այս ծրագիրն ու ստի ալիքն ինչ ազդեցություն կունենան:

Խարդախության դեմ պայքարենք խարդախությա՞մբ, թուրքական եւ ադրբեջանական սայթե՞ր ջարդենք, թե՞ հույս ունենանք, որ մի օր քաղաքակիրթ կդառնան եւ արդար կխաղան: Մեր քարոզչությունն էլ չպիտի ուշանա:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4