«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ

Իշխանությունները քաղաք են մտցրել զորք եւ զրահատեխնիկա

Մարտի 21-ին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում Նովրուզի տոնակատարությունները վերածվել էին PKK-ական ցույցերի: Դա հատկապես նկատելի էր դարձել քրդական շրջանակներում Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում եւ տեղի տվել թուրքական անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումների:

Մարտի 28-ին Դիարբեքիրն ականատես է եղել նոր բախումների: Դրա համար պատճառ է դարձել Բինգյոլի եւ Մուշի սահմանագծում անվտանգության ուժերի հետ կռիվներում սպանված PKK-ի 14 գրոհայիններից 4-ի աճյունի տեղափոխումը Դիարբեքիր: Հուղարկավորություններից անմիջապես հետո ծայր առած միջադեպերն, ինչպես մարտի 29-ի համարում նշում է «Միլիեթը», վերածվել են անկարգությունների եւ շարունակվել մինչեւ ուշ գիշեր: Ցուցարարները լուրջ վնաս են հասցրել վարչական շենքերին, հասարակական տրանսպորտի միջոցներին եւ մի շարք բանկերի քաղաքային մասնաճյուղերին:

Անկարգությունների հետեւանքով Դիարբեքիրում վիրավորվել է 32 մարդ, որոնցից 8-ըՙ ոստիկաններ: «Միլիեթը» միաժամանակ նշում է, որ քաղաքում ոստիկանության իրականացրած անվտանգության միջոցառումներն ի զորու չեն եղել զսպելու ցուցարարներին, այդ իսկ պատճառով երեկ առավոտյան Մարդինից, Բաթմանից, Ուրֆայից եւ Մալաթիայից համալրում են ուղարկել Դիարբեքիր, նաեւ Երգանիում տեղակայված զորամասերին զրահատեխնիկայով հանդերձ:

Խժդժությունների հետեւանքով երեկ առավոտյան խանութներն ու գործատեղերը չեն բացվել Դիարբեքիրում: Ապարդյուն են անցել քաղաքում կյանքի բնականոն ընթացքն ապահովելու տեղական իշխանությունների բոլոր նախաձեռնությունները: Թեեւ «Միլիեթը» դա պայմանավորում է գործատերերին եւ խանութպաններին սպառնացող կողոպտվելու սպառնալիքով, սակայն, ինչպես խանութներն, այնպես էլ գործատեղերը չբացելը քաղաքական ակտ է, որը որպես կանոն ուղղված է լինում պետական իշխանությունների դեմ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4