«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՄԱԿ-Ի ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Իսկ մինչ այդՙ վրաց-աբխազական բանակցություններ

Երեկ Թբիլիսիից աշխատանքային այցով Սուխում է ժամանել վրացական պատվիրակությունըՙ Վրաստանի նախագահի հակամարտությունների կարգավորման հարցերով խորհրդական Իրակլի Ալասանիայի գլխավորությամբ:

Այցելության ընթացքում ծրագրված էր հանդիպում Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշի եւ Աբխազիայի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարող Սերգեյ Շամբայի հետ, ընդ որում վերջինիս հետ հանդիպումը պիտի իրականացվեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Իվո Պետրովի նախագահությամբ:

Վերջին ժամանակներս բավականին սրված Աբխազիա-Վրաստան հարաբերությունների ֆոնին սա աշխատանքային հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ բանակցային գործընթացի բարենպաստ միջավայրի ստեղծման յուրօրինակ փորձ է: Վրացական լրատվամիջոցների նախնական տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվելու է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու եւ Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշի հնարավոր հանդիպման հարցը:

Իրակլի Ալասանիայի առաջին այցելությունն Աբխազիա հիմնականում կծառայի հարաբերությունների հաստատմանը եւ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման ուղիների որոշման առնչությամբՙ հետագա համատեղ ջանքերին:

Հիշեցնենք, որ այսօրՙ մարտի 30-ին նախօրոք հայտարարված օրակարգով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ կընդունի Աբխազիայի հարցով, եւ այդ կապակցությամբ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Ռեւազ Ադամիան Անվտանգության խորհրդին կոչ է արել նկատի ունենալ Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Վրաստանի դեսպանը նշել է նաեւ, որ հունվարին հնարավոր չի եղել փոխհամաձայնեցված աշխատել բանաձեւի նախագծի տեքստի վրա: Եվ քանի որ վերջնական տեքստի առնչությամբ համաձայնություն ձեռք չի բերվել, Ռեւազ Ադամիան հույս է հայտնել, թե ՄԱԿ-ի ԱԽ նախկին բանաձեւերում ընդգրկված հիմնական սկզբունքները կպահպանվեն, այսինքնՙ ներկա բանաձեւը կընդգրկի Վրաստանի տարածքային ամբողջականության, վրացական պետության սահմաններում Աբխազիայի կարգավիճակի որոշման, որեւէ դեպքում ուժի կիրառման բացառման եւ փախստականների վերադարձի սկզբունքները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւը, որ ընդունվել է հունվարի 31-ին, երկարացրեց Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության մանդատը եւս երկու ամսովՙ մինչեւ մարտի 31-ը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4