«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ՍՈՒՏՆ ՈՒ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Անհնար է ամեն օր արձանագրել եւ արձագանքել ադրբեջանական մամուլի հերյուրանքներինՙ պատասխանել, ուղղել, հերքել եւ այլն: Գիտենք այդ երկրում ստախոսության հասարակական մեծ պահանջարկ կա, եւ թերթերն ու լրատվական գործակալությունները շոգեպինդ աշխատում են այդ «կերակուրը» հայթայթել ընթերցողին: Եվ որպեսզի ավելի մարսելի դարձնեն իրենց մատուցածը, նրանք հաճախ վկայակոչում են հայկական որոշ լրատվամիջոցներ, որոնք այս պարագայում հանդես են գալիս կերակուրի համար մթերք հայթայթողի դերում:

Ադրբեջանական մամուլի սիրած թիրախներից է, բնականաբար, ՀՀ պաշտպանության նախարարը, որի մասին «Ազերիպրես» գործակալությունն օրերս տարածել էր նոր «տեղեկություն»: Ըստ գործակալության, որն առանց հայկական լրատվամիջոցի անունը հիշելու վկայակոչում է իբր ՀՀ պաշտպանության նախարարությունից ոմն Մարտիրոս Ավագյանի, Սերժ Սարգսյանը վերջերս Երեւանի կազինոներից մեկում տանուլ է տվել 650 հազար դոլար, որը պաշտպանության նախարարության համար հանգանակված է եղել Հայ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գնել արք. Ջերեջյանի եւ Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Եղիա Քիլաղբյանի կողմից: Կարիք չկա անդրադառնալու ադրբեջանական գործակալության ներկայացրած մյուս մանրամասներին: Բավական է ասել, որ 650 հազար դոլարի 250 հազարը Գնել արք. Ջերեջյանը կյանքից հեռացել է... հինգուկես տարի առաջ, 2001 թ.-ին: Ինչ վերաբերում է մնացած գումարին, երեկ այդ մասին «Ազգը» հարցրեց Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ հայր Հարություն վրդ. Պզտիկյանին, որի պատասխանը հստակ եւ հատու էր. «Այդքան դրամ ունենայինք, Երեւանի մեր դպրոցը կկառուցեինք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4