Դանիայի եվրոպական շարժման նախագահ Էրիկ Բոելը Հայաստան է այցելել 2 օր առաջ: Հայաստանից առաջ նա եղել է Բաքվում, որտեղ հանդիպել է դիվանագետներին ու ՀԿ-ների ներկայացուցիչներին, Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովին եւ անկախ փորձագետներին: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում նրա նպատակն էր ծանոթանալ եվրոպամետ ուժերի հետ, որոնց քանակը Բոելը բավարար է համարում:
Երեկ ՀՅԴ-ի կողմից հյուրընկալվող գործիչը եղավ Ծիծեռնակաբերդում եւ ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին, շրջեց Ցեղասպանության թանգարանում: Եվրոպական շարժման նախագահը նշեց, որ հայերի ցեղասպանության ընդունման փաստը Թուրքիայի համար պայմանավորված է ոչ թե Եվրոմիությանը միանալու հնարավորության ընձեռմամբ, այլ կոպենհագենյան չափանիշերով, որոնց մեջ ցեղասպանության ճանաչումը նշված չէ: Այնուամենայնիվ. «Ցեղասպանության ճանաչումը օգտակար կլինի հենց Թուրքիայի համար, որ Թուրքիան հաշտվի իր անցյալի, նաեւ հայ ժողովրդի հետ», ասաց Է. Բոելը, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, որը հաշտվեց իր անցյալի` Հոլոքոսթի իրականացման հետ եւ առաջ գնաց: Ցեղասպանության ճանաչման հարցին ու կիրառվող երկակի ստանդարտներին անդրադառնալով Է. Բոելը շեշտեց, որ իր երկրում եւ անձամբ ինքն ընդհանուր համոզում ունեն, որ կատարվածը ճանաչված է որպես փաստարկված ցեղասպանություն: Այդուամենայնիվ, հիշեցնենք, որ Դանիան այն երկրների թվում է, որ պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Թերեւս նաեւ այս է պատճառը, որ դանիացի հյուրը Հայոց ցեղասպանության հուշամատյանում գրառում անելիս եղավ լակոնիկ` երբեք չմոռանանք այս ողբերգությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Դանիայում ձեւավորված կարծիքին, Է. Բոելը նշեց. «Անկեղծ լինելու համար ասեմ, որ այն եվրոպական միջավայրում մոռացված հակամարտություններից է: Շատ մոտիկից մենք հետեւում ենք Մերձավոր Արեւելքի, Կոսովոյի հակամարտություններին, բայց դժբախտաբար, ղարաբաղյան հակամարտությանը` ոչ»: Հյուրն այս անգամ չի այցելի Ղարաբաղ, բայց հարցն ուսումնասիրելու համար կարդում է գրականություն եւ հանդիպում է շահագրգիռ մարդկանց հետ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ