«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՔԱՏԱՑԵԼ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏԵՍԱԿԱՆԻՆ

Մամուլի բաժանորդների թիվը տասը տարի առաջ գրեթե նույնն էր, ինչ այսօր

Մամուլի պարբերականների բաժանորդագրությամբ ու տարածմամբ զբաղվող կազմակերպությունները, «Փոստային կապի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում կատարված փոփոխություններից հետո այսուհետեւ պիտի լիցենզավորվեն` վճարելով տարեկան հաստատագրված գումար` 5 մլն դրամ: Այս իրողությունը խիստ վրդովեցրել է ե՛ւ այդ կազմակերպությունների, ե՛ւ մամուլի ներկայացուցիչներին: Հայաստանում առավել հանրահայտ օրաթերթերի ու շաբաթաթերթերի խմբագիրները դիմել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` պահանջելով նշված օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարել, հավաստիացում տալ, որ «պարբերականների բաժանորդագրության ծառայությունները չեն դիտվի իբրեւ փոստային ծառայությունների մատուցում եւ ենթակա չեն լինի լիցենզավորման»:

Դժգոհողների գլխավոր փաստարկն այն է, որ պարբերականների բաժանորդագրությունն ու տարածումը փոստային ծառայությանը հավասարեցնելը թյուրըմբռնում է, մամուլի իրավունքների սահմանափակում: Այդ 5 մլն դրամի վճարումը կարող է կաշկանդել մամուլի տարածումը, հետեւաբար խոսքի ազատության ու բազմակարծության կայացումը: Բացի այդ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու առանց պետական մարմինների միջամտության»:

Հիշեցնենք, որ լիցենզիա չունեցող կազմակերպությունները բացահայտվել են անցած տարվա դեկտեմբերի հարկային ստուգումների ժամանակ: Աղմուկ բարձրացրած կազմակերպությունների վրդովմունքը, իհարկե, բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ նրանցից շատերը չունեն այդպիսի ֆինանսական միջոցներ կամ պարզապես չեն ուզում ավելորդ վճարում անել:

«Ազգը» փորձել է խնդիրը պարզաբանել «Հայփոստի» գլխավոր տնօրեն Գեւորգ Նալբանդյանի հետ: Նա սկզբում խոստովանեց, որ իրենք էլ ժամանակին պայքարել են այդ 5 մլն դրամի դեմ, բայց հետո ստիպված են եղել ուղղակի ենթարկվել օրենքին: Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը կարծում է, որ ընդդիմացած շահագրգիռ կողմերը օրենքի մի փոքր սխալ մեկնաբանություն են անում: Եթե տպագիր մամուլն ինքն է տարածում իր արտադրանքը, ըստ օրենքի, դա փոստային ծառայություն չի դիտվում, իսկ եթե նույնը միջնորդով է իրականացնում, առաքմամբ զբաղվող միջնորդի գործը համարվում է փոստային ծառայություն: Գեւորգ Նալբանդյանը, հակառակ մամուլի ներկայացուցիչների, կարծում է, որ պետությունը խոսքի ազատությանը հարվածելու մտադրություն չունի այս դեպքում, նա պարզապես փորձում է կարգավորել ասպարեզը: Այստեղ էլ բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք ստվերում են գործում: Սրանք ոչ միայն հարկեր չեն վճարում, այլեւ մամուլի տարածումն ու բաժանորդագրությունն իրականացնում են իմիջիայլոց, յոլա տանելու սկզբունքով: Եվ առաջանում է իրավիճակ, որից տուժում են ընթերցողը, բիզնեսը, հրատարակչությունները: Լիցենզավորումը որոշակի պարտավորություններ է դնելու նրանց վրա, եւ եթե գործը լավ չանեն, դուրս կմղվեն մրցակցությունից եւ շուկայից:

Պարտադրելով աշխատել իր չափանիշների համաձայն, պետությունը նույնիսկ սակագների փոխհատուցման ձեւով որոշակի աջակցություն է նախատեսում: Իհարկե, եթե տվյալ կազմակերպության սակագները բավարար եկամուտ ու վերարտադրվելու հնարավորություն չեն տալիս նրան:

«Քեռի Ստյոպան» ու փոստարկղերը մնացին խորհրդային անցյալում

Էլեկտրոնային փոստի, ինտերնետի հախուռն ներխուժումը այսօր այլ իրականություն է ստեղծել փոստային կապի ասպարեզում: Մասնակի անհետացել ու ձեւախեղվել է նամակային գրագրության մշակույթը: Կենցաղի մաս դարձած փոստատարներն ու փոստարկղերը չափազանց խորն են նահանջել անցյալի մեջ: Փոստատարի խորհրդանիշ գրական կերպար «քեռի Ստյոպան» եւս խորհրդային հուշ է դարձել: Քանի որ ինտերնետ կա, ոչ ոք չի մտածում նամակ ուղարկել փոստով: Սակայն նկատի ունենանք, որ էլեկտրոնային նամակագրությամբ փոխանակվում են ոչ մնայուն կամ պահպանման համար ոչ պարտադիր գրություններ ու փաստաթղթեր: Այն նյութերը, որոնք պետք է արխիվ ունենան, ոչ ոք չի առաքում ինտերնետով: Հայաստանում փոստային կապը հաղորդակցման համեմատաբար տարածված միջոց է միայն իրավաբանական անձանց համար: «Հայփոստի» մամուլի վարչության պետ Աստղիկ Մարտիրոսյանը հավատացնում է, որ իրենց ռուս գործընկերներն էլ նախընտրում են փոստային նամակագրությունը:

Այսօր հանրապետությունում ամեն քաղաքացու տարեկան ընկնում է միջին հաշվով 0,5 նամակի առաքում: Փոստով շարունակում են նամակներ գրել այն մարդիկ, ովքեր ոչ համակարգիչ ունեն, ոչ էլ կարողանում են օգտվել դրանից:

Փոստային կապի ծառայությունների աշխատակիցները, սակայն, համոզված են, որ վերադարձը հին ու բարի ժամանակներին այնքան էլ հեռու չէ, եւ սա ընդամենը ժամանակավոր պարապուրդ է: Որ ասվածը մոտ է ճշմարտությանը, խոսում է մեզնից ավելի շատ զարգացած երկրների փորձը: Նամակագրության ամենամեծ սիրահարներն աշխարհում ամերիկացիներն են: Ամեն քաղաքացու այստեղ տարեկան ընկնում է միջին հաշվով 700 նամակ, եվրոպական երկրներում` 200-300 նամակ: Բարձրագույն տեխնոլոգիաների զարգացման օրրան Ճապոնիայում, օրինակ, գերիշխում են փոստային առաքումները:

Այնուամենայնիվ, փոստատարի ժամանակից դուրս սպրդած մասնագիտությամբ այսօր հանրապետությունում 830 մարդ է աշխատում: Երեւանում «Հայփոստը» 88 փոստային բաժանմունքներ ունի, ամեն բաժանմունք` մի քանի փոստատար, նայած տարածքի բնակչության քանակին: Փոստատարն ամսական միջին հաշվով 20 կմ պիտի քայլի, քանի որ Հայաստանում նրան տրանսպորտով չեն ապահովում: Դրսում սովորաբար նրանց փոխադրամիջոցը հեծանիվն է: Փոստատարի ամենօրյա այցի շառավիղները պետությունը դեռ չի սահմանել, բայց ընդունված կարգի համաձայն, 1 փոստատարը օրական 2 հազար բաժանորդի պիտի սպասարկի:

Կազմակերպությունների մեծամասնությունը շրջանցում է «Հայփոստը»

Ըստ գլխավոր տնօրենի, հարկային կառույցների հաշվետվությունների առաքումների ամենահարմար ձեւը փոստն է, սակայն այս կառույցի պաշտոնատար ներկայացուցիչները երկար ժամանակ խոչընդոտում էին խնդիրն այս ճանապարհով կարգավորելուն: Ի վերջո, հարկայինը հանգել է խելամիտ որոշման եւ հարկային առաքումները կազմակերպված ու նույն ստանդարտով իրականացնելու առաջարկ է մտցրել կառավարություն:

«Հայփոստը» նաեւ վճարահաշվարկային կազմակերպություն է:

Թիվ 60 լիցենզիայի համաձայն, «Արմենտելը» պարտավոր է ամեն ամիս իր բոլոր բաժանորդներին հաշիվ-ապրանքագիր ուղարկել փոստային միջնորդի միջոցով: Այսինքն, հեռախոսային խոսակցությունների, րոպեավճարի վերաբերյալ ամսական ծախսերի ու վարձաչափի մասին քաղաքացին հնարավորություն ունի տեղեկանալու տանը, ոչ թե ինքն իր տրանսպորտային ծախսով գնա եւ իմանա այդ մասին: Բայց «Արմենտելն» առ այսօր զլանում է կատարել պայմանագրային այդ կետը եւս:

Նույնկերպ հոսանքի վարձավճարների մասին ինֆորմացիան բնակչին հասնում է վայրենի եղանակով: Թղթեր են փակցվում բազմահարկերի մուտքերի պատերին, եւ ամեն ոք կարող է կարդալ ոչ միայն իր, այլեւ հարեւանների մասին ինֆորմացիան:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի գաղտնի պահելու իր ֆինանսական միջոցների չափն ու ծավալները: Քաղաքացու հետ բանկային գործարքներում կիրառվում է նույնիսկ գաղտնի կոդավորման սկզբունքը, շատ հաճախ մարդու մահից հետո են միայն հարազատները իմանում իրենց մերձավորի խնայողությունների մասին: Ֆինանսական գաղտնիքներ ունենալու իրավունքն այսօր շատ բնական է ընկալվում: Մոտավորապես նման «գաղտնիք» է նաեւ ծախսած էներգիայի վարձավճարների վերաբերյալ ինֆորմացիան, որը բաց ու արձակ ներկայացվում է ի տես բոլորի: Բոլորը չէ, որ համարժեքորեն են վերաբերվում իրողությանը: Մեկն անտարբեր է, մյուսի համար դա տհաճ փաստ է, որ խախտում է իր իրավունքները: Մանավանդ եթե իր կողքին ապրում է հազիվ ծայրը ծայրին հասցնող աղքատ մի ընտանիք: Մանավանդ եթե ապահովվածն էլ հավատում է չար աչքին:

Այստեղ խնդիրն ամենեւին այն չէ, որ «Արմենտելը» կամ էլցանցի մասնաճյուղերը չեն գիտակցում, որ իրենց իրականացրած սպասարկման ձեւը հեռու է քաղաքակիրթ լինելուց: Պարզապես նրանք չեն ուզում փող ծախսել նմանատիպ ծառայությունների համար եւ գերադասում են դրանք իրականացնել սպառողի գրպանի կամ նյարդերի հաշվին: Եվ ոչ միայն նշված կազմակերպությունները: Վերջերս քաղաքապետարանը հեռուստաեթերն ու մամուլն օգտագործելով, առանց կոպեկ ծախսելու, դիմեց քաղաքացիներին, որպեսզի նրանք գան ու վերցնեն ապօրինի կառույցների օրինականացման համար ամիսներ առաջ տված իրենց դիմումները: Մինչդեռ հնարավոր էր նամակի միջոցով տեղեկացնել նրանց: Մի խոսքով, պետական ու մասնավոր կառույցների մեծամասնությունն օգտագործում է հնարավոր ու անհնարին ամեն միջոց, միայն թե փոստային կապը չօգտագործի:

Սակայն Հայաստանում նոր-նոր սկսել են հայտնվել բիզնեսի համեմատաբար երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր գովազդային ակցիաներ են կազմակերպում` օգտագործելով փոստային կապը: Անցյալ տարի այդպիսի արշավ ձեռնարկեց ծխախոտի LM ֆիրմայի ներկայացուցչությունը: Փոստային կապի հետագա զարգացման խթաններից մեկը բիզնեսի այդ տեսակի զարգացումն է նաեւ Հայաստանում:

Մյուս կողմից, կարգուկանոնի կարոտ շուկայում «Հայփոստն» ակամա մենատեր է դարձել, չնայած փոստային կապի ծառայությունը նրա հետ իրականացնում են եւս 7 ընկերություններ, որոնց մեջ եւ «Հայմամուլը»: Համենայն դեպս, ընդամենը վերջերս «Հայփոստի» մենաշնորհային դիրքի մասին հայտարարություն արեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Աղքատության նպաստների բաժանումը այս իրողության ծննդից ի վեր միանձնյա իրականացնում է «Հայփոստը»: Ըստ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների, 2002-2003 թվականների ընթացքում այս կազմակերպությունը նպաստների բաժանման ընթացքում առաջացած այսպես ասած` մնացորդային գումարներից ժամանակին պետբյուջե չի փոխանցել 98 միլիոն դրամ եւ օգտագործել է սեփական բիզնեսում: Սրանք այն գումարներն են, որոնք առաջացել են նպաստառուների հանրապետությունում չլինելու կամ այլ պատճառներով չվճարված նպաստներից: Անկասկած, այս իրողությունը եւս ոլորտն ուշադրությունից ու վերահսկողությունից դուրս թողնելու հետեւանք է եղել:

Մեղքն ինտերնետինը չէ

Սովորական քաղաքացիների միջեւ նամակագրության հին ու հուզիչ սովորույթը վերականգնելու մեծ խոչընդոտ է նաեւ փոստարկղերի բացակայությունը: Դրանցով այսօր ոչ ոք չի զբաղվում, ոչ «Հայփոստը», ոչ էլ որեւէ այլ կազմակերպություն: Կառավարության որոշմամբ փոստարկղերի խնդիրը պիտի լուծեն համայնքները, քանի որ դրանք շենքերում են տեղադրվելու, իսկ շենքերը համայնքային սեփականություն են: Փոստարկղերը թարմացնելու, նորերը տեղադրելու մասին Երեւանում պիտի մտածեն թաղապետները, մարզերում` քաղաքապետները: «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնված «Կոնվերս Ինվեստ» բանկին: Վերջինս 5 տարվա մեջ 5 մլն դոլարի ներդրումներ պիտի կատարի այստեղ: Դրանք բնականաբար, իրականացվում են` շրջանցելով փոստարկղերի խնդիրը: Եթե հույսը դրվելու է համայնքների վրա, կարելի է համոզված ասել, որ առաջիկայում էլ նամակագրական, նաեւ մամուլի տարածման տեխնիկական խթանիչ փոստարկղերի խնդիրը չի լուծվելու: Կենսական ավելի կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են տարեցտարի մաշվող շենքերի նորոգումները, ներքին ցանցերի անմխիթար վիճակը, ոչ համատիրությունները, ոչ թաղապետարաններն ի վիճակի չեն լուծել: Փոստարկղերի խնդրով առավել եւս ոչ ոք չի էլ մտահոգվում:

Փոստարկղերի բացակայությունը մեծապես հարվածում է նաեւ մամուլի բաժանորդագրության ավելացմանը: 10 տարի առաջ Հայաստանում մամուլի բաժանորդների քանակը նույնն էր, ինչ այժմ: Արտագաղթի կամ այլ հանգամանքների շնորհիվ համեմատաբար ավելի տանելի կենսամակարդակի հասած մարդկանց թիվը մի քանի անգամ ավելացել է, համենայն դեպս նրանց, ովքեր կարող են թերթեր բաժանորդագրվելու շռայլություն թույլ տալ իրենց: Սակայն եթե նույնիսկ սպառողը մտադիր է բաժանորդագրվել մի քանի թերթ, նա ստիպված է հրաժարվել իր մտադրությունից, որովհետեւ ոչ մի երաշխիք չունի, որ կարող է ամեն օր ստանալ դրանք: Շենքում փոստարկղ չկա, իսկ փոստատարն ամեն օր չի բարձրանա վերեւի հարկերը, որովհետեւ ինքն էլ համոզված չէ, որ բաժանորդը տնից չի բացակայում այդ ժամին:

Իհարկե, իսկապես մտահոգ լինելու դեպքում, պետությունն ինքը կարող էր նախաձեռնել փոստարկղերի խնդրի լուծումը` Համաշխարհային բանկի ծրագրերից մեկն ուղղորդելով համայնքների այս կտրվածքով ֆինանսավորմանը: Նույնիսկ եթե մի փոստարկղի վրա ծախսվի 2 հազար դրամ, ապա միայն Երեւանի 900 հազար բնակարանի համար անհրաժեշտ կլինի 800 մլն դրամ: Սակայն, ըստ ամենայնի, իշխանությանն այնքան էլ ձեռնտու չէ մամուլի իրացման ծավալների մեծացումը: Առանց այդ էլ մամուլի «ազատությունից» գլխացավանքը քիչ չէ: Հեռուստաալիքները, որոնք գրեթե ամբողջությամբ իշխանական քարոզչություն են իրականացնում, ինֆորմացիոն շուկայի մենատերեր են դարձել: Եվ դա շատ ավելի հարմար, վերահսկելի ու շահեկան է իշխանության համար:

Հայ գյուղացիների ընթերցասիրությունը սեզոնային բնույթ ունի

Փոստային կապի աշխատողները հետաքրքրական մի իրողություն են նկատել: Գյուղերում թերթեր կարդում են միայն ձմռանը: Գարունը բացվելուն պես, հետո ամռանն ու աշնանը, գյուղացու ողջ ընտանիքը, մեծից մինչեւ փոքր, լուսաբացից մինչ մայրամուտ ոտքի վրա է, հողի ու անասունի հետ: Եվ գյուղացիները միայն ձմռան ամիսների համար են բաժանորդագրվում: Ըստ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Գեւորգ Նալբանդյանի, այս տարվա բքառատ ձմռանը, երբ ճանապարհները փակ էին, ընդամենը 3 օր ընդհատվեց պարբերականների առաքումը գյուղեր:

Եվս մի հետաքրքրական փաստ. գյուղերում փոստային բաժանմունքները սովորաբար «գեղամիջում» են, ուր հավաքվում են գյուղի տարեցները, զրուցում աշխարհի անցուդարձից: Եվ եթե փոստը նույնիսկ մի թերթ է ստանում, ողջ «գեղամեջը» կարդում է: Հետո թերթը խնամքով ծալում են, հետ ուղարկում, իբր չի վաճառվել: Նրանք էլ տնտեսում են «Հայփոստի» հաշվին:

Թռչնագրիպը սրբագրել է նաեւ փոստային առաքումների տեսականին

Հայաստանից դուրս փոստային առաքումների մեջ նամակային թղթակցություններն են գերակշռում, հակառակ ուղղությամբ` ծանրոցները:

Թռչնագրիպի ուրվականից վախեցած Եվրոպան ու ամերիկյան մայր ցամաքն այս տարվա հունվարից ծանրոցների ու փաթեթների առաքման խստացված կանոններ սահմանեցին, որոնք տարածվում են, բնականաբար, նաեւ Հայաստանից դուրս ու ներս առաքումների վրա: Ծխախոտից բացի, որի արգելքը շատ ավելի վաղ էր սահմանվել, ջերմամշակում չանցած ամեն տեսակի մթերք արգելվում է դնել ծանրոցի մեջ: Սակայն եթե մթերքը գործարանային փաթեթավորում ունի, առաքումը թույլատրվում է: Հակառակ դեպքում մաքսատունն իրավունք ունի բռնագրավելու դրանք: Իսկ ընդհանրապես, միջազգային կանոնակարգով, փոստային առաքանիներով արգելվում է զենքի, զինամթերքի, թմրանյութերի, դրամի, բանկային տոմսերի, ոսկերչական արտադրանքի, անձնական գրագրության եւ այլ բնույթի փաստաթղթերի փոխադրումը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4