Թեհրանում Հայաստանի դեսպանությունից ստացված տեղեկությամբ, մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16.50-ին Շարժայից Քարաջ չարտերային չվերթն իրականացնող եւ Հայաստանում գրանցված «Ֆենիքս» ընկերությանը պատկանող «ԱՆ-12» բեռնատար օդանավը Քարաջից թռչելիս բախվել է թռչունների երամին, որի պատճառով շարքից դուրս են եկել օդանավի չորս շարժիչներից երեքը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը, օդանավի 12 հոգանոց (11-ը ՀՀ քաղաքացիներ, 1-ըՙ ուկրաինացի) անձնակազմին հաջողվել է վթարային վայրէջք կատարել Քարաջի մոտակայքում: Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր, օդանավն այրվել է: Անձնակազմի չորս անդամներ ստացել են թեթեւ վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ Իրանի ոստիկանության, երեքշաբթի երեկոյան ինքնաթիռի անձնակազմը հարկադրված վայրէջք է հայցել Իրանում, սակայն վթարային վայրէջք է կատարել օդանավակայան չհասած: