Էկոլոգները արդյունաբերողների աչքի փուշն են դարձել
Զանգեզուրի պղնձաձուլական գործարանը բնապահպանության նախարարություն է ներկայացրել բնապահպանական միջնաժամկետ միջոցառումների հերթական ծրագիրը, ըստ որի որոշակի միջանկյալ միջոցներով պիտի հասնեն արտանետումների նվազման: Ըստ «Էյ սի փի»` «Armenian copper programme» («Հայկական պղնձի ծրագիր») ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի, իրենք հույս ունեն արտանետումների քանակը առնվազն կիսով չափ կրճատել: Այսօր ձեռնարկությունը տարեկան արտանետում է 24 հազար տոննա ծծմբի երկօքսիդ, որը սահմանված նորմաները գերազանցում է 1,6-ից 1,8 անգամ: Պղնձագործների իրավասուները նաեւ պնդում են, որ պղնձաձուլական գործարանի արտանետումներից ազատվելու, բնությունն աղտոտումից փրկելու ուղին հզորությունների բազմապատկումն է, որոնք թույլ կտան տնտեսապես շահավետ ծծմբական թթու արտադրել: Գործարանն այդպիսի հզորություններ չունի, ներկա տեխնոլոգիաներն այդպիսի հնարավորություն չեն տալիս: Այդ հզորություններն անհնար է բազմապատկել, եթե ձեռնարկությունը հումքով ապահովված չէ: «Այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն Թեղուտի հանքավայրի շահագործմամբ, երբ կունենաք շատ ավելի մեծաքանակ խտանյութ, քան հիմա»: Այսպիսի հակափաստարկով են նրանք փորձում արդարացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, որի պատճառով հսկայական հեկտարներով անտառներ կոչնչանան:
Բնությունն ու տեղացիների առողջությունը արտանետումների թույներից ազատելու շատ տարօրինակ միջոց են առաջարկում մեր տնտեսվարողները: Անտառի ոչնչացումը տարիների ընթացքում նույն խնդրի առաջ է կանգնեցնելու տեղացի բնակչությանը: Անապատացած, չոր ու անկենդան բնությունը, սողանքների դեմ անպաշտպան դարձած հողն այս անգամ նաեւ տեխնածին աղետների պատճառ կդառնան: Օրինակն արդեն կա Ճոճկան գյուղից քիչ ներքեւի հատվածում: Այստեղ խճի գործարանի շահագործումն ամայացրել է տարածքը, շրջակայքից քշել կենդանիներին, ոչնչացրել բույսերին, իսկ այստեղ անտառվերականգնման խոստումները վաղուց մոռացվել են: Սա այն տարածքներից է, ուր հողն առատորեն վարակված է սողանքներով, եւ մշտապես միջոցառումներ են ձեռնարկվել փլուզումների դեմ: Այնպես որ, աչքը սարքելու համար պետք չէ նաեւ ունքը փչացնել:
Ալավերդու բնապահպանական հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Ռաֆիկ Ղազինյանը մատնացույց է անում մեկ այլ, ոչ նորահայտ խնդիր: Հատկապես մարզերում ու գյուղական բնակավայրերում, ուր ամեն ոք ու ամեն ինչ ամենքի աչքի առաջ են, էկոլոգների եւ արդյունաբերողների հակամարտությունը թշնամական մակարդակի է հասել: «Մենք ընդամենը ասում ենք` մի ոչնչացրեք բնությունը: Այս օրերը կանցնեն, եւ երբ ստիպված չենք լինի մի քանի աշխատատեղի համար վայրենություն անել, այն ժամանակ բնապահպանական խնդիրներն այլ կերպ կլուծվեն», ասում է Ղազինյանը, ակնարկելով բնապահպանական տասնյակ կազմակերպությունների ապարդյուն գործունեությունը:
Կ. Դ.