«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2006-03-28 | #56, 2006-03-29 | #57, 2006-03-30


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Հարգելի պրն Ա. Հովսեփյան

Հարկադրված եմ այս անգամ հրապարակավ ծանուցել այն ամենի մասին, ինչը մեկ անգամ արդեն հայտնել եմ 2005 թ.-ի օգոստոսի 8-ին Ձեզ ուղղված դիմումով, որն անպատասխան է մնացել: Դիմումով Ձեր ուշադրությունն էի հրավիրել Կոտայքի մարզի Գառնի գյուղում կատարվող անօրինականությունների վրա, որոնք սկսվել են մեկ տարի առաջ եւ շարունակվում են մինչ օրս, քանի որ ներկայացված փաստարկները ժամանակին դատախազությունում քննության չեն առնվել:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 13.01.05 թ. համարում տպագրված հայտարարության համաձայն` Կոտայքի մարզի Գառնի գյուղում 2005 թ. փետրվարի 14-ին տեղի է ունեցել պահուստային ֆոնդի հողերից 0,1 հա հողամասի վարձակալության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ եմ ներկայացրել եւ այդ օրը մասնակցել եմ մրցույթին, որի հաղթող է ճանաչվել գյուղի բնակիչներից մեկը, սակայն հետագայում հրաժարվել է վարձակալել հողամասը: Այնուհետեւ համայնքապետ Աշոտ Վարդանյանը հրաժարվել է կրկնամրցույթ նշանակել: Համայնքապետի անգործությունը վիճարկել եմ դատարանում, եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.07.05 թ.-ի ուժի մեջ մտած վճռով համայնքապետին պարտավորեցվել է կրկնամրցույթ հայտարարել: Միաժամանակ, դատարանի 10.05.05 թ.-ի որոշմամբ վարձակալության ներկայացված հողատարածքի նկատմամբ արգելանքի որոշում է կայացվել մինչեւ կրկնամրցույթ հայտարարելը:

Սակայն, դատաքննության փուլում համայնքապետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, մրցույթի հանված համայնքային սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողամասը վաճառել է կամ, ավելի ճիշտ, սեփական կարիքների համար դրա մի մասը փոխանակել է նույն գյուղի բնակիչ Քաջիկ Հայրապետյանին պատկանող խաղողի այգու հետ: Վերջինս շինարարական աշխատանքներ է սկսել իրեն չպատկանող հողատարածքում: Հողամասի մյուս մասը տիրապետման է հանձնել Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արամայիս Հարությունյանին:

2006 թ.-ի փետրվարի 20-ին համայնքապետը հարկադրված է եղել իրականացնել դատարանի վճիռը եւ կազմակերպել է ձեւական կրկնամրցույթ, որտեղ, նախապես ծրագրվածի համաձայն, շահող չպետք է լիներ, այդ իսկ պատճառով մրցույթում հաղթած անձը դարձյալ հրաժարվել է հողամասը վարձակալելուց: Կրկնամրցույթին չեն մասնակցել հողամասը փաստացի տիրապետող անձինք` Քաջիկ Հայրապետյանը եւ Արամայիս Հարությունյանը: Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանին ուղղված իմ այն հարցին, թե ինչի հիման վրա են վերոհիշյալ անձինք տիրապետում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, նա պատասխանել է, որ դրանք փաստաթղթով օրինականացված չեն, իսկ թե ինչու համայնքապետը ոչինչ չի ձեռնարկում համայնքային սեփականությունը նրանց ապօրինի տիրապետումից ազատելու համար, նա պատասխան չունի:

Հարգելի Ա. Հովսեփյան, հուսով եմ, որ դիմումում ներկայացված փաստարկները քննության չառնելու պատճառը դատախազության աշխատակցի կատարած անօրինականությունը քողարկելու նպատակ չի ունեցել: Չնայած, անհասկանալի է, թե ինչու է անտեսվել իմ խնդրանքը` գործը վերցնել գլխավոր դատախազության վարույթ: Այն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն ու հայտնվել դիմումը գրելու ժամանակամիջոցում դեռեւս դատախազի տեղակալ Արամայիս Հարությունյանի ձեռքում ու մնացել է անպատասխան:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակչուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4