Առատ աղբը մեր կենցաղի անբաժան ատրիբուտն է
«Կոշտ կենցաղային թափոնների խնդիրը կառավարությունն առաջնային պետք է դարձնի». սա էր երեկ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախաձեռնած քննարկման խնդրո առարկան: ՀԿ-ների գործունեությունն այս ասպարեզում լիովին անարդյունավետ է, քանի որ երկրում չկա որոշակի քաղաքականություն կենցաղային թափոններից անվնաս ազատվելու վերաբերյալ: Իհարկե, կա թափոնների մասին օրենք, սակայն ենթաօրենսդրական ակտերի բացակայության, քաղաքաշինության, առողջապահության նախարարությունների չհամակարգված գործողությունների պատճառով խնդրին առնչվող կազմակերպությունները չեն կարողանում աշխատել կամ աշխատում են մեկը մյուսից անկախ եւ անարդյունավետ:
Հայաստանի ոչ մի բնակավայրում չկա նորմալ գործող աղբավայր, գոնե մեկը, որ համապատասխանի նորմատիվային չափանիշների: Արդեն 5 տարի խոսվում է Նուբարաշենի աղբավայրում աղբավերամշակման գործարան կառուցելու մասին, որն իբր մեկ ռուսները պիտի նախաձեռնեն, մեկ իտալացիները կամ ճապոնացիները, բայց սկիզբը չի երեւում: Մինչդեռ դրա կառուցումը նաեւ տնտեսական օգուտ կարող էր տալ: Մասնագետները պնդում են, օրինակ, որ կարելի է օրգանական նյութերից բիոգազ ստանալ:
Աղբավայրերը ձեւավորվում են պատահական, հաճախ անթույլատրելի վայրերում: Կենցաղային մնացորդները լցնում են ձորերը, գետերի, առուների մեջ, ճանապարհամերձ հատվածներում, ավերում ու աղտոտում անտառները:
Աղբը տոքսիկ նյութերով հագեցնում է ոչ միայն հողը, այլեւ կերակուր դառնում տնային կենդանիների համար, մսի ու մսամթերքի միջոցով վերադառնում մեզ: Կենցաղային թափոնների մեջ գերակշռում են հիմնականում պոլիմերային նյութերը: Գյուղերում ավելի ու ավելի հաճախ են կովերի ու ոչխարների անկման դեպքեր արձանագրվում, որոնք սնվել են աղբավայրում եւ աղիքների խցանում ստացել: Քաղաքներում նույն վիճակն է: Երեւանի նույնիսկ կենտրոնական փողոցներում աղբի կուտակումները սովորական երեւույթ են: Աղբի հավաքման սակագները խիստ ցածր են, այնպես որ աղբահավաք մեքենաները հազվադեպ են կատարում իրենց գործը ե՛ւ քաղաքում, ե՛ւ գյուղում:
Աղբից Հայաստանում ազատվում են այրելու միջոցով, պոլիմերների այրման ընթացքում օդ են նետվում նաեւ դիօքսիններ, սնդիկ, ծանր մետաղներ, որոնք անտեսանելի ազդեցություն են գործում մարդու իմունային եւ նյարդային համակարգերի, վերարտադրողական ունակության վրա: Կանայք կարող են դառնալ ամուլ կամ վաղաժամ ծնունդներ ունենալ: «Արտաքին միջավայրի բացասական ներգործությունների հետեւանքով Հայաստանում աշխուժացել են էկոլոգիական հիվանդությունները: Վերջին տասնամյակում բավականին աճել է բնածին արատներով ծնված երեխաների թիվը», ասում է կազմակերպության փորձագետ Լիլիթ Սիմոնյանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ