«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2006-03-29 | #57, 2006-03-30 | #58, 2006-03-31


ՌԱԲԻՍ ԵՐԳԻ ԵՐԵԿՈՆԵՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԱՅԱՑԱՆ

Մոտ երկու շաբաթ առաջ Հանրային ռադիոյով հնչած ռեպորտաժներից մեկը, որն ամբողջովին ողողված էր ռաբիս երաժշտության սիրահարների քարկոծմամբ, ամենեւին չխանգարեց երկարատեւ սպասված համերգի կայացմանը: Նախ նշենք, որ հնչած ռեպորտաժի կապակցությամբ բացասական արձագանքներ էին ծագել այն մարդկանց շրջանակներում, ովքեր պարզապես սիրում եւ հաճույքով ունկնդրում են Ֆոլկ-պոպ, այսպես ասած ` ռաբիս ժանրը: Նրանց զայրույթի պատճառը ռադիոյում հնչած անպարկեշտ արտահայտությունն էր այն մասին, որ ռաբիս երգի սիրահարներն ու նման համերգի կազմակերպիչները ազգությամբ թուրք են եւ, որ նրանց երակներում ոչ թե հայի, այլ թուրքի արյուն է հոսում: Այսպես էր եթերում արտահայտվել հրապարակախոս, գրող Վահրամ Սահակյանը` հորդորելով քաղաքացիներին դառնալ իր համախոհը եւ այսուհետ արգելել ռաբիս ժանրի համերգների կազմակերպումը: Քաղաքացիներին, ոչ այնքան մտահոգել էր Վ. Սահակյանի դիրքորոշումը այդ ժանրի նկատմամբ, որքան իրենց հասցեագրված հայհոյանքը, ու նաեւ եթերից հնչած արտահայտությունն առ այն, որ այդ ժանրի ունկնդիրները պետք է ռաբիս երաժշտություն միայն մզկիթներում լսեն: Նշենք, որ խոսքը հիմնականում ուղղված էր մարտի 27-ին եւ 28-ին ազգային կրկեսում կայանալիք ռաբիս երգի երեկոների կազմակերպմանը:

Հնչած արտահայտության կապակցությամբ, համերգի կազմակերպիչ «Զարթոնք» ընկերության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը հարկ չհամարեց որեւէ արդարացումներ տալ, այլ պարզապես տեղեկացրեց, որ այդ համերգի կազմակերպման պատճառը հանդիսատեսի մեծ պահանջարկն է: Կազմակերպիչն ինքը հայտնեց իր այն մտահոգությունը, որ հասարակության շուրջ 70 տոկոսը այդ ժանրի երաժշտություն է սիրում, միաժամանակ նաեւ անարդարացի համարելով նրանց ցանկությունն անտեսելը: Նկատենք, որ այս տարվա հեռուստատեսային ամանորյա համերգային ծրագրերն ամբողջովին ողողված են եղել ռաբիս ժանրի երգերով, որոնք ի դեպ կատարել են հայազգի ճանաչված երգիչ-երգչուհիներ: Սա վկայում է այն մասին, որ հեռուստաընկերությունները նույնպես առաջնորդվել են պահանջարկի համաձայն:

Այն փաստը, որ հասարակության զգալի մասն իրոք ռաբիս ժանրի սիրահար է, դժբախտաբար, անհերքելի դարձավ հենց համերգի օրը: Դեռեւս համերգից մեկ ժամ առաջ, ռաբիս ժանրի երաժշտասեր հասարակությունը ամբողջովին շրջապատել էր կրկեսի տարածքը: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր առաջինը մուտք գործել դահլիճ` հային բնորոշ շտապողականությամբ: Նշենք, որ համերգի տոմսերը վաճառվում էին բավական թանկ` 1000-3500 դրամի սահմաններում: «Զարթոնքի» տնօրենը տեղեկացրեց, որ տոմսերը, ընդհակառակը, համեմատաբար էժան են սահմանվել` նկատի ունենալով անվճարունակ մարդկանց պարագան:

Հավելենք, որ դրամարկղերում արդեն սպառվել էին կայանալիք համերգների բոլոր տոմսերը: Երբ զրուցեցինք հանդիսատեսներից մի քանիսի հետ, պարզեցինք, որ նրանք ռաբիս ժանրի ջերմ երկրպագուներ են եւ նույնիսկ տոմս են գնել կայանալիք համերգի երկու օրերին էլ ներկա գտնվելու համար: Ներկաների թվում անհանար էր որեւէ տարիքային զանազանում անել, քանզի նրանց թվում կային ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ տարեցներ:

Իհարկե, ներկաներից ոչ բոլորն էին տեղյակ ռադիոլուրի եթերից հնչած արտահայտությանը, իսկ այդ մասին իրազեկված հանդիսատեսն էլ, սովորականի պես ուսերը թոթվելով ասաց` «Թուրք անվանել մարդկանց, ովքեր սպիտակցի Հայկո կամ այլ երգչի երգերն են սիրում, կարծում եմ թերարժեքության արդյունք է»: Ինչեւէ, հիշեցնենք, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այսուհանդերձ, սեփական մատի հետեւում թաքնվելը չի փրկի մեզ. ռաբիս երաժշտության սիրահարները մեծամասնություն են կազմում: Արգելելով կամ հայհոյելով չենք կարող վերացնել երեւույթը: Փոխարենը պետք է տարածենք եւ ժողովրդականացնենք մաքուր հայկական երաժշտություն:

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4