Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված են Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի միեւնույն խմբում: Նրանց միջեւ հանդիպումները խաղացանկով նախատեսված են հաջորդ տարվա աշնանը: Առայժմ պարզ չէ, թե այդ խաղերը որտեղ են կայանալու, թեեւ ըստ ընդունված կարգի մրցակիցները պետք է մեկական հանդիպում անցկացնեն սեփական եւ մրցակցի դաշտերում:
ՈւԵՖԱ-ն երեք հոգուց բաղկացած հատուկ հանձնախումբ է ստեղծել` որոշելու Հայաստան-Ադրբեջան մրցախաղերի անցկացման վայրը: Խմբում ընդգրկված են ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Պիեռ Ռավն Օմդալը, գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Շտրուդերը եւ գործկոմի անդամ Մեթյու Սպրենգերսը: Մայիսին հանձնախումբը հետազոտական այց կկատարի Բաքու եւ Երեւան, որի արդյունքների հիման վրա էլ վերջնական որոշում կընդունվի մրցախաղերի անցկացման վայրի վերաբերյալ:
Ընդհանրապես ՈւԵՖԱ-ի մրցակարգով խաղերը պետք է կայանան սեփական եւ մրցակցի դաշտերում: Սակայն հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, հնարավոր է ՈւԵՖԱ-ն բացառության կարգով թույլատրի հանդիպումներն անցկացնել չեզոք դաշտում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ