«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2006-03-30 | #58, 2006-03-31 | #59, 2006-04-01


ԲԱՔՈՒՆ ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ ՈՒԶՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՎԱՔԵԼ

Բաքուն պատրաստ է բանակցելու «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ», եթե վերջիններս իրենց ճանաչեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, բանակցությունները Ղարաբաղի հետ հնարավոր են, եթե Ղարաբաղի հայերը ոչ միայն իրենց ճանաչեն Ադրբեջանի քաղաքացիներ, այլեւ ընդունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա օրենքները, իսկ Հայաստանն էլ դուրս գա բանակցային գործընթացից:

«Սակայն վախենում եմ, որ Հայաստանն ինքը չի ցանկանում, որ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի Ղարաբաղի հայ համայնքի հետ», նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: Մամեդյարովի մատուցմամբ, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացում չլինի, ապա «Ադրբեջանն ստիպված կլինի դիմել հողերի ազատագրման ուժային միջոցների»:

Այս հայտարարություններին արձագանքել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը: Ըստ վերջինի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները երբեք չեն եղել եւ չեն լինի Ադրբեջանի քաղաքացիներ: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես հանդես են եկել կարգավորման բանակցություններում իրենց մասնակցության օգտինՙ առանց նախապայմանների:

«Պանարմենիան.նեթ»-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը չի կարող լուրջ վերաբերվել Ադրբեջանի դիվանագետների այդ հայտարարություններին եւ չի պատրաստվում դուրս գալ բանակցություններից:

Մեր կողմից ավելացնենք, որ նման հայտարարություններ անող Մամեդյարովը կամ էժանագին մեթոդներով սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր է լուծում, կամ էլ արտառոց պատրանքներ ունի: Հետաքրքրական է, թե այլեւս կարիք կլինի՞ բանակցության, եթե ղարաբաղցիներն ընդունեն Մամեդյարովի պայմանները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4