Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը բացասաբար է պատասխանում այս հարցին
«Դատելով ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունից, որտեղ նա նշում էր 2007 եւ 2008 թթ. ընտրությունները Հայաստանում ժողովրդավարական անցկացնելու անհրաժեշտության մասին, կարելի՞ է ենթադրել, որ եթե այստեղ խնդիրներ ծագեն, «Հազարամյակի մարտահրավերներ» Հայաստանի ծրագիրը կդադարեցվի»: Այս հարցն ուղղեցինք «Հազարամյակի մարտահրավերներ» պայմանագիր ստորագրելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին: Նախարարը նշեց, որ ի սկզբանե այս ծրագրի մեջ ընդգրկվում են այն պետությունները, որոնք բավարարում են ամերիկյան կողմի 16 չափանիշներին, որոնք ընդգրկված են 4 խմբերում: Եթե որեւէ խմբի երկու կամ երեք ցուցանիշի երկիրը չի բավարարում, ապա չի ընդգրկվում ծրագրի մեջ: Հայաստանն, ըստ Վարդան Խաչատրյանի, երկու տարի առաջ միայն մեկՙ մարդկային կապիտալում արված ներդրումներով (առողջապահության ոլորտում) չէր համապատասխանում այդ չափանիշին, բայց վերջին երկու տարիներին այստեղ ներդրված գումարներն էապես ավելացան եւ այդ խնդիրը վերացավ: Ինչ վերաբերում է ժողովրդավարության խմբի ցուցանիշներին, ապա 4-ից մեկում ապրիլի 12-13-ի դեպքերի պատճառով այդ ցուցանիշը «փոքր-ինչ հետ էր մնում», իսկ մնացածներըՙ ոչ: Եթե այդ ցուցանիշները չբավարարեն, հետագայում բնական է, որ աջակցությունը կդադարեցվի, բայց նման տարբերակը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անհավանական համարեց, ասելով, որ այդ ցուցանիշներն ապահովելը մեր պետությունը որդեգրել է ոչ թե զուտ այս ծրագրով աջակցություն ստանալու համար, այլ դրանք մեր երկրի գերակա խնդիրներն են:
Անդրադառնալով Հայաստանին 235,6 մլն դոլար արժողությամբ աջակցություն տրամադրելու պայմանագրին, Վարդան Խաչատրյանը վերստին թվարկեց այն ուղղությունները, որոնց վրա ծախսվելու են այդ գումարներըՙ գյուղական ճանապարհների եւ ոռոգման համակարգերի նորոգում: Նա հայտնեց, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր ստորագրած 8-րդ երկիրն է եւ հույս ունի գումարները ստանալ ավելի շուտ, քանի որ մեր ծրագրերն ամբողջական են եւ լրացուցիչ աշխատելու անհրաժեշտություն չկա: Կոնկրետ այս տարի 6 մլն դոլարն իրացնելու հնարավորություն կա:
Ներկայումս Հայաստանը գտնվում է այս ծրագրի երկրորդ փուլում, որն էՙ գնումների, վճարումների մասին պայմանագրերի կնքում, ֆինանսական կառավարման մարմնի եւ նրա գործադիր տնօրենի ընտրություն: Նախարարը տեղեկացրեց, որ վերջինիս պաշտոնին հավակնում է 48 մարդ, իսկ կառավարման մարմինը պետք է կազմված լինի կառավարության 6 ներկայացուցիչներից եւ հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչներից: Վերջիններս իրենք են ընտրելու այդ ներկայացուցիչներին, իսկ որպեսզի կառավարության ներկայացուցիչները իրենց մոտեցումը չպարտադրեն, հասարակական կազմակերպությունները կունենան վետոյի իրավունք: Դա ամերիկյան կողմի պայմաններից է: Ոռոգման եւ ճանապարհների նորոգման նոր գրասենյակներ չեն ստեղծվելու: Այդ ծրագրերն իրականացնելու են Համաշխարհային բանկի համապատասխան ԾԻԳ-երը:
Ինչպե՞ս կազդի այս ծրագիրը Հայաստանում ծրագրեր իրականացնող այլ դոնորների վրա: Այս հարցի առնչությամբ Վարդան Խաչատրյանն այն կարծիքը հայտնեց, որ այդ ազդեցությունը դրական կլինի, եւ դոնորներն ավելի վստահորեն ներդրումներ կկատարեն Հայաստանում: Նախարարն ընդգծեց, որ արտոնյալ վարկեր ստացող երկրների թվում դրանց արդյունավետ իրագործմամբ Հայաստանն առաջինն է, իսկ ՀԲ բոլոր վարկառուների մեջ նույն ցուցանիշներովՙ երրորդը: Ըստ Վարդան Խաչատրյանի, դա հնարավորություն կտա, որ մեր երկիրը առաջիկայում ստանա եւս 40 մլն լրացուցիչ գումար Համաշխարհային բանկից, իսկ 2008 թ.-ից, բացի արտոնյալ վարկերից, կստանա նաեւ առեւտրային վարկեր:
Վարդան Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ ապրիլի 10-15-ի շրջակայքում Հայաստան կայցելի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչը, իսկ հուլիսից կորպորացիան իր գրասենյակը կբացի Հայաստանում:
Հրազդանի ՋԷԿ-ը Ռուսաստանին
Շրջանառվող լուրերի առնչությամբ, ըստ որոնց գազի սակագնի իջեցման դիմաց Հայաստանը Ռուսաստանին է փոխանցում Հրազդանի ՋԷԿ-ը, Վարդան Խաչատրյանը ասաց, որ այդ մասին ինքը կարդացել է մամուլում, բայց չժխտեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի վերակառուցումը կիրականացնի ռուսական կողմը: Ավելին, 250 մլն ներդրումային ծրագրով այդ պայմանագիրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը շատ լավ գործարք համարեց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ