Վեց սպանության պատճառ դարձած բախումները տարածվում են այլ քաղաքներում
Մարտի 29-ին Դիարբեքիրում թուրքական անվտանգության ուժերի հետ բախումներում սպանվել էր երեք ցուցարար, 250-ըՙ վիրավորվել, իսկ 200-ըՙ ձերբակալվել: Ցույցերը տարածվել էին Սղերթում եւ Վանում: Սպանված երեք ցուցարարի հուղարկավորությունը նոր թափ էր հաղորդել բախումներին, որոնք մարտի 30-ին տարածվել էին նաեւ Բաթմանում: «Միլիեթի» տվյալներով, այս քաղաքը դուրս էր եկել վերահսկողությունից, այնտեղ արգելվել էր ելքն ու մուտքը, 12 մարդ վիրավորվել էր:
Նույն օրը Դիարբեքիրում, ըստ «Ռադիկալի», 15 հազարի հասնող ցուցարարներ, բացի վարչական շենքերը, բանկերի մասնաճյուղերն ու որոշ կուսակցությունների, հատկապես «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության քաղաքային վարչությունն այրելուց կամ ավերելուց, հարձակվել էին քաղաքի գլխավոր ոստիկանատան վրա: Զորք եւ 30 միավոր զրահատեխնիկայով համալրված թուրքական անվտանգության ուժերը ցուցարարների դեմ օգտագործել էին նաեւ ռազմական ուղղաթիռներ:
Այս ամենով հանդերձ, իշխանություններին չի հաջողվում վերահսկել ինչպես Դիարբեքիրն, այնպես էլ բախումների թատերաբեմ դարձած մյուս քաղաքները, որոնց մարտի 31-ին միացել է նաեւ Ստամբուլը: Բացառությամբ վերջինի, վերոհիշյալ քաղաքները կաթվածահար վիճակում են, որտեղ չեն գործում պետական հիմնարկները, ուսումնական հաստատությունները, ձեռնարկությունները, բանկերը եւ առեւտրի գրեթե բոլոր կետերը: Փակ են նաեւ քաղաքական կուսակցությունների վարչությունները: Պարզապես բախումները թեժ բնույթ են ստանում:
Երեկվա տվյալներով, թուրքական աղբյուրների համաձայն, Դիարբեքիրում սպանվածների թիվը հասել է 6-ի, որից 2-ը երեխա, վիրավորներինըՙ 257-ի: Ձերբակալվել է եւս 51 ցուցարար, որոնցից 48-ը կալանվել է: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Դիարբեքիրում ծայր առած ցույցերը, որոնք ծավալվում են երկրի այլ քաղաքներում, ունեն թուրք-քուրդ բախումների վերաճելու միտումներ, հատկապես երկրի քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ