Մոսկովյան թերթերից մեկն ընթերցողներին է ներկայացրել նոր նախագիծ, որ կոչվում է «Քաղաքագետները ԶԼՄ-ների աչքերով»: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչների վարկանիշին, որոնք առավել ակտիվ քննարկման առարկա են ռուսաստանյան մամուլում: Հաշվի են առնվել երկրի 1500 խոշորագույն ԶԼՄ-ների հրապարակումները:
Փետրվար-մարտ ամիսների երկու ցուցակներում` «Հիշատակվածությունը» եւ «Լրատվական բարենպաստումը» անվանումներով, ընդգրկված են 20 պետությունների ղեկավարներ: Առաջին աղյուսակի լիդերը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն է, որ բնավ էլ զարմանալի չէ: Բայց ահա Միխայիլ Սաակաշվիլին չորրորդն է, Իլհամ Ալիեւը` տասներորդը:
Սակայն բոլորի համար անսպասելիորեն երկրորդ ցուցակում լրատվական միջոցները իրենց առավելագույն «բարեհաճությունն» են հայտնել... Իլհամ Ալիեւին: Փորձագետները դա բացատրում են Պուտինի Ադրբեջան կատարած այցով, որը ակտիվորեն լուսաբանեցին Ռուսաստանի բոլոր ԶԼՄ-ները: Նրանց կարծիքով, բարեկամական է ե՛ւ ընդհանուր մթնոլորտը, ե՛ւ Ալիեւի անձնական վերաբերմունքը ռուսաց բարձրագույն ներկայացուցչի նկատմամբ:
Մնում է միայն ավելացնել, որ Հայաստանի նախագահի անունը ոչ մի տեղ չէր հիշատակված:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ