ՀՀԿ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
1990 թ. հիմնադրված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայ քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմքՙ ընդունել է Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք անդամներ ուրույն տեղ ունեն ՀՀԿ ղեկավար կազմում: Այս առումով, ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները:
ՀՀԿ ծնունդը օրգանապես կապված է նաեւ 1988 թ. ազգային ազատամարտի հետ: Եվ հենց այդ ազատամարտի սկզբում ձեւավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ ստեղծման համար: Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990 թ. ապրիլի 2-ին Երեւանում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը դարձավ:
Սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամներից բաղկացած ջոկատները ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար մղվող պայքարին:
1990 թ. մայիսի 27-ին այդ ջոկատները եղան Նուբարաշենում խորհրդային զորքերին դիմադրողների առաջին շարքերում: Նրանք ակտիվ գործունեություն ծավալեցին նաեւ խորհրդային բանակի զենք-զինամթերքի ազգայնացման եւ դրանք ՀՀ սահմանամերձ շրջաններ տեղափոխելու ուղղությամբ:
ՀՀԿ-ն եղել է Հայաստանում առաջին զինվորական գերեզմանատանՙ Եռաբլուր պանթեոնի հիմնադիրներից մեկը:
Կուսակցությունն իր զգալի ներդրումն է բերել կամավորական զինված ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներինՙ նպաստելով հանրապետությունում կարգուկանոնի հաստատմանը, իսկ ՀՀ կանոնավոր բանակի կազմավորումից հետո հայտարարել է իր ապառազմականացման մասին:
Հիմնադրման օրվանից մինչեւ 1997 թ. ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո կուսակցությունը ղեկավարում է Անդրանիկ Մարգարյանը:
ՀՀԿ-ն գումարել է 7 հերթական (1992, 1995, 1997, 1999, 2001, 2003, 2005 թթ.) եւ 2 արտահերթ (1996, 2002 թթ.) համագումար: 1999-ից վերացվել է կուսակցության նախագահի պաշտոնը, որը կրկին մտցվել է 2005-ին:
Մշտապես կարեւորելով միջկուսակցական կապերը` ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական դաշինքների ստեղծմանը: Կուսակցությունը եղել է Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ 1992 թ. ձեւավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից մեկը: ՀՀԿ-ն իր մասնակցությունն է բերել 1993 թ. կազմավորված Քաղաքացիական համաձայնության սահմանադրության խորհրդի աշխատանքներին:
1995 թ.-ին ՀՀԿ մասնակցությամբ ստեղծվել է «Հանրապետություն» նախընտրական միավորումը, սակայն Արցախի հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով 1998 թ. փետրվարին ՀՀԿ-ն դուրս է եկել միավորման կազմից:
1998 թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության եւ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածը ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: 1999 թ. Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ստեղծվեց «Միասնություն» նախընտրական դաշինքը:
1999 թ. խորհրդարանական ընտրություններից հետո աննախադեպ աճեց ՀՀԿ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Եթե 1990 թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորովՙ Աշոտ Նավասարդյան, 1995 թ. ընտրված առաջին գումարման Ազգային ժողովում` հինգ պատգամավորով, ապա 1999 թ. ընտրված երկրորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ-ն ամենամեծ թվով (երեք տասնյակ) պատգամավորներ ունեցող կուսակցությունն էր: Գործելով խորհրդարանական մեծամասնության «Միասնություն» խմբակցության կազմում` ՀՀԿ-ն 1999 թ. առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու կառավարության ձեւավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որի գլխավորած կառավարությունում կար ՀՀԿ անդամ մի քանի նախարար:
1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում` 2000 թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Նրա վարչապետության տարիներին ոչ միայն զգալի դրական տեղաշարժեր արձանագրվեցին երկրի տնտեսական ու պետական կառավարման համակարգերում, այլեւ էական աշխատանք տարվեց ազգային գաղափարախոսության կշիռը հասարակական եւ պետական կյանքում մեծացնելու ուղղությամբ:
Լինելով գաղափարական կառույց` ՀՀԿ-ն մշտապես կարեւորել է հասարակության մեջ իր գաղափարախոսության եւ դրանից բխող մոտեցումների տարածումն ու արմատավորումը: Այս նպատակին են հաջողությամբ ծառայել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը, «Ազգայնական» մատենաշարը, Ցեղակրոնությունը, Տարոնականությունը, Գարեգին Նժդեհի կյանքն ու գործը լուսաբանող, ազգային այլ թեմաներով բազմաթիվ քննական-վերլուծական գրքույկները, հիշատակի միջոցառումները, տոնախմբությունները, ուխտագնացությունները եւ այլն:
2001թ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ պետականորեն նշվեց Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակը. հանրապետության մի շարք կրթօջախներում, գիտական հաստատություններում պատշաճորեն նշվեց այդ տարեդարձը, հրատարակվեց Նժդեհի երկերի երկհատորյակը, Բուլղարիայից Հայաստան բերվեցին մեծ հայորդու գրչին պատկանող նորահայտ նյութեր եւ այլն:
2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ 1999 թ. համեմատ խորհրդարանում ավելացնել իր պատգամավորների թիվը. այժմ ՀՀԿ-ն նոր ձեւավորված խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:
Բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահին սատարող երեք քաղաքական ուժեր` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը ձեւավորեցին խորհրդարանական կոալիցիա եւ այն ամրագրեցին երեք կուսակցությունների ղեկավարների ստորագրած Հուշագրով:
Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը շարունակեց ղեկավարել ՀՀ կառավարությունը, որտեղ ՀՀԿ առաջադրմամբ յոթ նախարար է պաշտոնավարում: ԱԺ նախագահի տեղակալը եւ ԱԺ մշտական վեց հանձնաժողովներից երեքի նախագահները եւս ընտրվեցին Հանրապետական կուսակցությունից:
Այսպիսով, լայնորեն ներգրավված լինելով պետական կառավարման համակարգում ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀԿ-ն շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում մնալ իբրեւ նպատակ, գաղափարախոսություն եւ կենսագրություն ունեցող ազդեցիկ ուժ:
ՀՀԿ մամուլի ծառայություն