Ինչպես տեղեկացանք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, հանձնաժողովը երեկ քննարկել է «Արմենտելի» վարչական բողոքըՙ խտրական պայմանների կիրառման համար (գերիշխող դիրքի չարաշահում) ընկերությանը տուգանելու որոշման վերաբերյալ: Այդ որոշումը հանձնաժողովն ընդունել էր «Արմենտելի» բոնուսային ակցիայի առնչությամբ, ըստ որի բջջային պայմանագրային (SIM) կապի իր մեկ տարվա բաժանորդներին, որոշակի ժամաքանակով, մեկ րոպեն 2 դրամ սակագնով ընկերությունը միմյանց հետ կապվելու հնարավորություն էր տվել: Նույն արտոնությունը տրված էր նաեւ քաղաքային հեռախոսացանցին միանալիս, այն դեպքում, երբ նույն ցանցին միանալու համար շուկայի մյուս մասնակցիցՙ «Ղ-Տելեկոմից» փոխկապակցման պայմանագրով պահանջվում է մի քանի անգամ ավելի մեծ գումար:
«Արմենտելը» հանձնաժողովին հայտնել էր, որ վարույթը պետք է կասեցվեր, քանի որ միեւնույն խնդրի վերաբերյալ մեկ այլ պետական մարմինՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որոշում կայացրել էր: Սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտել է, որ օրենքը տարընթերցումների տեղիք չի տալիս, եւ տնտեսական մրցակցության խախտման կամ խաթարման դեպքում հանրապետությունում գնահատական տալու լիազորությունը վերապահված է իրեն:
Վարչական բողոքում «Արմենտելը» նաեւ նշել էր, որ հանձնաժողովի այն մոտեցումը, ըստ որի «Արմենտելի» վերոհիշյալ վարքագծի հետեւանքով մրցակիցը կարող էր դուրս մղվել շուկայից, հիմնավոր չէ, քանի որ մրցակիցը դուրս չի մղվել շուկայից: Սակայն, ըստ հանձնաժողովի, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը, ելնելով հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունից, սահմանում է, որ պետք է գնահատվի ընկերության վարքագիծը, այլ ոչ թե վարքագծի հետեւանքը: Նշվեց նաեւ, որ շուկայից դուրս մղվել չի նշանակում դադարել տվյալ շուկայում գործելուց կամ իսպառ «վերանալ», դա նաեւ այն է, երբ սահմանափակվում է նոր բաժանորդներ ձեռք բերելու ողջամիտ հնարավորությունը:
Վարչական բողոքի երրորդ կետով «Արմենտելը» խնդրել է տուգանքը նշանակելիս այն հաշվարկել ոչ թե բջջային կապի շուկայից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով, այլ բջջայինից դեպի ֆիքսված հեռախոսացանց կատարված զանգերից ստացված ընդհանուր հասույթի մեկ տոկոսի չափով: Սակայն այս դեպքում էլ օրենքում կոնկրետ խախտումների համար տուգանքի կոնկրետ չափեր են նշված, եւ հանձնաժողովը հայեցողաբար վարվելու լիազորություն չունի:
Վերոհիշյալ հիմնավորումներով ղեկավարվելով, հանձնաժողովը «Արմենտելի» վարչական բողոքը մերժել է:
Ա. Մ.