Երեկ «Արմավիա» ավիաընկերության 3 ինքնաթիռներին ավելացավ եւս մեկըՙ 2004 թ արտադրության «Աէրբաս Ա-319»: «Զվարթնոց» օդանավակայանում երեկ օծվեց ինքնաթիռն ու կոչվեց «Միկա»: Միքայել Բաղդասարովը նշեց, որ Հայաստանում ավիացիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ այսչափ «երիտասարդ» ինքնաթիռ ենք ներմուծում: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ավելացրեց, որ 4 հատ Ա-320 ինքնաթիռ ունեցել ենք, սակայն «դրանք տարեթվով հին եւ սպասարկման ոլորտի հետ կապված խնդիրներով ավելի հետ են, քան այս մեկը»: Նա տեղեկացրեց, որ «Արմավիան» առաջիկայում ուղեւորափոխադրումների ծավալը 20 տոկոսով ավելացնելու ծրագիր ունի: Ֆինանսական լիզինգով ձեռք բերված այս ինքնաթիռին մայիսին եւս մեկ «Ա-319» կավելանա:
Միքայել Բաղդասարովի գնահատմամբՙ այսօր Հայաստանում ավիաընկերությունների միջեւ բավականին մեծ մրցակցություն կա, ինչին դիմանալու համար «Արմավիան» ձգտում է տեխնիկայի եւ սպասարկման բարձր մակարդակ ապահովել:
Թ. Մ.