«Հայաստան ծառատունկ» (ՀԾ) ծրագրի շրջանակներում ամերիկուհի Կարլա Վեսլին հանրակրթական դպրոցի բնագիտության ուսուցիչների համար բնապահպանական ձեռնարկ կամ այլ կերպ ասածՙ դասագիրք-ուղեցույց է հեղինակել: Հետաքրքրական է դասագրքի բնաբանը` «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես»: Հիշեցնենք, որ «ՀԾ» ծրագիրը սփյուռքահայության աջակցությամբ 1994 թվականից Հայաստանում ծառ տնկելով է զբաղված: Մինչ այսօր Հայաստանի 900 բնակավայրերում, Գյումրիից մինչեւ Գորիս, տնկվել է 750 հազար ծառ: Այս տարի նախատեսում են եւս 170 հազարը: Այժմ կազմակերպությունը բնությունը պահպանելու այլ միջոց է որոշել կիրառել: Մեր երեխաները հաճախ կարող են անսխալ նշել աշխարհի ամենախոր լճի, ամենաբարձր լեռան անունը, բայց ինչ է հարեւան մարզի միջով հոսող գետի անունը, չգիտեն: Բնության ու մարդու ազնիվ հարաբերությունների հիմքը, բնության հետ շփվելու մշակույթը դեռահաս ու մանկական տարիքից պիտի դնել: Բնությունը սիրող մարդու ձեռքը չի գնա խանութ կամ սրճարան կառուցելու համար մի ծառ անգամ կտրել: Մեր դպրոցներում բնապահպանական գիտելիքներ ուսուցանվում են հընթացս, ձեռքի հետ, այլ առարկաների զուգորդությամբ: Առանձին առարկաներ չկան: Հետաքրքրական է, որ գրքի ամերիկուհի հեղինակը կրթական դրույթները փորձել է հիմնավորել իր համար օտար երկրի ու բնաշխարհի բաղադրիչների, իրեն անծանոթ հայ դասականների ստեղծագործությունների օրինակներով: Եվ ինքն էլ ընթացքում սովորել ու բացահայտել է մեր երկիրն իր համար: «Կրթական ծրագրերի իրագործման գրասենյակի «Կրթակարգ եւ գնահատում» ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանն ասում է, որ տարրական դասարաններում նախատեսվելիք «Ես եւ շրջակա միջավայրը» նոր առարկայի համար ձեռնարկը հիանալի դասագիրք կարող է լինել: