«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2006-03-30 | #58, 2006-03-31 | #59, 2006-04-01


6 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 11 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Փետրվարի 7-ից մարտի 14-ը կրթության նախարարությունը հավատարմագրման համար հայտ ներկայացրած մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանում ամփոփիչ ատեստավորման քննություններ է անցկացրել: Հավատարմագրման համար հայտ են ներկայացրել 20 մասնավոր ուսումնական հաստատություններ` 43 մասնագիտությունների գծով: Դրական ցուցանիշ է ապահովվել 29 մասնագիտությունների գծով: Հավատարմագրից եւ դրան մասնակցելու հետագա գործընթացից զրկվել են 6 ուսումնական հաստատությունների 11 մասնագիտությունների ուսուցումը: Բացասական արդյունքներ են գրանցվել հիմնականում իրավագիտություն ու ֆինանսներ եւ վարկ առարկաներից:

Մինչ բուն հավատարմագրման գործին անցնելը բուհերը անցնում են ինքնավերլուծության եւ անկախ մասնագետների իրականացրած փորձաքննությունների միջով, որոնք փաստորեն որակապես ցածր են եղել: ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության պետ Մհեր Մակիչյանի խոսքերով եւս, փորձաքննության ներկայիս գործընթացն իրեն չի արդարացնում եւ պետք է վերանայել: Ինչ վերաբերում է հավատարմագիր չստացած մասնագիտությունների հետագա ճակատագրին, ապա գործակալության պետը չի բացառում, որ բուհերն աստիճանաբար կհրաժարվեն այդ մասնագիտություններից: Թեպետ Մակիչյանը դեմ է կտրուկ փոփոխությունների:

Կան մի շարք ուսանողներ, որոնց սովորելու ընթացքում մասնավոր բուհը լուծարվել է, եւ նրանք այսօր կամ դիպլոմ չունեն, կամ էլ չգիտեն իրենց մասնագիտության հետագա ճակատագրի մասին: Նրանք ի՞նչ պետք է անեն հարցին գործակալության պետը պատասխանեց, որ չհավատարմագրված բուհ ավարտած ուսանողները մինչեւ ապրիլի 15-ը կարող են դիմել նախարարություն, որոնց համար կկազմակերպվի միասնական քննություն եւ որոնց կտրվի պետական նմուշի փաստաթուղթ:

Անդրադարձ եղավ մի ցավալի խնդրի եւս: Շուրջ երկու տասնյակ մասնավոր ուսումնական հաստատություններ հավատարմագիրը ստացել են ոչ թե կրթության նախարարության համապատասխան գործակալությունից, այլ դատարանից: Ստացվում է, որ գործակալությունը հավատարմագիր չի տվել, բայց դատարանն այլ վճիռ է կայացրել եւ հետաքրքրական է, որ նախարարությունը չի բողոքարկել: Մակիչյանը այս հարցին խուսափողական պատասխան տվեց` նշելով, որ դատարանի վճիռները միշտ չէ, որ վերաբերել են որակին եւ հիմնականում առնչվել են հավատարմագրման գործընթացների բացերին:

«Այսքան մասնավոր բուհերի առատությունն ավելորդ չէ՞, մանավանդ որ դրանք չեն ազդում կրթության որակի բարձրացման վրա» հարցին Մակիչյանը պատասխանեց, որ ուսումնական հաստատությունների քանակի վերաբերյալ օրենսդրական սահմանափակումներ չկան: Վերջինս ավելի շատ կարեւորեց այն հանգամանքը, որ ուսումնական հաստատությունները կարողանում են ուսումնական պրոցեսն ապահովել, եւ դասերը չեն անցկացնում մի քանի ուսանողներով: Թեպետ, Մ. Մակիչյանի խոսքերով, կան բուհեր, որոնց ուսանողների քանակը քիչ է: Ինչ վերաբերում է որակի ապահովման երաշխիքներին, գործակալության պետը կրկին դժվարացավ հստակ բան ասել:

Ի դեպ, հանրապետությունում կան 72 ոչ պետական բուհեր (25-26 հազար ուսանողներով), որոնցից հինգը օտարերկրյա հավատարմագրված բուհերի մասնաճյուղեր են, 28-ը ամբողջությամբ, 7-ը մասնակի են հավատարմագրվել, իսկ մյուսները գործընթացում են: Իսկ ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացը սկսվել է 2001 թ.-ից:

Բանախոսը հայտնեց նաեւ, որ իրենք պատրաստվում են կառավարությանը ներկայացնել հավատարմագրման նոր կարգի լրամշակված տարբերակը, որով նախատեսվում է անժամկետ հավատարմագրերի համար սահմանել 5-8 տարի ժամկետ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4