Մոնտե Կառլոյում ավարտվեց շախմատի ավանդական 15-րդ մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 216 հազար եվրո էր: 12 շախմատիստներ միմյանց հետ երկու պարտիաներից բաղկացած մրցախաղ էին անցկացնում, որոնցից մեկն առանց խաղատախտակին նայելու, մյուսն արագ շախմատի կանոններով:
Մրցաշարին առաջին անգամ մասնակցած Լեւոն Արոնյանն անհավասար մրցելույթներ ունեցավ: Մրցաշարի առաջին կեսում Արոնյանը բավական հաջող հանդես եկավ եւ առաջատարների թվում էր: Սակայն նրա խաղում անկում նկատվեց, ինչի պատճառով հայ շախմատիստը նահանջեց մրցաշարային աղյուսակում: Վերջին երեք տուրերը տարբեր կերպ դասավորվեցին Արոնյանի համար: 9-րդ տուրում Արոնյանն իր օգտին մեկ միավոր գրանցեց Բորիս Գելֆանդի հետ մրցաշարում: «Կույր» շախմատում Արոնյանը սպիտակներով զիջեց մրցակցին, իսկ ահա արագ շախմատի պարտիան շահեց: Հաջորդ տուրում Արոնյանը մրցեց առաջատարներից մեկիՙ Վիշվանաթան Անանդի հետ եւ ընդամենը կես միավոր վաստակեցՙ ոչ-ոքի ավարտելով արագ շախմատի պարտիան:
Դեռ լավ է, որ ավարտական տուրում Արոնյանը կարծես կրկին վերագտավ իր խաղը եւ երկու պարտիաներում էլ պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին: Այդ հաղթանակների շնորհիվ Արոնյանին հաջողվեց զգալիորեն բարելավել մրցաշարային վիճակը: Նա 22 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ Բորիս Գելֆանդի հետ բաժանեց 7-8-րդ տեղերը: Անցկացրած 22 պարտիաներում Արոնյանը տոնեց 7 հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեց ոչ-ոքի, 8-ում պարտվեց: Ընդ որում, Լեւոնը թույլ խաղաց «կույր» շախմատումՙ 11 պարտիաներում վաստակելով ընդամենը 4 միավոր (+2=4-5): Իսկ ահա արագ շախմատում նրա արդյունքը համեմատաբար բարձր էրՙ 6,5 միավոր (+5=3-3):
Մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն ու ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, որոնք վաստակեցին 14,5-ական միավոր: Ավարտական տուրից առաջ մրցաշարի միանձնյա առաջատարը Վիշվանաթան Անանդն էր (13,5 միավոր), որը կես միավորով առաջ էր անցել Ալեքսանդր Մորոզեւիչից: Վերջին տուրում Անանդը Թոփալովի հետ երկու պարտիաներում էլ խաղաղ դաշն կնքեց: Իսկ ահա Մորոզեւիչը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց վան Վելիին եւ արդյունքում հավասարվեց Անանդին:
Հետաքրքրական է, որ Մորոզեւիչը լավագույն արդյունք ցույց տվեց «կույր» շախմատում (9,5 միավոր), իսկ Անանդն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց արագ շախմատի պարտիաներում (8 միավոր): Արագ շախմատում Արոնյանը 6,5 միավորով Վեսելին Թոփալովի հետ բաժանեց 2-3-րդ տեղը:
Բավական հաջող հանդես եկավ իսպանացի գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալյեխոն, որը 12 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Ավարտական տուրում Վալյեխոն 0,5-1,5 հաշվով պարտվեց Լեկոյին: Մրցաշարի մյուս մասնակիցների ամփոփիչ արդյունքներն այսպիսին են. Ալեքսանդր Գրիշչուկՙ 11,5, Պետեր Լեկոՙ 11, Վեսելին Թոփալովՙ 11, Լեւոն Արոնյանՙ 10,5, Բորիս Գելֆանդՙ 10,5, Լյուկ վան Վելիՙ 10, Պյոտր Սվիդլերՙ 9,5, Վասիլի Իվանչուկՙ 9, Պետեր Նիլսենՙ 8:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ