Ութսունիս առթիվ այդ «21 օգոստոս 2005» վերնագիրը դրած, անակնկալ ներշնչումով երկու օրում վերի էջերը գրելուց հետո, կրկին անշարժացում գրամեքենայիս առաջ: Ձեռքս չի գնում շարունակելու օրագրիս մշակումը 1980-ից հետո: Կարծես «այնտեղ» չեմ այլեւս, ինչպես էի երեք տարի օրը-օրին: Դարակից հանել, առջեւս դիզել եմ հետագա օրագրային տետրերսՙ ավելի հաստ: Նախ գուցե կարդա՞մ, տեսնեմ: Թերթում եմ այստեղից-այնտեղից, չէ, սիրտ չունեմ այդ ամբողջը կարդալու: Հաշվեցի էջերը: Աստված իմ, ավելի քան 800 էջ: Հետզհետե ավելի մանրատառ խիտ էջեր իմ ուղիղ տողերով, առանց ջնջումների: Այդ զանգվածի մեծագույն մասը գրված է 1988-ից սկսյալ, երբ տագնապահույզ ցնցումներով սասանվում, շրջափոխվում էր ամեն ինչ սովետական համակարգի փլուզումով: Ամբողջ կյանքը այս երկրում: Եվ իրավիճակն էլ աշխարհում: Շրջափոխվում էր ասես պղնձաձայն դիսսոնանտ ակորդներով:
Փաստորեն մեր ղարաբաղյան շարժումից սկսյալՙ 1988-ի փետրվարին...
Այդ օրերին ես Կիպրոսում էի, իմ «Alma mater Մելգոնյանում դասախոսելու հրավիրված երկու ամսով: Թողնում եմ տետրերը, միտքս ետ է գնում տասնյոթ տարի: Այն օ՜րը մանավանդ... Սգավոր էր սիրտս, հիվանդանոցում մահացել էր, գրեթե ութսուն տարեկան, իմ սիրելի ուսուցիչ Շեոհմելյանը: Միտքս գնում է ավելի ետ. 1980-ին նա Սոսիի եւ Գեւորգի հետ, որոնք իմ աշակերտներն էին եղել ժամանակին, գիշերով Նիկոսիայից եկել էր Լիմասոլՙ անձամբ դիմավորելու ինձ, երբ միջերկրականյան մեր այն կրուիզի նավը առավոտյան մութուլույսին կառանում էր նավահանգստում: Դա ի՜նչ հուզիչ անակնկալ էր ինձ համար. պարզվեց, որ Սոսիին զանգ էր տվել իր ավագ քույրը Երեւանիցՙ հին մելգոնյանցի իմ ընկերուհի Շաքեն, թե կրուիզի չվացուցակով այդ օրը Կիպրոս եմ գալու մեկ օրով միայն: Հետո 1987-ի ապրիլին ԿԻպրոս էի հրավիրվել «Մշակույթի շաբաթին» մասնակցելու դասախոսություններով, նախ իսկույն եւեթ այցելել էի ուսուցչիս, որ հիվանդ էր տանը փակված, բայց մեկեն աշխուժացավ առաջվա նման խոսք ու զրույցով: Իրեն ուղարկած իմ գրքերի «փիլիսոփայությունն» էլ վերլուծեց, իսկ ես ժպիտով արձագանքեցի, թե երբեք չեմ մոռացել տասնյոթ տարեկանիս իր ասածը ինձՙ «Դուն զգացումներով փիլիսոփայելու եւ պատմելու շնորհք մը ունիս, տղաս»: Նա շատ ուրախացավ իր այդ խոսքը հիշելուս: Քանիցս չթողեց, որ վեր կենամ շատ չհոգնեցնելու համար իրեն, ու երկու ժամ այդ սիրտ-սրտի զրույցի վերջում ասաց. «Նոր կյանք տվիր ինծի, տղաս»: Իսկ այս անգամ չկարողացա իսկ տեսնել իրեն. վիճակը ծանրացել էր, տարել էին հիվանդանոց: Եվ ահա հանկարծՙ մահացել է սիրելի ուսուցիչս: Մոտ տասը տարի առաջՙ Գեւորգյանը: Հիմաՙ Շեոհմելյանը: Պատանեկությանս հարազատացած մի կենդանի կապ եւս կտրվեց...
Այո, այդ նույն օրն էրՙ ինձ ճաշի հրավիրեցին Ագապին եւ իր ամուսին Գալուստը: Ագապինՙ հին մելգոնյանցի ընկերուհի, պատմաբան, Մելգոնյանի տնօրենուհին այն ժամանակ, իսկ Գալուստի հետ անցյալ տարի մտերմացել էինք «եղբոր նման»: Առեւտրական գործի տեր, նախանձնախնդիր ազգային հարցերիՙ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, լուրջ եւ զսպորեն ջերմսիրտ մարդ: Տեղական անգլերեն թերթը կար մոտը, բաց արեց ու ասաց.
- Այս ինչե՞ր կըլլան կոր Հայաստան եւ Ղարաբաղ...
- Ինչե՞ր,- անհանգստացա մեկեն:- Լուր չունիմ:
- Կարդա տես...
Այդպես իմացա առաջին անգամ: Երեւանում եւ Ստեփանակերտում զանգվածային ցույցեր: Պահանջՙ Ղարաբաղը միացնելու Հայաստանին: Ղարաբաղը նույնիսկ որոշում է ընդունել պաշտոնապես ներկայացնելու պահանջը: Մոսկվան իսկույն մերժել է պաշտոնական դիմումը, կոչ արել Հայաստանի, Ադրբեջանի պարտիական ղեկավարություններինՙ կարգավորել դրությունը: Եվ իսկույն էլ Մոսկվայից ուղարկված պարտիական էմիսարներ են եկել Ղարաբաղ, Բաքու, Երեւանՙ շիփ-շիտակ հայտնելու, թե սահմանային փոփոխություններ չեն լինելու հանրապետությունների միջեւ: Կարեն Դեմիրճյանը հեռուստացույցով ելույթ է ունեցել հանգստացնելու ժողովրդին եւ ասել, որ սահմանային հարցեր լուծել անկարելի է: Ժողովուրդն ավելի է գրգռվել:
Միանգամիցՙ շշմեցուցիչ էր ինձ համար այս բոլորը, որ հաղորդել է Լոնդոնի BBC-ն: Որքանո՞վ է ճիշտ: Իսկ ես այնտեղ չե՜մ...
- Քանի մը օր առաջ հոս մեր Կիպրոսի նախագահական ընտրություններուն ճիշտ կանխատեսեցիր, որ Վասիլիուն պիտի հաղթե: Ասո՞ր ինչ կըսես հիմա,- ասում էր Գալուստը, իսկ Ագապին ակնդետ նայում էր ինձ:
- Ձեր ընտրությունները աչքովս տեսա հոս,- պատասխանեցի:- Տեսա, լսեցի հեռատեսիլով Կլերիդիսի եւ Վասիլիուի բանավեճը ժողովուրդին առջեւ: Դուք ձեր նկատառումներով կողմ էիք Վասիլիուին, իսկ ես, դրսի մարդ, համակրեցա անոր բարեկիրթ, համեստորեն ինքնավստահ դեմքին ու պահվածքին, մյուսը չսիրեցի: Այդ հրապարակային բանավեճը նորություն էր ինծի համար: Դուք ալ գիտեք, որ մեզ մոտ այդպիսի բան չկա, չի կրնար ըլլալ... Իսկ այս թերթին մեջ կարդացածս հիմաՙ զանգվածային ցույցե՞ր հոն, մեզ մոտ... Եվ հոն ալ չեմ հիմա: Ի՞նչ կրնամ ըսել, ի՞նչ կանխատեսել...
Չասացի, սակայն, որ այդ պահին գտնվելով Հայաստանից հեռու, ոչ թե Երեւանում զանգվածային ցույցի մեջ, սրտիս խորքում տագնապ ծնվեց թերթի այդ լուրերից, եթե կարելի է կանխատեսում կոչել այդ տագնապը, ավելի ճիշտՙ կանխազգացում: Սփյուռքահայ բարեկամներիս աչքին ես «հայաստանցի» եմ միայն, ոմանց համար էլ հին մելգոնյացի ընկեր, բայց ես 42 տարվա սովետական քաղաքացի եմ նաեւ, մի ամբողջ կյանք եմ ապրել սովետական իշխանության տակ, որի ինչ լինելը շատ լավ գիտեմ...
- Բայց վերջապես պիտի լուծվի՞ Ղարաբաղի, Նախիջեւանի այս հարցը,- վրա բերեց Ագապին հուզական շեշտերով:- Պիտի շտկվի՞ պատմական աղաղակող անարդարությունը...
Անշուշտ, ես ավելի էի հուզված, քան իրենք, ու երեկոյան, մենակ նստածՙ դպրոցի մոտ եռահարկ մի շենքի մեջ հերթապահ-հսկիչ Մոմճյանի համար վարձված բնակարանում, ուր ինձ սենյակ էին հատկացրել, մտածում էի, մտածում: Հիշում էի, որ վերջերս ավելի հաճախ էր խոսվում Ղարաբաղի հարցի մասին: Առավել եւս մեր Գրողների միության ժողովներում: Գորբաչովյան «պերեստրոյկան» բացել էր բերանները: Մանավանդ այն բանից հետո, երբ անցյալ տարի ղարաբաղցի հայերը 75000 ստորագրություններով նամակ էին հղել հենց իրենՙ Գորբաչովին, ներկայացնելով իրենց ինքնավար մարզը մայր Հայաստանին միացնելու վաղեմի պահանջը, այսինքն հենց «շտկելու» իրենց հանդեպ կատարված անարդարությունը: Եվ ոչ մի պատասխան նամակին, քար լռություն: Ղարաբաղը այժմ դիմել է պաշտոնապես, ժողովուրդն էլ ոտքի է ելել ցույցերովՙ նաեւ Հայաստանում, եւ այս անգամ իսկույն մերժումով է պատասխանել Մոսկվան, պարտիական էմիսարներ է ուղարկել ժողովրդին լռեցնելու, բայց ժողովուրդն ավելի է գրգռվել: Ի՞նչ է կատարվում հիմա այնտեղ...
Քաղաքի մութ, ամայի ծայրին այդ շենքի երրորդ հարկում մեն-մենակ նստած, դուրսն էլ քամի ու անձրեւՙ մտածում, մտածում էի, սրտումս հարաճուն տագնապ, հարազատներիս համար էլ մտահոգ: Լավ է, իրենց մեքենայով եկան Երանուհին եւ Օննիկըՙ իմ նոր բարեկամներս: Անցյալ տարի էինք ծանոթացել, այս տարի շատ մտերմացել իրենց սրտալիր վերաբերմունքով: Գրեթե ամեն իրիկուն գալիս էին հանելու ինձ մենակությունից, ամեն անգամ տանում որեւէ հաճոյալի տեղ, երեկոս լցվում էր դիտողականությանս հագուրդ տվող տպավորություններով եւ, անշուշտ, Երանուհու գրական հետաքրքրությունների առթած զրույցով, ինքն էլ գեղանի հայուհի, որ սրտիս ուրախություն էր տալիսՙ ոչ միայն «ուսումնասիրելով» կարդացած լինելով գրքերս, այլեւ գեղեցիկ դեմքին մի քիչ ռոմանտիկ ոգեւորությամբ խոսելով դրանց մասին: Այս անգամ ինձ ուղղակի իրենց տունը տարան: Հազիվ նստել էի այդ ջերմ տանը «իմ սիրած» բազկաթոռին, մեկ էլ Օննիկը ինձ կանչեց հեռախոսի մոտ: Առանց ինձ ասելու զանգ էր տվել Երեւան մեր տուն, միացել էր: Օննիկի այդ անակնկալից զգացվածՙ վերցրի լսափողը, իսկ մյուս ծայրին Մարիամը շշմել ուրախացել էր անակնկալ զանգից: Դեռ չէի հասցրել, որ հարցնեմՙ ինչ կա-չկա, երեխաներն ինչպես են, ինքը մեկեն ասաց.
- Է՜հ, տեսնեիր ինչե՜ր եղան այստեղ, ու դեռ...
Ձայնը չքացավ հանկարծ:
- Լսի՜ր, Մարիամ,- ասում եմ,- լսո՞ւմ ես... Հովիկը, երեխաները...
Մութ լռություն լսափողի մեջ: Օննիկը դարձյալ ու դարձյալ փորձեց կապվել, զարմանում էր, թե ինչու չի միանում: Բայց ինձ համար պարզ էր արդեն: Ասացիՙ անօգուտ է, էլ չփորձի...
Հաջորդ օրերին ականջս ռադիոյին էր: Հայաստանը եւ Ղարաբաղը առաջնահերթ լուր ոչ միայն Լոնդոնի BBC-ից, այլեւ աշխարհի ուրիշ ռադիոկայաններից, որ լսում եմ անգլերեն, ֆրանսերեն, հունարեն: Ուրեմն, հայկական հարցը, դարձյա՜լ, կանգնել է աշխարհի աչքին: Ուղղակի ասվում է, որ հայերն իրենց իրավունքն են պահանջում, բայց Ղարաբաղի հարցը լուրջ փորձություն է պերեստրոյկայի նոր քաղաքականության համար: Իսկ հայ ցուցարարները հենց այդ նոր քաղաքականության կարգախոսներն են բարձրացրել Գորբաչովի դիմանկարների հետ: Ցուցարարների թիվը բազմանում է օրեցօր, ամեն կողմից ու «դրսից» էլ գալիս են Երեւանՙ հարյուր հազարներ: Մեկնաբանություններ եմ լսում Լոնդոնից, ասվում է, որ «an entire people» ոտքի է ելել իրավունք պահանջելու, բայց «sober and civilized» ցույցերով, ոչ մի հակասովետական, հակառուսական շեշտ: Ասվում է, որ Վազգեն Ա կաթողիկոսն էլ կոչով դիմել է Գորբաչովին: Ասվում է, որ Գորբաչովը իբր սովետական ղեկավարի համար «unprecedented» ելույթ է ունեցել հեռուստացույցով, դիմել ժողովրդին, ազգային հարցի մասին անորոշ խոսքերով կոչ է արել վերադառնալ նորմալ վիճակի, այլապես հետեւանքները կարող են լուրջ լինել: Եվ ցուցարարների թիվը Երեւանում հասել է միլիոնի: Միլիո՞ն: Հավատալս չի գալիս: Մեծ երկրներում անգամ հազվադեպ են լինում միլիոնանոց ցույցեր: Ու մեր փոքր Հայաստանո՞ւմ: Երեւանո՞ւմ...
(Մի երկու ամիս առաջ էր, այս 2005-ին, բուկինիստական խանութում ձեռքս անցավ Նիկոլայ Ռիժկովիՙ այն ժամանակ ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի հուշապատումըՙ կպՐպրՑՐՏռՍՈ; ՌրՑՏՐՌÿ տՐպՊՈՑպսՖրՑՉ նշանակալից վերնագրով, լույս տեսած 1992-ին, այսինքն Սովետական Միության փլուզումից հետո: Ահա, դեռ սեղանիս է այդ անկեղծ ու անձնական դրոշմով էլ կենդանի, լավ գրված գիրքը, որ գրավեց, կարդացի հետաքրքրությամբ ու հաճույքով, նույնիսկ վերընթերցեցի ավելի ուշադիր: Ահա 203-րդ էջում. Խ 26 ՒպՉՐՈսÿ ՑՏսՖՍՏ Չ ժՐպՉՈվպ փՌրսՏ ՊպՎՏվրՑՐՈվՑՏՉ ՉօՐՏրսՏ ՊՏ ՎՌսսՌՏվՈ. Ինքն է վկայումՙ Ռիժկովը, տարակուսանք էլ հայտնելով իր իսկ չակերտած «պարտիական վարչության» այդպիսի վարվելակերպի մասին նման արտակարգ իրավիճակումՙ պարտիական ոչ ամենաբարձրադիր «էմիսարներ» ուղարկել այն «սովորակի» մտայնությամբ, թե հենց «պարտիական վարչությունը» ամեն ինչ կարգի կբերի տեղում:)
Թեպետ հավատալս չէր գալիս, ցնցել էր ինձ, սակայն, այդ «միլիոնը», որի մասին, գտնվելով Հայաստանից հեռու, լսում էի օտար ռադիոկայաններից, նաեւ տեսա էկրանին, երբ ցույց տրվեց Կիպրոսի հեռուստահաղորդմամբ: Հեռվից հայացքով, միաժամանակ մտովի այդ միլիոնի մեջ, տարօրինակ մի զգացում տիրեց ինձՙ ասեմ պատմակա՞ն հայացք, պատմակա՞ն զգացում: Սա այլեւս ոչ թե Հայոց ցեղասպանության նահատակների միլիոնն էՙ մեկուկես, երկու: Ոչ էլ աշխարհացրիվ հայ միլիոն գաղթականներըՙ իրենց վերաբերյալ այն կարեկի՞ց թե նվաստացուցիչ հորջորջումով ժամանակինՙ «starving Armenians», որն արտասահմանյան տուրիստների խմբում ավստրալուհի տարեց մի տիկին անբարեկրթությունն ունեցավ հիշեցնելու ինձ մի քանի տարի առաջ Սեւանում: Սա ուրիշ միլիոն է արդենՙ «an entire people» ոտքի ելած, որ «sober and civilized» պահանջում է գոնե Ղարաբաղի հարցում շտկել կատարված անարդարությունը իր հանդեպ: Որախանա՞ս, որ մեր ժողովուրդն արդեն հանդես է գալիս որպես այդպիսի միլիոն աշխարհի աչքին: Բայց տագնա՜պը սրտիս խորքում...
Հուղարկավորում ենք իմ հանգուցյալ ուսուցիչ Շեոհմելյանին: Հոծ բազմություն հայոց եկեղեցում հոգեհանգստյան արարողությանը, հայերի հետ նաեւ տեղացի հույներ, նույնիսկ անգլիացիներ: Շքեղ դագաղի առաջ դամբանական խոսքեր են հաջորդում իրարՙ Կիպրոսի կառավարության կողմից, նաեւ այլ հաստատություններից, բարձր գնահատելով նրա վաստակաշատ երախտիքը կղզու կրթական եւ մշակութային կյանքում: Վերջում ինքս խոսեցի իր հազարավոր հայ երախտագետ աշակերտների կողմից, որոնց նա մեծ եղբոր նման է նայել միշտ իր բարի, բացսիրտ, որքան ողջամիտ, նույնքան ռոմանտիկ, երբեմն սենտիմենտալ ու ի բնե միամտացող հոգիովՙ թե՛ Մելգոնյանում, թե՛ ուրիշ հայ կրթօջախներում: Հետո եկեղեցուց դեպի Նիկոսիայի հայոց գերեզմանատուն շարժվեց հուղարկավորումը: Ես Ագապիի ու Գալուստի հետ եմ իրենց մեքենայում: Հասանք: Բայց... սա՞ ինչ է: Ինչո՞ւ հուղարկավորների հոծ բազմությունը, դարավանդին անշարժ կանգնած, նայում է ներքեւ, ուր պարսպապատ գերեզմանատունն է: Պարիսպի մուտքին ՄԱԿ-ի կապույտ գլխարկավոր զինվորներ են կանգնած: Հուղարկավորների մի փոքր խումբ միայն, դագաղն ուսամբարձ, մոտենում է այդ մուտքին ու կանգ առնում: ՄԱԿ-ի այդ զինվորները մի բան են անում այնտեղ, ի՞նչ են անում...
Գալուստը բացատրում է ինձ: Երբ 1974-ին Կիպրոս ներխուժած թուրքական բանակը Նիկոսիայի մի մասն էլ գրավեց, ընդ որում նաեւ հայկական թաղամասն ամբողջությամբ, հայոց գերեզմանատունը մնաց ռազմականացած սահմանի տակ: Ահա՛, ցույց տվեց, սահմանը գերեզմանատան ետեւում: Եվ իրոքՙ մի փոքր բարձունքի վրա կանգնած էին ավտոմատավոր զինվորներ: Ասացՙ թուրք զինվորներ են: Թուրքերը պահանջ են դրել, որ հայ ննջեցյալների թաղումը պետք է կատարվի ՄԱԿ-ի զինվորների հսկողության տակ, գերեզմանատուն կարող են մտնել ամենաշատը երեսուն հոգիՙ ներկայացված ցուցակով: Դագաղակիր խումբը մտավ, իսկ հուղարկավոր բազմությունը դարավանդին կանգնած սպասում է արեւի տակ, մինչեւ թաղումը «շտապ» կատարվի այնտեղՙ պարիսպի ետեւում անտեսանելի, կապույտ գլխարկավոր զինվորների հսկողության, վերեւից էլ թուրք ավտոմատավորների աչքի տակ: Իսկ ես մտածում եմՙ այդ պարտադրված խուժդուժ պայմաններում հողին հանձնվող հայ ութսունամյա ննջեցյալը, որ իմ սիրելի ուսուցիչն է եղել, ծնվել է 1909-ին, ուրեմն թուրքերի գործած ցեղասպանությունից փրկված մանչուկ էր Մեծ եղեռնին, հետոՙ հայրենազուրկ գաղթական, դարձել է այն բազմավաստակ կրթական ու մշակութային գործիչը, որի մասին երախտագիտական բարձր գնահատանքներ էին ասվում քիչ առաջ եկեղեցում: Հիշում եմ նաեւ, որ անցյալ տարի նա ինձ պատմել էր, թե երբ թուրքական ներխուժած բանակը, գրավելով Կիպրոսի ամբողջ հյուսիսը ծայրեծայր, մտել էր Նիկոսիա եւ մոտենում էր հայկական թաղամասին, հազիվ ինքը հասցրել է հիվանդ կնոջը բերել մեքենայի մեջ, մի երկու ճամպրուկ էլ հագուստ, եւ փախստականների զանգվածի մեջ հեռացել դեպի հարավ: Թողել էր տուն-տեղ, բայց սիրտը ցավում էր միայն մի բանի համար. խուճապի մեջ մոռացել էր այնտեղ իր մանկավարժական բազմամյա օրագրի տետրերը, եւ ես պատկերացրի նույնպես ցավելով, թե ինչպիսի շահեկան էջեր կարող էին լինել այդ օրագրում իր գեղագրական խնամյալ, զարմանալիորեն գեղեցիկ ձեռագրով: Եվ նա, մի տեսակ բարկանալու նման, գոչեց.
- Քո՛ւ մասիդ ալ կար այդ էջերուն մեջ, տղա՛, կակազ մանչուկ դպրոց գալեդ մինչեւ, մինչեւ... միշտ աչքս վրադ...
Սիրտս ուզեց առանձնանալ մի պահ, դարավանդին վեր բարձրացա մի քիչ, կանգնեցի բազմության ետեւում, այդպես մտածելով, հիշելով: Ու հայացքս, խորշելով հանդերձ, կրկին ու կրկին դառնում էր Կիրինյան լեռնաշղթայի լանջին, ուր Նիկոսիայի ուղիղ դիմացը, ոչ այնքան հեռու, չգիտես ինչից սարքած վիթխարի տառերով, ասես իբրեւ քամահրանք ամբողջ Կիպրոս կղզունՙ դիցուհի Աֆրոդիտեի «ծննդավայրին», հին ստոիկյան փիլիսոփա Զենոնի հայրենիքին, դիտմամբ իբրեւ ծաղր ու նշավակ հույն բնիկներին այսօր, մանավանդ այն հարյուր հազարավորներին, որոնք այդ երկար լեռնաշղթայի այս ու այն կողմի բարգավաճ իրենց գյուղերից ու քաղաքներից տեղահան եղան 1974-ին, փախան թուրք բանակի խժդժություններից, զոհեր էլ տալով, գաղթական դարձան իրենց իսկ երկրի հարավում, այդ բոլորի աչքի դիմաց, եւ ինչո՞ւ չէ, նաեւ Մեծ եղեռնից հետո այստեղ գոյացած հայ բազմահազար համայնքի, մեր կրթօջախ ու ամբողջ կղզում հարգված մշակույթի օջախ Մելգոնյանի էլ դիմաց, վերջապես թուրքից մանկուց վիրավոր իմ իսկ հոգու դիմաց, որին այնքան սիրելի են իմ ծննդավայր ասպնջական Աթենքը եւ իմ ուսումնավայր այս հրաշալի Կիպրոսը,- ահա ուրեմն կիպրական լեռնալանջինՙ Քեմալի «Ne mutlu tՖrkՖm diyene» կարգախոսը այդ վիթխարի տառերով...
Որեւէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ այդ նույն օրը, երբ հուղարկավորվում էր հանգուցյալ Շեոհմելյանը եւ այդպե՜ս հողին հանձնվում հայոց գերեզմանատանը ՄԱԿ-ի «խաղաղարար» զինվորների եւ թուրք ավտոմատավորների աչքի տակ, այդ նո՜ւյն օրը... հեռավոր Սումգայիթում տեղի էր ունենում հայերի անսանձ կոտորած Բաքվի աչքի տակ: Աշխարհն էլ դեռ չգիտեր, ընդհակառակըՙ ռադիոն ու թերթերը հաղորդում էին, թե հայկական պատվիրակություն է գնացել Գորբաչովի մոտ (հիշվում էին Սիլվա Կապուտիկյանի, Զորի Բալայանի անունները), նա հույս է հայտնել, որ հարցը կքննվի արդարացի վեերաբերմունքով, եւ հայերն առժամապես դադարեցրել են ցույցերը: Աշխարհը քիչ ավելի ուշ իմացավ այդ կոտորածի մասին եւ այս անգամ առաջնահերթ լուր դարձավ Սումգայիթը: Տրվում էր Մոսկվայի պաշտոնական հաղորդագրությունը, թե «խուլիգանական» արարքներ են եղել, զոհվել է 32 մարդ: Բայց թերթերը գրում էին, ըստ մոսկովյան թղթակիցներից ստացված հաղորդումների, թե բավական ժամանակ անարգել սանձարձակությամբ գործվել են վայրագ խոշտանգումներ, զոհերն ավելի շատ են...
(Մի քանի ամիս հետո Գորբաչովը, իր իսկ սարքած, հրահրած հակահայ հիստերիայի մթնոլորտում, ինչպես հեռուստացույցով տեսանք, բացահայտ սուտ խոսեց աշխարհի առաջ իր ոլոր-ոլոր լպրծուն շաղակրատությամբ, թե այսպե՜ս ու այնպե՜ս, ա՜յ ու ա՜յՙ զորքն «ընդամենը երեք ժամ, երե՜ք ժամ ուշացավ» եւ այդպիսի բաներ եղան Սումգայիթում: Իսկ ես այսօր կրկին բացում եմ Ռիժկովի հուշապատումը եւ ահա կարդում 204-րդ էջում.«27 Ռ 28 ՒպՉՐՈսÿ Չ վպՊՈսպՍՏՎ ՏՑ ըՈՍց տՐՏՎօՔսպվվՏՎ հցՎչՈՌՑպ ... ոՈվՊՌՑօ... վՈտՈսՌ վՈ ՈՐՎÿվրՍՌւ ՋՌՑպսպռ չՏՐՏՊՈ, ՌջոՌՉՈսՌ, վՈրՌսՏՉՈսՌ, ՋպրՑՏփՈռՔՌՎ ՏոՐՈջՏՎ ցոՌՉՈսՌ, ՋչսՌ ՊՏՎՈ, ՍՉՈՐՑՌՐօ, ՈՉՑՏՎՈՔՌվօ. Խ րՏՋՈսպվՌ՚, րՌսօ ոպջՏտՈրվՏրՑՌ ՉՎպՔՈսՌրՖ Չ րՏոօՑՌÿ ՑՏսՖՍՏ վՈ ՉՑՏՐՏռ ՊպվՖ, Ռ սՌՔՖ տՏրսպ ֆՑՏչՏ Չ չՏՐՏՊպ ՉՉպսՌ փՐպջՉօփՈռվՏպ տՏսՏՋպվՌպ»: Ապա պաշտոնական տվյալներով զոհերի թվի մասին ասում է հետեւյալը. «հցՋց տՏ ՏտօՑց; ՏՒՌՓՌՈսՖվօպ ՊՈվվօպ վՌՍՏչՊՈ վպ ՏՑսՌփՈսՌրՖ ՏրՏոՏռ ՑՏփվՏրՑՖ՚»: Իսկույն ավելացնում է նաեւ, որ թեպետ պաշտոնապես լայնորեն քարոզվում էր «գլասնոստը», բայց Սումգայիթի մասին եւ դրա դեմ ոչ միայն Ղարաբաղում եւ Հայաստանում, այլեւ Մոսկվայում հայերի զանգվածային բողոքների մասին հաղորդումները չոր, անհույզ եւ կցկտուր էին տրվում թերթերում: Իհարկե, նկատի ունի սովետական մամուլը):
Ինչ մեղքս թաքցնեմ, առաջին պահ չուզեցի հավատալ այդ Սումգայիթին: Հիմարաբա՞ր: Չէ, գիտակցորեն չէի ուզում, որ այդպիսի բան եղած լինի: Բայց սրտիս խորքում այն տագնապը, ձայնի ելած, գոչում էրՙ ահազա՜նգ: Կյանքիս քառասուներկու սովետական տարիների փորձառությունից էր ձայնը. թե ինչպե՞ս կարող էր «անարգել սանձարձակությամբ» տեղի ունենալ այդպիսի բանըՙ խստագույն բռնապետության խորքային ամենատես աչքի տակ, որքան էլ այդ Գորբաչով կոչեցյալը «պերեստրոյկայի» մասին բարբառեր իր այդ լպրծուն, հեղհեղուկ, էական ոչինչ չասող անվերջանալի շաղակրատությամբ, որ սկզբից էլ ինձ դուր չէր եկել, եւ ոչ միայն ինձ: Դիվային մատ կա այդ Սումգայիթի ետեւում: Բաքվի՞ց: Անպայման: Չէ՞ որ եղել եմ այնտեղ, ոչ միայն լսել, աչքովս էլ տեսել եմ ու գիտեմ բաներ, որ սիրտս պղտորում էին քառորդ դար առաջ, բայց բերանս չէի կարող բացել ամենամտերիմ ընկերոջ անգամ ասելու: Ներսումս ահազանգող ձայնը, սակայն, ավելի ահավորն է հուշում. Բաքուն կհանդգնե՞ր Մոսկվայի այդ խորքային ամենատես աչքից անկախ գործել: Բուն դիվային մատը այնտեղից չէ՞ր: Գուցե այդ Գորբաչովի բուն պատասխանը Սումգայի՞թն էր Սիլվա Կապուտիկյաններին ու Զորի Բալայաններին: Բայց մտածե՞ց արդյոք այդ լարախաղացը, որ իր իսկ գլխին կարող է ավելի «լուրջ հետեւանքներ» բերել այդպիսի պատասխանը: Գրեթե վստահ էի, որ ներսումս ահազանգող ձայնը ճիշտ բաներ է հուշում: Բնազդս էր վստահՙ կյանքիս բարդ փորձառությամբ...
Հայերը շուրջս, բնական է, հուզված էին, կրկին «եղեռն» բառն էր մեջտեղ եկել: Խոսում, վիճում էին նույնիսկ, թե ճի՞շտ էր արդյոք Ղարաբաղի հարցը բարձրացնելու timing-ը, երբ Գորբաչովը «դրական փոփոխություններու կձգտի Սովիեթ Միութենեն ներս»: Բայց հիմնականը վրդովմունքն ու անհանգստությունն էր Սումգայիթի անակնկալից: Մի երկու հոգի, սակայն, հիշել էին հանկարծ, թե ես ոչ միայն «հայաստանցի» եմ, այլեւ սովետական քաղաքացի եւ այնպես էին խոսում հետս, որ կարծես ինձնից էին հաշիվ պահանջում «ձեր երկրին մեջ» կատարվածի համար: Մանավանդ այն կոպիտ խոսող բարձրահասակ, երկարուն խորանարդաձեւ դեմքով Հրաչ Մանուկյանը, ակտիվ գործիչ, որից դժգոհում էին բարեկամներս, թե թաթը դրել է Մելգոնյանի վրա որպես հոգաբարձու, իր բառով «կղզիացուցած» է մյուս հոգաբարձուներին, փաստորեն ինքն է վարում ամեն ինչ, աջ ու ձախ վիրավորելով մարդկանց: Ինձ ասում էինՙ կարեւորություն չտամ նրան: Ճիշտ է, կարեւորություն չէի տալիս, բայց դա ինձ համար դառնում էր անհեթեթ, գրեթե գրոտեսկային վիճակ. չէի կարող իմ ավելի եւս այրվող սրտի թելադրած բուն պատասխանս տալ նրա անճահ, շատ հարցերից անտեղյակ մեղադրանքներին, որ նա նետում էր իմՙ իբր «սովիեթ» քաղաքացու երեսին: Մանավանդ որ սովետական դեսպանատան աչքն էի զգում վրաս շարունակ. մշակութային կցորդըՙ հայ երիտասարդ, երեւանցի, որ ի դեպՙ համակրելի էլ մարդ էր, տեղի հայերի հետ միշտ սիրալիր, հաճախ գալիս էր իբր «մերոնքականի» հետ զրուցելու հետսՙ խորհրդապահ մի մտերմությամբ: Այդպիսի վիճակ...
Մի օր, նույնիսկ, նա իր մեքենայով ինձ տարավ հենց դեսպանատուն, թե հրավիրված եմ: Գրեթե ամայի այդ փողոցում, նա ինձ դեսպանատուն մտցրեց մի տեսակ զգուշավորությամբ, որ մի քիչ տարօրինակ թվաց ինձ: Բայց ավելի տարօրինակը ներսում եղավՙ մի այնպիսի անակնկալ, որ երբեք մտքիս ծայրով անգամ չէր կարող անցնել: Ներկայացնելով ինձ մի ռուս պաշտոնյայի, նա թվեց նաեւ, թե ինչ լեզուներ գիտեմ, եւ այդ խոշորակազմ, կարմրադեմ ռուսը հանկարծ ինձ հետ խոսեց... թուրքերեն: Ոչ թե ադրբեջանական: Այս կողմի թուրքերենՙ օսմանյան: Ասաց, որ ինքը թուրքագետ է, եւ կարծես ուրախացած այդ լեզվով խոսելու առիթից, կարծես նույնիսկ զարմացած, թե վարժ խոսակցական թուրքերենով եմ պատասխանում իրեն, հարցրեցՙ որտեղի՞ց: Ասացիՙ մանկուց: Դե՛հ, ինձ համար էլ առիթՙ մի քանի խոսքով պատմեցի. ցեղասպանությունը Թուրքիայում, պապերս զոհված, ծնողներս հրաշքով փրկված, գաղթականություն, ինքս ծնված Աթենքում, հետո հայրենադարձություն 1946-ին եւ այլն: Լսում էր լուրջ, գլուխը շարժելով: Գիտեի, անշուշտ, որ կենսագրությունս ընդհանուր գծերով հայտնի է իրեն: Բայց ծնողներիս կենսագրությունից մի երկու մանրամասնություն, որ իբր խոսքի բերումով շեշտեցի դիտմամբ, վստահ եմՙ նորություն պիտի հնչեին իր ականջին, այն էլ թուրքերենով: Հասկանում էի նաեւ, թե ինչու եմ հրավիրվել դեսպանատուն այս օրերին, երբ Ղարաբաղի խնդիրն է այնտեղՙ Սումգայիթով էլ բարդացած, իսկ ես, հայ սովետական քաղաքացի, «գործուղումով» գտնվում եմ այստեղ իմ ազգակիցների մեջ: Այն էլ գիտե, անշուշտ, թե ինչ նշանակություն ունեցող կրթական եւ մշակութային հաստատություն է Մելգոնյանը, ուր դասախոսելու եմ եկել հատուկ հրավերով մեր Սփյուռքի կոմիտեին ուղղված, որն էլ ինձ ուղարկել է պաշտոնապես: Գիտե նաեւ, անշուշտ, որ ես, այժմ 62 տարեկան, ժամանակին ուսանել եմ այստեղ, ունեմ հին ու նոր բարեկամներ ու ծանոթներ, որոնց հետ շփվում եմ ամեն օրՙ հայերի համար այս բացառիկ իրավիճակում, որ ստեղծվեց հանկարծ: Սպասում էի, որ նա, քանի հրավիրել է ինձ դեսպանատուն հատկապես, բան ունի ասելու...
Բայց նա սիրալիր զրուցում էր հետս իմ որպիսության, ընդհանրապես իմ կյանքի ու «պրոֆեսիայի» մասին, մերթ ռուսերեն, մերթ կրկին թուրքերենի անցնելով: Երբ իմ «պրոֆեսիայի» առթիվ ասացի, բնականաբար, որ թարգմանել եմ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, նա կարծես անակնկալի եկավ մի տեսակ ուրախ զարմանքով: Արդյո՞ք իսկապես հայտնի չէր իրեն իմ կենսագրության այդ կետը: Բայց իր այդ զարմանքը, ուրախության երանգով, անկեղծ թվաց ինձ, մանավանդ որ մի պահ ոգեւորվեց նույնիսկ ու ասաց, թե դա գուցե իր ամենասիրած երկն է ռուս գրականության մեջ, մի շնչով է կարդացել ժամանակին, շատ ուժեղ ազդված: Համենայն դեպս, ունեցա այն տպավորությունը, թե նա իսկական ռուս մարդ է վերջապես: Տարիքըՙ հիսուննոց...
Նա չէր էլ կարող կռահել, սակայն, թե ինչ էր կատարվում իմ մեջ այդ զրույցի ընթացքին: Ենթագիտակցությանս խորքում թաքնված կմնար այդ բանը, ինչպես միշտ, եթե նա հենց սկզբից թուրքերեն չխոսեր ինձ հետ: Առաջին իսկ պահից հիշողությունս, որ «ֆոտո-հիշողության» հատկությունն է ունեցել գրեթե ամբողջ կյանքումս, իսկույն աչքիս առաջ բերեց ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հրատարակած ԹրպՎՌՐվՈÿ ՌրՑՏՐՌÿ-ի ութերորդ հատորիցՙ 1961-ին լույս տեսած, այն մի քանի էջերը, ուր կան տողեր, որոնք մտրակի նման դաղելով դրոշմվել են ուղեղումս ժամանակին: Դրանց հետՙ նաեւ Քեմալի լուսանկարը փափախով (1922 թ.), աչքերումՙ չարանենգ հայացք: Օսմանյան ջարդարար, պարտված, փլուզված կայսրության բեկոր գեներալ Մուսթաֆա Քեմալ փաշան, իր գլխավորությամբ նոր կառավարություն հիմնելով Անկարայում 1920 ապրիլի 23-ին, հենց իսկույն, ապրիլի 26-ին, նամակ է ուղարկել Մոսկվա անձամբ Լենինին հասցեագրված, առաջարկելով դիվանագիտական կապեր, բարեկամություն, եւ մանավանդՙ «ր տՐՏրՖոՏռ ՏՍՈջՈՑՖ ՐպՉՏս՚ՓՌՏվվՏռ ՁցՐՓՌՌ տՏՎՏքՖ Չ պպ ոՏՐՖոպ տՐՏՑՌՉ ՌՎտպՐՌՈսՌջՎՈ»: Լենինը տալիս է համաձայնությունը, եւ «շուտով» թուրքական պատվիրակություն է գալիս Մոսկվա, հաստատվում է «սերտ բարեկամություն»: «ԿչՐՏՎվՏպ ջվՈփպվՌպ Պսÿ վՏՉՏռ ՁցՐՓՌՌ ՌՎպսՏ ցրՑՈվՏՉսպվՌպ ՑպրվՏռ ՊՐցՋոօ ր հՏՉպՑրՍՏռ ՀՏրրՌպռ»: Այսինքնՙ սկսում է տրվել օգնությունը, ինչպես երեւում է, հենց «շուտով» նույնպես, ու հետզհետե ավելի ու ավելի մեծ չափերով. «Թ ՊՈսՖվպռՔպՎ ֆՑՈ տՏՎՏքՖ ՉՏջՐՏրսՈ Ռ ՐՈրՔՌՐՈսՈրՖ, ւՏՑÿ հՏՉպՑրՍՈÿ րՑՐՈվՈ րՈՎՈ ՌրտօՑօՉՈսՈ ՏչՐՏՎվօպ սՌՔպվՌÿ. հՏՉպՑրՍՏպ տՐՈՉՌՑպսՖրՑՉՏ ոպջՉՏջՎպջՊվՏ տպՐպՊՈսՏ ՑցՐպՓՍՏՎց վՈՐՏՊց ոՏսպպ 10 Վսվ. Րցո. ջՏսՏՑՏՎ, ջվՈփՌՑպսՖվՏպ ՍՏսՌփպրՑՉՏ ՉՏՏՐցՋպվՌÿ, ոՏպտՐՌտՈրՏՉ Ռ Ց. Պ. ըպրՍՏՐօրՑվՈÿ րՏՉպՑրՍՈÿ տՏՊՊպՐՋՍՈ տՏջՉՏսՌսՈ ՁցՐՓՌՌ րՏոՐՈՑՖրÿ ր րՌսՈՎՌ, ՏՐչՈվՌջՏՉՈՑՖ ՐպչցսÿՐվց՚ ՈՐՎՌ՚ Ռ...»
Հենց այդպես: Սովետական երկրի «անշահախնդիր» անձնազոհությունը` օգնելու խե՜ղճ թուրք ժողովրդին: Իսկ «հեղափոխական» Մուսթաֆա Քեմալ փաշան «իմպերիալիզմի դեմ իր պայքարն» սկսում է հարձակվելով... Հայաստանի Հանրապետության վրա, որ հազիվ ստեղծվել էրՙ հայոց վաղուց կորցրած, դարերով երազված անկախ պետականությամբՙ Հայոց աշխարհի արեւելյան մասում: Այդ հարձակումըՙ թիվ 1 փաստ: Թիվ 2 փաստն այն է, որ մյուս կողմից Կարմիր բանակը մտավ, եւ Հայաստանի Հանրապետության մնացորդաց մասը հռչակվեց սովետական: Թե այդ երկու փաստերի արանքում ինչ աղետի ենթարկվեց դարձյալ հայ ժողովուրդը, ինչ էր Քեմալի բուն նպատակը պանթուրքիզմի ցեղասպանական ծրագրով հայերի հանդեպՙ աչքը հետին մտքով Բաքվին տնկած, կրկին եղեռն ու եւս 200.000 զոհ եւ նոր գաղթականություն նախկինի վրա, եւ թե քաղաքական ու հոգեբանական այդ ճգնաժամային իրավիճակի վերիվայրումներում ինչ սխալներ գործվեցին կամ չգործվեցին,- այդ բոլորը մենք է, որ գիտենք, մեզ են հուզել միշտ եւ հուզում են, իրար հանդեպ էլ մեղադրանքներով: Բայց այստեղ գալիս է թիվ 3 փաստը. լենինյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան 1921 մարտի 16-ին Մոսկվայում պայմանագիր են կնքում «Տ ՊՐցՋոպ Ռ ոՐՈՑրՑՉպ»: Բարեկամությունը բավական չէր, նաեւ եղբայրություն: Դուք, հայեր, ողբացեք ձեր ճակատագիրը, ձեր կորուստները, իրա՞ր եք մեղադրումՙ ավելի լավ,- այդ բոլորը ոչ մի կարեւորություն չունի Լենին-Քեմալ խաղում: Լենինը ավելի է «ընդլայնում» իր օգնությունը «իմպերիալիզմի դեմ պայքարող» Քեմալին, երբ նույնիսկ նույն 1921-ին մերձվոլգյան տարածքներում տասնյակ ու տասնյակ միլիոնավոր մարդկանց սպառնում էր ահռելի սով, որի մասին դեռ գարնանն էր Գորկին ահազանգել, եւ անխոնջ մարդասեր Նանսենը, երկրե երկիր, դռնե դուռ ընկած Արեւմուտքում, օգնություն է աղերսում աղետյալների համար, մերժվում Լենինին չվստահող պետական-պաշտոնական մարմիններից, վերջապես շտապ կազմակերպում է համաշխարհային հանգանակություն եւ հազարավոր վագոններով մթերք, հագուստեղեն, դեղորայք ուղարկում Սովետական Ռուսաստան աղետյալներին...
Իսկ Լենինը օգնում է Քեմալին, որով սաՙ «իմպերիալիստ» հույներին էլ ու բազում հայերի «ծովն է թափում» Իզմիրի կոտորածով: Ավելի ընդլայնված ու արդեն «եղբայրական օգնության» մի կերպն էլ այն է, որ Քեմալին է նվիրում Հայաստանի Հանրապետությունից («ՊՈՔվՈՍրՍՈÿ ԸՐՎպվՌÿ»-ից) նրա գրաված տարածքները: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը «եղբայրաբար» բաժանեցին իրար միջեւ: Ի՞նչ տարածքներ է նվիրում Քեմալին: Նախկին «ռուսապատկան» հայկական հողեր: Նախ եւ առաջՙ Ռուսաստանի դարավոր շահերին չի՞ դավաճանում դրանով, մանավանդ որ սովետական սահմանից անդին է թողնում, հենց սահմանի գլխինՙ ռազմավարական այնպիսի գոտի, ինչպես վիթխարի Արարատը եւ հարակից լեռնաշղթան: Մի խոսքովՙ կրկնակի աբսո՞ւրդ: Այդ Լենին կոչեցյալի մտքով գեթ մի պահ զանցա՞վ, որ կարող է տանուլ տալ Քեմալի հետ իր «եղբայրական» խաղը: Ինչպես որ եղավ շուտով, շատ շուտով. օ՜, Քեմալի այդ հայացքը լուսանկարում, որ աչքիս առաջ բերեց ֆոտո-հիշողությունս այն էջերի եւ դրանց մեջ այն տողերի հետ:
Էլ կարի՞ք կա շարելու թիվ 4, 5, 6 եւ ինչքան ասես փաստերը հետագա տասնամյակներին, երբ Թուրքիան խորքում թշնամական, արտաքուստ մերթ երկերեսանի էր վերաբերվում Սովետական Միության հանդեպ: Բայցՙ ստո՛պ. պետք է հատկապես նշել այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիան գործում էր ի նպաստ հիտլերյան Գերմանիայի, զորք էր կուտակել սովետական սահմանին, հենց Լենինի Քեմալին նվիրած պլացդարմում, եւ հայտնի էՙ եթե ընկներ Ստալինգրադը... Անցնենք: Թշնամանքը շարունակվում է մինչեւ այսօր էլ: Աբսուրդը հասավ այնտեղ, որ մեր սրբազան Արարատը, իր լանջերին Սովետական Միության դեմ ուղղված ամերիկյա՞ն, նատոյակա՞ն ռազմական բազաներով, մահացու սպառնալիք դարձավ նախ մեր գլխին հենց անմիջականորենՙ Երեւանի դիմաց: Կա՞ ավելի ուժեղ բառ, քան աբսուրդըՙ հայոց պատմական ճակատագրին դեմ գործած այդ լենին-քեմալյան «եղբայրության» ճակատին փակցնելու: Բայց ավելին. այդ Քեմալին նվիրված տարածքներում եւս, ինչպես նախորդ Մեծ եղեռնով հայազրկված ամբողջ Արեւմտյան Հայաստանում, շարունակվեց փաստորեն ցեղասպանությունը, հայոց մշակույթն ու պատմությունն էլ բնաջինջ անելու հակաքաղաքակրթական ոճրագործությամբ լկտիորեն: Քանդեցին, պայթեցրին, ավերեցին, պղծեցին հայ քրիստոնեական սրբավայրեր, նույնիսկ համաշխարհային ճարտարապետական այնպիսի բազմադարյան արժեքներ, ինչպես Տեկորի տաճարը, Խծկոնքի վանական եզակի համալիրը: Ահռելի է հնչում այսօր, երբ պատկերացնում ես, որ Խծկոնքի հիմնահատակ ավերված եկեղեցիներից մեկի մուտքին արձանագրված է եղել հազար տարի առաջ. «Այս դուռն Տեառն է եւ արդարք մտանեն ընդ սա»...
Իսկ սահմանից ասդին էլ, բոլշեւիկյան ներսում, հայ ժողովրդի դեմ այդ ժամանակ կատարվեց մի արտառոց հանցագործություն, որ փաստորեն նույն աբսուրդի շարունակությունն էր: Ստալին կոչեցյալը, որ ազգային հարցերի բանիմաց էր համարվում (գրել է «Մարքսիզմը եւ ազգային հարցը» վերնագրով մի բան), հենց արդեն Սովետական Հայաստանից խլեց Նախիջեւանն ու Ղարաբաղը եւ նվիրեց Սովետական Ադրբեջանին, եւ ասվում էՙ իբր Քեմալի ճնշման տակ: Նվիրեց ո՞ւմ: Կովկասյան թաթարների մոգոնած եւ անիրավաբար Ազերբայջան հորջորջած մի նորելուկ հանրապետության, որ սովետականալուց հետո, շատ զարմանալիորեն, տարածքով ամենամեծ հանրապետությունը դարձավ բոլշեւիկյան Անդրկովկասում, յուրացնելով ուրիշների պատմական հողերը, տնտեսությունը, այնուհետեւ նաեւ մշակութային արժեքներ, հորինելով իրեն համար «պատմություն եւ մշակույթ»: Անամոթաբար: Որովհետեւ ձեռքից բռնող չկար: Ընդհակառակը: Շատ ավելի զարմանալի է այն, որ բոլշեւիկյան Մոսկվան, այսինքն հենց Ստալինը մանավանդ, երբ Սովետական Միության բացարձակ բռնապետն էր դարձել, ամեն կերպ խրախուսում էր այդ կողոպուտը: Անամոթաբար: Իհարկե, իր հերթական մի նենգ նպատակով, որ այնքան էլ թաքուն չէր:
Բայց զարմանալիից էլ անդին էր այն հրեշավոր իրողությունը, որ փաստորեն Մոսկվայի թողտվությամբ, հենց սովետական իշխանության օրոք, Ադրբեջանն իրեն հանձնված Նախիջեւանի իբր թե ինքնավար հանրապետությունում բացեիբաց, օր-ցերեկով, նույն ցեղասպանությունն էր գործում ծրագրված, հետեւողականորեն, հայաթափելով ամբողջ մեր այդ հինավուրց գավառը, բոլոր առումներով հայոց պատմության ու մշակույթի կարեւորագույն մի բնօրրանը հնուց անտի: Ուր հատկապես, գրերի գյուտից հետո իսկույն, դպրոցներ է հիմնել Մեսրոպ Մաշտոցը: Ուր Մովսես Խորենացին հնագույն ռիգ-վեդայական շնչի «Երկնէր երկին եւ երկիրն» է քաղել Վահագն աստծո ծննդի մասինՙ փանդիռի նվագակցությամբ վիպերգող Գողթան գուսաններից: Ուր մատյաններ են գրչագրվել ու ծաղկվել, եկեղեցիներ են ճարտարապետվել, քանդակազարդվել ու որմնանկարվել, բազմահազար խաչքարեր են գեղաքանդակվել դարերի ընթացքում: Ուր հայեցի կյանքը լիարյուն բաբախում էր մինչեւ... մինչեւ ադրբեջանա-սովետական իշխանությանը գավառի բռնահանձնումը Ստալինի կամայականությամբ, ապա եւ այդ ցեղասպան հայաթափումը, միաժամանակ հայկական հուշարձանների ավերումով, ոչնչացումով մեկ առ մեկ...
Ես քանիցս, գործի բերմամբ, ավտոբուսով կամ գնացքով անցել եմ այդ տարածքով, շատ տարիներ առաջ: Հայացքս լարած, նայում էի մինչեւ հեռուները, եւ ամեն անգամ ավելի եւս ճնշում էր այդ գավառի ամայացածության մի զգացում, եւ ասես տիպիկ սարյանական բնանկարներն իսկ ավելի տխրեցնում էին, կորցրած թանկագին բանի նման: Երբ մի անգամ երկաթուղային «Քըզըլ վանք» (Կարմիր վանք) կայարանում մի ռուս սահմանապահ զինվորական, լուրջ մարդ, որի հետ նույն կուպեում առանձին նստած զրուցում էինք, ինձ ասաց, թե վերջերս իր աչքի առաջ ավերել են մոտակա նշանավոր այդ որմնանկարված Կարմիր վանքը, ես վրդովմունքով հայտնեցի այդ մասին Երեւանում, խուլ ձեւացան, միայն գլուխ շարժեցին «ի՜նչ կարող ես անել» ասելու նման, հասկացնելով «ախպարի» խելքիս, թե միամիտ է վրդովմունքս, ավելի լավ էՙ բերանս փակեմ: Դա քառորդ դար առաջ էր ու էլ սիրտս երբեք չուզեց գնալ այդ կողմով: Իսկ այժմ, ասում են, ոչ մի հայ չի մնացել այնտեղ, իսկ թե ինչ հայկական հուշարձաններ են ավերել ու դեռ ավերում ենՙ ո՜վ գիտե...
Երբ գործով գնացի Ղարաբաղ այդ նույն օրերին քառորդ դար առաջ, սիրտս այնտեղ էլ ճնշվեց, ինչպես կարծեմ պատմել եմ օրագրիս մի էջում: Ունեցա այն զգացումը, թե Ղարաբաղին էլ սպառնում է ադրբեջանա-սովետական նույն ցեղասպանությունը, որ արդեն իսկ գործում է սմսեղուկ նենգությամբ:
Խոսում ենք դեսպանատան այդ պաշտոնյայի հետ մերթ ռուսերեն, մերթ թուրքերեն, իսկ իմ ներսը տակնուվրա է այս բոլորով, քիչ է մնում ասեմ նրանՙ գիտե՞ արդյոք, որ սա է հայերի այսօրվա միլիոնանոց պոռթկման բուն արմատը...
- Ինչպիսի՞ն են տրամադրությունները,- հարցրեց հանկարծ ռուսերեն:
Ըհը՛: Սրա համար եմ հրավիրվել դեսպանատուն: Իր աչքին ես սովետական քաղաքացի եմ ամենից առաջ: Բայց ինքն էլ հասկանո՞ւմ է երեւի, որ ավելորդ է ինձ տված այդ հարցը: Պատասխանեցի «դիվանագիտական» ժպիտով.
- Գուցե դո՞ւք ասեիքՙ ինչպիսի՞ն կարող են լինել...
Մի հոնքը շարժվեց տարակուսական, հետո գլուխը շարժեց.
- Հասկանալի է:
Բարի եղավ չխորանալու ավելի, միայն ասաց.
- Խորհուրդ կտայի, որ ցույցեր չարվեն մեր դեսպանատան առաջ...
Ահա՜: Պարզ է: Հասկացանք: Երեւի լուրը հասել է, թե այդ Հրաչ Մանուկյանը իսկապես ցույցի է պատրաստվում:
Ես քաղաքագետ չեմ: Բայց որպես հայ, որպես մարդ վերջապես, շատ եմ մտածել ոչ միայն իմ ժողովրդի, այլեւ աշխարհի ճակատագրի մասին, որ նշանակում է նաեւ իմ անձնական, իմ ընտանիքի, որդու, թոռների ճակատագրի մասին մտածել: Հաճախ մտածմանս առարկա է եղել այդ Լենին-Քեմալ խաղը, որ այնքան վնասեց մեզ, հենց ամենից ավելի մեր ժողովրդին, նաեւ հետագա ստալինյան շարունակությամբ: Ու հենց ռուս ժողովրդին էլ, եթե ավելի խոր նայենք, սկսած այն անամոթությունից, երբ Նանսենն էր օգնության հասնում Սովետական Ռուսաստանի միլիոնավոր սովյալներին, իսկ Լենինը «եղբայրական ընդլայնված» օգնություն էր ցույց տալիս Քեմալին ոսկով ու զենքովՙ «անշահախնդիր»: Ինչքան էլ մտածել եմ այդ Լենին-Քեմալ խաղի մասին, միշտ էլ մտքիս հենց «աբսուրդ» բառն է եկել ի վերջո: Որովհետեւ ոչ մի խելամիտ իմաստ չի բռնում դրանՙ ո՛չ իր հեղափոխությունը տարածելու (ինչպես ասվում է սովորաբար), ո՛չ դեպի հարավ ռուսական շահերի (այդ դեպքում ինչպե՞ս է, որ նախկին ռուսապատկան տարածքըՙ այդպիսի՜ պլացդարմ, թողնում է Քեմալին) ո՛չ էլ որեւէ այլ քաղաքական, դիվանագիտական եւ չգիտեմ ինչ առումով: Եվ զարմանալի է մանավանդ, որ նա գիտեր, անշուշտ, թե Քեմալը մեկն է երեկվա երիտթուրքերիցՙ իրենց պանթուրքիզմի մարմաջով, որ Ռուսաստանի դեմ էր, եւ որի կատաղի գաղափարախոսները կային նաեւ իր իսկ «կովկասյան թաթար» կոչածների մեջ Բաքվում, իսկ դրա համակիրները գուցե «բոլշեւիկացել» էին երեսանց: Չէ, ոչ մի խելամիտ իմաստ: Աբսուրդ: Մի հինգ տարի առաջ էրՙ Ալբեր Կամյուի L՛homme re՛volte՛ փիլիսոփայական գրքում անակնկալորեն հանդիպեցի Լենինի այսպիսի խոսքինՙ մեջբերված. «Մենք հեղափոխության երիտթուրքերն ենք, մի կաթիլ էլ ճիզվիտություն ավելացրած»: Լախտի հարվածի նման շշմեցրեց ինձ: Ես քաղաքագետ չեմ, թող բացատրեն ինձ քաղաքագետներըՙ ի՞նչ է նշանակում դա: Իսկ ինձ համար միշտ էլ հարց է եղելՙ ո՞վ էր այդ Լենինը բուն խորքում: Եվ այդ Ստալինն էլՙ ո՞վ էր բուն խորքում...
Հանկարծ անդրադարձա, որ ամբողջ այս ներքին տակնուվրայությանս մեջ մտովի անընդհատ տեսնում եմ Քեմալի այն կարգախոսը Նիկոսիայի դիմաց սարալանջին: Այդ օրերին միշտ խուսափում էի դրա կողմը նայելուց, ուզում էի մոռացության տալՙ աչքս հեռու այդ չարանենգ ցուցանքից, բայց ուսուցչիս հուղարկավորության օրը դա «գրավեց» նույնիսկ հայացքս, նայում էի երկար, երկար, եւ ուժգին տպավորվեց: Եվ ահա երբ վեր էինք կացել դեսպանատանը այդ զրույցից հետո, զգացի, որ չեմ կարող հենց այնպես թողնել ու գնալ, գոնե մի կայծ դուրս թռավ իմ այդ ներքին տակնուվրայությունից: Ռուսերեն ասացի.
- Ներեցեք, ես կուզեի մի հարց տալ ձեզ` զուտ մարդկայնորեն:
- Խնդրեմ,- ժպտաց:
- Կրկնում եմ, զուտ մարդկայնորենՙ ինչպե՞ս եք նայում այն տարօրինակ երեւույթին Նիկոսիայի դիմաց սարալանջի վրա...
- Ի՞նչ երեւույթ,- լրջացավ մեկեն:
Եվ ես թուրքերեն արտասանեցի Քեմալի այդ խոսքը. «Երանիՙ թուրք եմ ասողին»: Նա մի հոնքը շարժեց, շրթունքը շարժեց մտածելու նման:
- Հասկանում եմ ձեզ,- ասաց:- Իհարկե, դա տհաճ բան է:
- Միա՞յն տհաճ...
Ձեռքերը պարզեց, հոնք-ունքով էլ մի տեսակ ժպտալով: Ու այդպես «դիվանագիտական» ժպիտներով ցտեսություն ասացինք իրար:
Իսկ այդ Հրաչ Մանուկյանը շարունակում էր պատրաստվել, շուրջը խումբ հավաքած, սովետական դեսպանատան առաջ ցույց անելու: Թո՛ղ անեն, գրողը տանի, սրտովս է նույնիսկ, թո՛ղ անեն: Բայց այդ խելոքը ինձ էլ ուզում էր քաշել այդ գործին, բարկացավ ու կշտամբեց նույնիսկ, որ մերժեցի ռուսերեն մի բան գրել ցուցապաստառի համար, կրկին երեսիս նետելով, թե «սովիեթ» քաղաքացի եմ: Բայց չեղավ նրա այդ ցույցը: Կիպրոսի պառլամենտում հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Գալայճյանի եւ հայոց եկեղեցու թեմական Առաջնորդի գլխավորությամբ, որոնք հանդես էին գալիս որպես համայնքի քաղաքական ու կրոնական ղեկավարներ, որոշել էին միասնաբար, առանց կուսակցական հանգամանքների տարբերության, հուշագիր ներկայացնել սովետական դեսպանատուն պաշտոնապես: Գալայճյանը ինձ Լառնաքա հրավիրեցՙ երկու օր «հանգստանալու» իր փոքր, շքեղ հյուրանոցում, մի ամբողջ բնակարանատիպ հարկաբաժին հատկացնելով: Ինքը եւ ես, առանձին, քննարկեցինք արդեն պատրաստված անգլերեն հուշագիրը: Սիրով համաձայնվեցի մասնակցել խմբագրմանըՙ մի քանի կոնկրետ առաջարկներով, թեպետ իմ մեջ պահելով այն կարծիքս, թե հուշագիրը պաշտոնապես կընդունեն դեսպանատանը, անշուշտ, բայց սովետական վերեւներում ոչ մի կարեւորություն չի տրվի դրան: Ի դեպ, Գալայճյանը մի ժպտուն մտերմավարությամբ ինձ ասաց, որ դաշնակցականների կողմից ոչ մի դժվարություն չեղավ, իբր նրանք Բեյրութից հրահանգ են ստացել գրգռիչ ելույթներից հեռու մնալ տվյալ իրադրության մեջ, դժվարը այդ Հրաչ Մանուկյանին խոսք հասկացնելն էր:
Մի քանի օր հետո, Ագապին ու Գալուստը մի երեկո հրավերք էին կազմակերպել Մելգոնյանի տնօրինական վիլլայում, ներկա էին մոտ քսան հոգիՙ տիկնայք եւ պարոնայք: Եվ այդ Հրաչ Մանուկյանը կրկին վեճ սկսեցՙ իր ցույցի արգելումը, հուշագիր եւ այլն: Ես լուռ էի մնում, գլուխս էլ ցավում էր: Եվ հանկարծ նա իր այդ ամբողջ խորանարդաձեւ դեմքով դարձավ ինձ.
- Ձեր յոթանասուն տարվան սովիեթ ազգային քաղաքականությունը ձախողած է, ջուրն ինկավ...
«Ձե՞ր»: Ի՞նձ է ասումՙ «ձե՜ր»: Գլխացավս մի քանի բաբախուն հարվածներ տվեց գանգիս, ու սիրտս խառնվեց նույնիսկ:
- Ինծի նայեցեք, պարո՛ն Մանուկյան,- գոչեցի:- Ա՛լ բավական է: Դուք ինծի՞ կըսեքՙ «ձեր»... Կարս-Արդահան, Ղարաբաղ, Նախիջեւանՙ մանկութենես մտած է այս ցավող գանգիս մեջ: Երբ կուսանեի հոսՙ Մելգոնյան, ինքս ինծի համար ամբողջ ուսումնասիրություն մը գրած եմ «հայկական հարցի» մասին: Բայց «հայաստանցի» դառնալես, ձեր խոսքով իբր «սովիեթ» դառնալես հետո է, որ... քառասո՜ւն տարի ամեն օր, ամեն օր... ո՛չ թե ձեր, այլ ի՛մ աչքիս առաջ է Արարատը սահմանեն անդին: Հասկցա՞ք...
Դեռ բավական ժամանակ, մոտ մեկ ամիս պետք է մնայի այնտեղ ըստ հրավերի: Ղարաբաղի հարցից էլ ոչ մի նորություն չկար այլեւս, կարծես տարօրինակ մի անդորրություն էր տիրում: Բայց սրտիս խորքում տագնապը զգացնում էր իրեն, մերթ ընդ մերթ նույնիսկ ձայնի ելած ահազանգով դարձյալ: Չէի հավատում այդ տարօրինակ անդորրությանը, չարագուշակ էր թվում: Որպեսզի հանգստացնեմ այդ ներքին ձայնը, հրապարակային դասախոսություններ արեցի հայ մշակույթի համաշխարհային արժեքների մասին: Հայաստանում իմ ճամփորդությունները կենդանի նկարագրելու ձեւով: Պետք է ասեմ, որ մեծ հաջողություն ունեցան այդ դասախոսություններս: Բարեկամսներս էլՙ Երանուհին եւ Օննիկը, Ագապին եւ Գալուստը, հասկանալով ներքին անհանգստությունս, օգնում էին հոգեվիճակս թեթեւացնելու, երկար շրջագայությունների տանելով Կիպրոսի տեսարժան վայրերը մինչեւ Աֆրոդիտեի «ծննդավայր» Պաֆոս, մինչեւ Թրոդոսի բարձունքները, ուր հուզիչ էր ինձ համար, երբ ցույց էին տալիս գեղատեսիլ գյուղերում, թե սաՙ մեր պրն Գեւորգյանի ամառանոցն էր, այն մեկըՙ պրն Շեոհմելյանինը, մյուսըՙ պրն Տանձիկյանինը, մյուսըՙ տոքթ. Քրիշչյանինը, փոքր սիրուն տնակներ...
Ու հանկարծ լուրՙ Մոսկվան զորք է իջեցրել Հայաստան, հատկապես Երեւան: Իսկույն խնդրեցի, որ փութացվի մեկնումս: Կարելի էր միայն Մոսկվայի վրայով: Ու հենց դեսպանատան միջոցով էլ հաջողվեց շտապ օդանավի տոմս ապահովել ինձ:
Հաճախ եմ եղել Մոսկվայում, երկու տարի էլ ապրել այնտեղ ու այն ժամանակ սիրել նույնիսկ: Բայց երբեք Մոսկվան աչքիս այնքան մռայլ, օտարոտի, մերթ նույնիսկ թշնամական չէր երեւացել ամբողջ երկու օր, մինչեւ կարողացա Գրողների միության շնորհիվ տոմս ճարել Երեւան թռչելու: Ծանոթ հայ տղաների դեմքը, այդ Մոսկվայում, սեւացել էր կարծես զայրույթով, նույնիսկ ատելությամբ: Ցույց տվին «Պրավդա» թերթում (վաղուց արդեն պետք է «Լոժ» կոչված լիներ այդ թերթը) մի նողկալի հոդված, ուր հայ ժողովրդին վերագրվում էր «վՈՓՌՏվՈսՖվօռ ֆչՏՌջՎ» եւ իր արդար պահանջը ներկայացնելու համար «էքստրեմիստ» էր նշավակվում մի ողջ ժողովուրդ: Ո՜վ է արել Սումգայիթը, ո՜ւմ գլխին ինչ են թափում: Եվ այդ հոդվածով ծայր էր առել մի ճղճղան հակահայ հիստերիա: Տղաները բացեիբաց հայհոյում էին Գորբաչովին: Իսկ ես մտածում էիՙ այսօր իրեն նոր Լենին երեւակայող այդ Գորբաչովն էլ ո՞վ է արդյոք բուն խորքում...
Բայց բոլորովին ուրիշ պատկեր տեսա Երեւանումՙ զարմանալի: Մի պայծառությունՙ ոչ միայն եղանակը, այլեւ մարդկանց ժպտուն դեմքերը: Հեգնական ժպտուն, ասես ամբողջ Երեւանը դարձել էր կծու հումորի, անեկդոտների, դիպուկ սրամտությունների ասպարեզ: Քաղաքի վրա խումբ-խումբ թռչող ռազմական ուղղաթիռները կոչվել էին «Գորբաչովի նվերներ» կամ «պերեստրոյկայի ծիծեռնակներ»: Երեւանի հրապարակներում, հատկապես օպերայի շուրջ շշմած-շվարած կանգնել էին ռուս զինվորները, ապուշ-ապուշ ժպտալով, թե ինչո՞ւ են իրենց բերել այս ուրախ-զվարթ ժողովրդի մեջ, ուր աղջիկներն իրենց ծաղիկներ են մատուցում, երեխաներըՙ պաղպաղակ: Զգո՞ւմ էին արդյոք դառնության հումորը, այսպես ասած «վշտի ծիծաղը» իրենց երեսին...
Մոսկվայի արձակած այդ հակահայ բութ, անխորհուրդ, անհեռատես հիստերիան Երեւանում արձագանք էր տվել այդպիսի զարմանալի մի ոգեւորությամբ, որի մեջ ինչե՜ր էին եռում սակայն, եւ դա զգում էի լուրջ խոսակցությունների մեջ էլ: Այդ բոլորը կարծես խտացված ամփոփվեցին, երբ տղաս ինձ ասաց.
- Պապա, մի ամիս էՙ այս օրերին ես զգացի, որ մեր հայոց դարավոր պատմությունը շարունակվում է, եւ ես այդ պատմության մասնիկն եմ, մեր նախնիների հետնորդն եմ իսկապես...
Երեսուներեք տարեկան վիրաբույժ տղաս: Հովիկս, որ իր պապի եւ իմ բուն ազգանունն է կրումՙ Սարկավագյան, եւ արդեն ճանաչում է գտնում որպես լավ վիրաբույժ: Աչքերս լցվեցին իր ասածից: Կիպրոսում այն տագնապոտ օրերս մնացին հեռու, եկել էի, այստեղ էի արդեն, հայոց շարունակվող դարավոր պատմության ծոցում տղայիս հետ, դիմացս էլ Արարատըՙ թեկուզ սահմանից անդին...
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ