Յուրի Մերզլյակով. «Իրավիճակի լարումն Ադրբեջանի կողմից ոչ մի լավ բանի չի հանգեցնի»
ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահները հավանաբար մայիսին կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տեղեկացրել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա, մոտ ժամանակներս տարածաշրջան կայցելի ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Մերզլյակովը նշել է նաեւ ապրիլի 7-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա այցելության եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Վաշինգտոն ուղեւորության մասին:
Ռուսաստանցի համանախագահի հաղորդման համաձայն, այս հանդիպումներում կքննարկվեն բանակցային գործընթացի ներկա փուլը, ինչպես նաեւ հետագա հնարավոր քայլերը: Մերզլյակովը նաեւ նշել է, որ Մինսկի խմբի միջնորդների Վաշինգտոնում եւ Ստամբուլում քննարկումներից հետո բանակցային գործընթացը շարունակվում է, շարունակվում են նաեւ խորհրդակցությունները, իրականացվում են աշխատանքային հանդիպումներ:
Ինչ վերաբերում է տարածաշրջան համանախագահների այցելության հստակ ամսաթվին եւ հետագա քայլերին, ապա, ըստ Մերզլյակովի, ապրիլի երկրորդ կեսին միջնորդներից ոչ բոլորը ազատ կլինենՙ տարածաշրջան այցելությունն իրականացնելու համար: Մարտի 20-ին Ստամբուլում համանախագահների հանդիպմանն իր բացակայության առնչությամբ Մերզլյակովը որեւէ բացատրություն չի տվել:
Ըստ «Պանարմենիան.նեթ» ինտերնետային կայքէջի, պրն Մերզլյակովը նշել է նաեւ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածության հավանականության մասին, ընդգծելով, սակայն, որ ներկա փուլում հանդիպման որոշակի վայրի եւ ժամանակի մասին պայմանավորվելը դժվար էՙ արտգործնախարարների ժամանակացույցերի չհամընկնելու պատճառով: Ամեն դեպքում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելությունը տարածաշրջան տեղի ունենա մայիսին, ապա այդ ժամանակ էլ կողմերը կպայմանավորվեն Օսկանյան-Մամեդյարով հանդիպման մասին:
Ըստ Մերզլյակովի, թեեւ արտգործնախարարների հանդիպման մասին քննարկումներ եւ խորհրդակցություններ գնում են, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման առումով խոսակցությունը վաղ է: Ըստ ռուսաստանցի դիվանագետի, հանդիպումը պետությունների նախագահների մակարդակով պետք է պատշաճ ձեւով նախապատրաստվի, իսկ դրա համար ժամանակ է պետք:
Մինսկի խմբի ռուս համանախագահը ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը որակել է աղետ, հավելելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն հակամարտության ռազմական փուլ անցումը թույլ չտալու համար: Ըստ Մերզլյակովի, իրավիճակի լարումն Ադրբեջանի կողմից ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Մենք պետք է ձգտենք խաղաղության, կարգավորման ներուժը դեռեւս սպառված չէ», հայտարարել է Յուրի Մերզլյակովը: 2006 թ. դեռ նոր է սկսվում եւ, ռուս դիվանագետի կարծիքով, դեռեւս հույս կա մինչեւ տարեվերջ հակամարտությունը կարգավորելու համար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ