«Իմ եւ իմ ընտանիքի համար հայրենիքը շահութավայր չէ: Ինձ եւ իմ ընտանիքին զրպարտելով` չեն կարող հեռացնել հայրենիքից», ասել է երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Փակագիծ» ակումբում: «Ժառանգության» նախագահը վտանգավոր է համարել իշխանության գործելաոճը, երբ օրենքի անունից մտնում են տունդ եւ առանց դատարանի որոշման, քո բացակայությամբ վտարում են քեզ տնից: Գրասենյակը կորցնելու վտանգը չի կարող կանգնեցնել նրան` Հայաստանի ժողովրդավարության եւ քաղաքացիների իրավունքների համար մղած պայքարում. «Եթե ինձ գրասենյակից եւ տնից էլ զրկեն, ինձ միայն մի փոքրիկ վրան է պետք, իշխանությունը վրանից էլ է վախենում»: Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը` նա ինքնաքննադատության տեղ տեսավ. «Գործն արդար էր, բայց եղան վրիպակներ... Այսօր էլ, համախմբվելու փոխարեն, ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն ուզում է առանցք ու ղեկավար դառնալ, չի ուզում վեր կանգնել իր «ես»-ից... արդյունքում ունենք բազմաթիվ առանցքներ»: Դրանով հանդերձ` Հովհաննիսյանը միավորվելու բանաձեւը գտնելու հույսը չի կորցնում. «Արհեստականորեն դրսից ներմուծված հեղափոխությամբ Հայաստանի վիճակը չի փոխվի, նոր մոտեցումներ են անհրաժեշտ, այս տարվա ընթացքում անհրաժեշտ է նոր արժեքների որոնում` մինչեւ արտահերթ կամ հերթական ընտրություն»: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ արժեքները նախ որոնելու է ընդդիմադիր գործընկերների հետ, նաեւ ազգային շահերի գերակայությամբ, չբացառելով իշխանական բեւեռի հին ու նոր կուսակցությունների հետ համագործակցելը:
Առավել կարեւորն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահը խոսում է նախկին սխալները խոստովանելու անհրաժեշտության մասին` նկատելով, թե քաղաքական ուժերը պետք է վեր կանգնեն նեղ շահերից, քանի որ, իր բառերով, հրապարակում ոչ թե իշխանության, այլ պետության վտանգվածության խնդիրն է: