«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔԵՐ ՉԿԱՆ

Երեւանը քաղաքաշինության տեսանկյունից վերջին մի քանի տարիներին մեծ առաջընթաց է ապրում: Քաղաքի կենտրոնական, երթեւեկելի հատվածներում իրենց նորաոճ, այսպես ասած` եվրանախագծով կառուցված բազմահարկ շենքերի թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Քաղաքի կանաչապատ տարածքներում գրեթե «ասեղ գցելու» տեղ չկա, իսկ դեռեւս առկա հողակտորներն էլ արագությամբ սեփականաշնորհվում են շքեղ առանձնատներ կամ էլիտար շենքեր կառուցելու համար: Ասում ենՙ պահանջարկը ծնվում է առաջարկից: Մեծ մասամբ մինչ շահագործման հանձնվելն են նորակառույցները վաճառքի հանվում, որպեսզի գնորդը սեփական ճաշակով ավարտին հասցնի վերանորոգման աշխատանքները:

Շենքերի նախագծման եւ կառուցապատման աշխատանքներն իրականացնում են խոշոր շինարարական կազմակերպությունները, այդ թվում նաեւ անհատ օտարերկրացիներ: Այժմ գնորդներից շատերն են ցանկանում բնակարան ձեռք բերել հենց այդ էլիտար կոչվող շենքերում:

Այդ եվրոպականամետ էլիտար եւ էլիտա հասկացությունները մեր կենցաղ են ներխուժել դեռեւս այն ժամանակվանից, երբ մայրաքաղաքում ակտիվորեն սկսվեց բազմաբնակարան շենքերի կառուցումը:

Հետաքրքրական է, Երեւանում կա՞ն արդյոք այնպիսի շենքեր, որոնք կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան եւ կարող են էլիտար կառույցներ համարվել: Կամ առհասարակ, հասարակության ո՞ր շերտն է կազմում էլիտան, որը, քաղաքացիների հավաստմամբ, հենց այդ նորակառույցների բնակիչներն են: Անշարժ գույքի գործակալության աշխատակիցները հաճախակի են պնդում այն կարծիքը, թե չի կարելի էլիտարը շփոթել նորակառույցի հետ:

«Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինե Չատինյանը լիովին համոզված է, որ Երեւանում էլիտար շենքեր դեռեւս չկան, քանի որ դրանց չափանիշները բոլորովին այլ են, մանավանդ չեն կարող կառուցվել միմյանցից տասնհինգ մետր հեռավորությամբ, «Եթե պատուհանիցդ ամբողջովին դիտելի են հարեւանիդ խոհանոցն ու ննջասենյակը, ուրեմն էլ ի՞նչ էլիտարի մասին կարող է խոսք լինել», մեջբերում է գործակալության տնօրենը:

«Ռիելթի գրուպ» եւ «Բարս» գործակալություններից մեզ ներկայացրին այն չափանիշները, որոնք պետք է առկա լինեն յուրաքանչյուր կառուցվող էլիտար շենքում: Նախ եւ առաջ այդ շենքերի նկուղային հատվածում պետք է լինեն անհրաժեշտ քանակությամբ ավտոկայանատեղիներ, ինչպես նաեւ ունենան լողավազան, սպորտ սրահ, խաղահրապարակ, եւ այդ բոլոր ծառայություններից բնակիչը պետք է օգտվի առանց շենքից դուրս գալու: Ավելացնենք նաեւ թիկնապահական ծառայության եւ շենքին հարակից սուպերմարկետների առկայության հանգամանքը: Այդ շենքերը էլիտար են համարվում նաեւ իրենց նորացված հաղորդակցման եւ ջեռուցման համակարգերով ու հզոր սեյսմակայունությամբ: Շենքին հարակից բոլոր ծառայություններից օգտվելու դիմաց բնակիչը ամսական վարձավճար է մուծում մոտավորապես 50-200 դոլարին համարժեք դրամի չափով:

«Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինե Չատինյանից պարզեցինք, որ նման ծառայություններով հագեցած նորակառույց շենքեր կենտրոնական պողոտաներում այնուամենայնիվ կան: Բայրոնի, Տերյանի եւ Պուշկին- Ղուկասյան խաչմերուկներում կառուցված շենքերը, կարելի է կիսով չափ էլիտար համարել, սակայն որքանո՞վ են դրանք համապատասխանում եվրաստանդարտներին, նա ստույգ չկարողացավ պատասխանել:

Նորակառույց շենքերն իսկապես իրենց լայն հնարավորություններով ու հզոր սեյսմակայունությամբ զիջում են հնակառույցներին, սակայն չեն կարող էլիտար համարվել: Դրանք պարզապես նորակառույց շենքեր են, որոնց նախագծման աշխատանքները կամ նոր են սկսվել, կամ էլ անավարտ են մնացել դեռեւս խորհրդային տարիներին: Այդ շենքերի բնակիչները, գործակալության աշխատակիցների հավաստմամբ, հիմնականում տեղացիներ են, որոնք կազմում են հասարակության միջինից բարձր խավը, քանի որ գնային տատանումները հնակառույցների միջեւ բավական մեծ են: Օրինակՙ 1 քմ-ն տատանվում է 900-1300 դոլարի միջեւ: Գնորդների թվում կան նաեւ օտարերկրացիներ եւ սփյուռքահայեր:

Եթե արտերկրներում սովորաբար բարձր սակագին են ունենում քաղաքամերձ հատվածներում վաճառվող բնակարաններն ու առանձնատները, ապա Երեւանում հակառակ երեւույթն է: Որքան բնակավայրը մոտ է քաղաքի կենտրոնական հատվածին կամ կառուցված է անմիջապես մայթեզրին, այնքան բարձր գին ունի:

Անշարժ գույքի շուկայի վերլուծաբանները վերջին մեկ տարում արձանագրել են այն միտումը, որ եթե մինչ օրս բարձր սակագին ունեին ցածրահարկ բնակարաններն, ապա դրանց պահանջարկն արդեն փոխվել է, ու թանկ են գնահատվում բարձրահարկ բնակարանները: Մարինե Չատինյանը նկատում է, որ որոշ մարդիկ սկսում են նախընտրել բնակվել քաղաքամերձ հատվածներում, առօրյա թոհուբոհից հեռու: Կարծես թե կամաց-կամաց մոտենում ենք եվրոպական մտածողությանը: Եթե այդպիսի միտում է նկատվում, չի բացառվում, որ կենտրոնում վաճառվող բնակարաններն արդեն դադարեն «պրիստիժային» համարվելուց:

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4