«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԲԱՑՈՒՄ

Նրանք նույնիսկ գործազուրկի կարգավիճակ չունեն

Սոցիալական քաղաքականության այս տարվա նորությունը թափառաշրջիկներին ժամանակավոր օթեւանի տրամադրումն է, մի խնդիր, որի մասին տարիներ խոսվել է, բայց այս տարի միայն կարծես թե իրականություն է դառնում: Սակայն կառավարությունը չի սահմանել, թե ինչ ընթացակարգով է իրականացվելու փողոցից թափառաշրջիկների տեղափոխումը տուն-ինտերնատ: Կարգն առայժմ մշակման ընթացքում է: Քանի դեռ կարգը վերջնականապես չի մշակվել, ամեն ինչ իրականացվում է պահի ու հանգամանքների թելադրանքով` երեւանցիների ահազանգով:

Բնականաբար, միայն այս ինտերնատ կառույցի մասնակցությամբ խնդիրը չի լուծվի: Հետագայում այս գործընթացի մեջ պիտի ներգրավվեն ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ արտակարգ իրավիճակների վարչությունը, ե՛ւ հիվանդանոցներն ու թաղապետարանները:

Ժամանակավոր օթեւանը (հասցեն` գյուղ Հաղթանակ, տուն 45), ինչպես նշում է տնօրենը, կապիտալ նորոգումների խիստ կարիք ունի: Արդեն 32 անտուն տեղավորվել է այստեղ:

Այստեղ տեղափոխում են այն անձանց, ովքեր ուղղակի տանիք չունեն գլխավերեւում: Անօթեւանները փողոցում հայտնվում են հիմնականում 3 պատճառներով: Մարդիկ, որ հասել են ծայր աղքատության, որովհետեւ պարտքի տակ են ընկել եւ վաճառել բնակարանը: Հաջորդ խմբերում ընտանեկան կոնֆլիկտի հետեւանքով փողոցում հայտնվածներն են կամ ընտանեկան հարկի տակ բռնության ենթարկվածները: Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, առանձնահատուկ մոտեցում ու վերաբերմունք է պահանջում, ընդհուպ հոգեբանի ներկայությունը: Թափառաշրջիկների հետ ինչպես վարվելու ռազմավարությունը եւս մշակման փուլում է:

«Այս պահին տուն-ինտերնատում տեղ չկա, բայց իրավիճակն ամեն օր կարող է փոխվել, եթե մի քանիսի խնդիրները հաջողվի լուծել», ասում է տնօրեն Դավիթ Շահբազյանը: Մի քանիսը գտել են հարազատներին, մյուսները ըստ սահմանված կարգի կմնան, մինչեւ 2 ամիսը լրանա: Ժամանակավոր երջանկության այդ ժամկետը լրանալուց հետո, եթե ծերեր են, պիտի տեղափոխվեն ծերանոցներ, եթե երեխաներ` մանկատներ: Իսկ եթե հայտնաբերվեն նրանց հարազատները, փորձ կարվի բանակցել` թափառաշրջիկի կարգավիճակում հայտնվածին վերադարձնելու համար:

Հաջողվել է գտնել ծնունդով ալավերդցի 32-ամյա Աննայի հարազատներին, եւ աղջիկն արդեն նրանց մոտ է:

Իսկ եթե անձն այս բոլոր տարբերակներից դուրս է, «շատ հավանական է, որ որոշակի եկամուտներ ապահովելով, նրան հնարավորություն տրվի վարձակալել բնակության որեւէ տեղ», խոստանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: «Գլխավորը այդ մարդկանց հասարակության մեջ մտնելու հնարավորություն տալն է, այսինքն, նրանց համար աշխատանք ու աշխատատեղ գտնելը»: Թե որքանով է այդ ծրագիրն իրատեսական, կերեւա առաջիկայում:

Իսկ առայժմ ավելի իրատեսական խնդիրներ են լուծվում նրանց համար: Թափառաշրջիկները անձնագիր, առավել եւս սոցիալական քարտ, որեւէ այլ փաստաթուղթ չունեն: Տնօրենությունը ձեռնամուխ է եղել նրանց անձնական փաստաթղթերով ապահովելու միջոցառմանը:

Ի դեպ, երեւի մինչեւ տարին կիսվի, նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել նաեւ բռնությունների ենթարկված անձանց ապաստան տրամադրելու համար: Արտասահմանյան ծագման այս խնդիրը արհեստականորեն բուծվեց մեզանում, սակայն քանի որ դրամաշնորհային մեծ հովանու տակ է, հավանաբար բռնությունների ենթարկվածներին ապաստան ավելի շուտ կտրամադրվի, քան բոմժերին, որոնք իրենց կարգավիճակով արդեն մեր անկախ հանրապետության տարիքին են:

Անկախ ամեն ինչից, այդ ապաստանում կտեղավորվի նաեւ բոմժերի մի մեծ զանգված, քանի որ նրանք առանց երկմտելու կարող են ներկայանալ որպես սեփական երկրի սոցիալական քաղաքականության ծանրաշարժությունից տուժածներ: Դա էլ բռնության մի տեսակ է: Թափառաշրջիկներին տանիքով ապահովելու խնդիրը կարելի էր շատ ավելի վաղ լուծել:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4