«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


«ՀԱՅԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՆ». ԸՆԴԳԾՈՒՄ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Դիվանագետ աշխատելու տարիներին գրադարաններում ծանոթանալով հայերի մշակութային եւ տպագրական ժառանգությանը` Հայաստանում Ռումինիայի դեսպան Նիկոլայ Ջորդաշը նկատել է` դրանք համաշխարհային արժեքներ են: Աշխատանքի բերումով ամբողջ կյանքում գրքի հետ կապված դիվանագետին հայ գրքի հետ կապող շատ բաներ կան: Նա հպարտությամբ է նշում, որ 19-րդ դարի Ռումինիայի վերածննդի գրականության հիմնադիրը ազգությամբ հայ Սպիրուա Խարետն է եղել, որը հետագայում զբաղեցրել է երկրի կրթության նախարարի պաշտոնը: Դեսպան Ջորդաշը ուրախությամբ նկատում է նաեւ, որ Ազգային գրադարանում ռումինական գրականության հսկա պահեստը շատ լավ է պահպանվել:

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ազգային գրադարանային շաբաթ միջոցառումը, որը կտեւի ապրիլի 3-10-ը, արդեն ավանդական է դարձել եւ կազմակերպվում է հինգերորդ տարին: Երեկ, շաբաթի բացման ժամանակ, բացի հիշյալ օտարերկրացի դիվանագետից ներկա էին նաեւ կառավարական եւ պետական պաշտոնյաներ, հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանը, ինչպես նաեւ մշակույթի այլ գործիչներ: Նրանք իրենց ողջույնի խոսքերում նշում էին, որ թեեւ նախորդ տարիներին` կապված սոցիալ-տնտեսական վատթար վիճակի հետ, նվազել է գրքի հանդեպ մեր հետաքրքրությունը, սակայն տարեցտարի այն շտկվում է: Ներկաները հավատացած էին, որ գրքի դերն անվիճելի է տեխնիկայի զարգացման այժմյան ահագնացող տեմպերի դեպքում անգամ: «Ինչպիսի տեխնիկա էլ լինի, դա կհեշտացնի մեր գործը, բայց չի փոխարինի գրքին, գիրքն ուրիշ է», ասաց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

«Գրադարան` քաղաքակրթությունների խաչմերուկ» խորագիրը կրող ազգային գրադարանային շաբաթը նպատակ ունի ուշադրություն հրավիրել գրքի, գրադարանների, գրադարանավարների խնդիրներին, ինչպես նաեւ արթնացնել գրքի հանդեպ եղած լուրջ վերաբերմունքը: Թեեւ արդեն հաստատվել է «Փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի մասին» ՀՀ օրենքը, սակայն գրադարանների բնագավառի աշխատողները վստահ են, որ իրենց գործի կարգավորմանն էլ ավելի կնպաստի «Գրադարանների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որն արդեն քննարկման փուլում է: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը նշեց, որ հանրապետության 1000-ից ավելի հանրային բնույթի գրադարանները` հատկապես մարզային եւ գյուղական, ուշադրության մեծ կարիք ունեն: «Այսօրվա հրամայականն է գրադարանների համալրման եւ ֆոնդերի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաներով զինվածության, կադրերի կրթական որակի կարգավորման, գրադարանների շենքային պայմանների եւ գրադարանավարների սոցիալական վիճակի բարելավման հիմնախնդիրների շուտափույթ լուծումը»:

Նախաձեռնության շրջանակներում միջոցառումներ, հետաքրքրական ծրագրեր եւ հանդիպումներ են կազմակերպվելու ոչ միայն Երեւանի, այլեւ մի շարք մարզային, քաղաքային, գյուղական եւ համայնքային գրադարաններում: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, գրադարանային շաբաթն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը եւ միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ղարաբաղի կենտրոնական գրադարանում, ինչպես նաեւ Ջավախքում, համշենահայության շրջանում:

Շաբաթի բացման ժամանակ ընթերցվեցին ԱԺ նախագահի եւ վարչապետի ուղերձները, ինչպես նաեւ գրադարանային գործի 6 աշխատողներ վարչապետի անունից ստացան շնորհակալագրեր` բնագավառի զարգացմանը մատուցած ծառայությունների եւ երկարամյա աշխատանքային գործունեության համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4