Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի վաստակաշատ նկարչուհիներից մեկը, Հայաստանի նկարիչների միության անդամ Ֆլորա Գրիգորյանը: Իր ստեղծագործական կյանքի զգալի մասը նա նվիրեց հայ ազգային տարազների որոնման, ուսումնասիրման ու նկարելու գործին: Տասնամյակների ընթացքում տաղանդավոր նկարչուհին կարողացավ մեկ առ մեկ վերականգնել ու նկարել հայկական տարբեր նահանգներում ու գավառներում տարածված տարազները:
Տարազը հայ մշակույթի անխզելի մասերից մեկն է, որը հրաշալի պատկերացում է տալիս ժողովրդի ճաշակի, գեղագիտական ըմբռնումների, նյութական հնարավորությունների, տարբեր տեսակի ու որակի գործվածքներ ու կտորեղեն պատրաստելուՙ դարերի ընթացքում մշակված ու կատարելագործված նրա հմտության մասին: Տարազը թույլ է տալիս պատկերացում կազմել ժողովրդի ապրած տարածքի բնակլիմայական պայմանների ու բազմաթիվ այլ հարցերի մասին: Առանց տարազի ուսումնասիրման անկարելի է գաղափար կազմել ազգի անցյալ կյանքի կենցաղային պայմանների, ընկերային շերտավորման, ազգային բնավորության ու սովորությունների մասին:
Ֆլորա Գրիգորյանը ծնվել է Դիլիջանում, բայց ամբողջ կյանքն անց է կացրել Երեւանում: Հաջողությամբ ավարտելով Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, նա ընդունվում եւ ավարտում է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը: Սկզբում հայ մանրանկարչության մեծ երախտավոր Լիդիա Ալեքսանդրովնա Դուրնովոյի ղեկավարությամբ նա զբաղվում է հայ մանրանկարչական սքանչելի ստեղծագործությունների պատճենահանման գործով: Լ. Դուրնովոն, որը մեծ դեր է խաղացել իր աշակերտուհուՙ Ֆ. Գրիգորյանի ստեղծագործական կյանքում, նրա աշխատանքներից մի քանիսն ընդգրկեց «Հայկական մանրանկարչությունը» վերտառությամբ հրատարակված իր հրաշալի աշխատության մեջ, որը տարածվեց աշխարհով մեկՙ մեծ փառք ու ճանաչում բերելով հայ մանրանկարչությանը: Հետո Ֆ. Գրիգորյանը, որպես տարազների նկարիչ, աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում, Երեւանի տիկնիկային թատրոնում եւ Հայկինոյում:
1964 թ. պրոֆ. Կարո Ղաֆադարյանի հրավերով Ֆ. Գրիգորյանն աշխատանքի անցավ Հայաստանի պատմության պետական թանգարանում եւ ամբողջությամբ նվիրվեց տարազների իր հավաքածուն լրացնելու եւ հարստացնելու գործին: Միաժամանակ նա լրջորեն զբաղվում էր տարազների մասը կազմող զարդերի, գոտիների, գուլպաների, ոտնամանների եւ գլխարկների ուսումնասիրմամբ:
1972 թ. ՀՀ գիտ. ակադեմիայի թղթակից անդամ, պատմության թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանի խմբագրությամբ Ֆ. Գրիգորյանը լույս ընծայեց հայ տարազների մի փոքրիկ ալբոմ, որը մեծ դեր խաղաց նախ եւ առաջ հայկական երգի-պարի խմբերի տարազները հայկականացնելու գործում: Դուրս մղվեցին պատրոնդաշներով զարդարված չերքեզկաները եւ մեր մշակույթին խորթ օտարածին մանրամասները: Հատկապես վաստակավոր խմբավար Էմմա Ծատուրյանի ջանքերով Ֆ. Գրիգորյանի ստեղծած տարազներով զարդարվեցին մեր երգչախմբերը եւ պարային խմբերը:
Հարկ է նշել, որ այդ բնագավառում աշխատել են նաեւ այլ արվեստագետներ, սակայն Ֆ. Գրիգորյանի ստեղծած տարազները, որոնց թիվն անցնում է 250-ից, աչքի են ընկնում կատարողական բարձր վարպետությամբ, գույների եւ ձեւերի բազմազանությամբ, տվյալ բնակավայրին հատուկ ազգագրական գունագծային սքանչելի լուծումներով եւ կերպարային հավաստիությամբ: Նրաՙ դեռեւս տպագրության սպասող ալբոմի մեջ ներփակված տարազները ապացուցում են, որ դրանք ոչ միայն անցյալ են, պատմություն, այլեւ արդիականութան գեղագիտական սկզբունքների անսպառ աղբյուրՙ ժամանակակից ազգային տարազի խնդիրներ լուծելու համար:
Հայկական ազգային տարազը փրկելու եւ պահպանելու նպատակով Ֆ. Գրիգորյանը գրում էր ուսումնասիրություններ, որոնք տպագրվում էին թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի պարբերականներում: Մեծ հաջողություն ունեցան հայ տարազի նրա ցուցահանդեսները Երուսաղեմում, Թեհրանում, Հալեպում եւ այլ քաղաքներում:
«Ազգային տարազը, որն այսօր թանգարանային արժեք ունի եւ կտրվել է մեր ոչ միայն կենցաղից, այլ մշակույթից, - գրել է Ֆ. Գրիգորյանը Արցախի տարազին նվիրված իր աշխատության մեջ, - հատուկ հոգածության կարիք ունի: Յուրաքանչյուր ազգային տարազ ունի արդիականանալու եւ իր կյանքը շարունակելու հնարավորություն, դրա անհրաժեշտությունն ունի հայկական տարազը, որը չունենալով բնական զարգացում, ընդհատվել է եւ կանգ առել անցյալի եւ ներկայի եզրագծին»:
Լիահույս ենք, որ տասնամյակների տքնաջան աշխատանքով ստեղծված Ֆ. Գրիգորյանի տարազների ալբոմն ի վերջո լույս կընծայվի եւ դա կլինի երախտագիտության տուրք իր կյանքը հայ արվեստին նվիրած շնորհալի նկարչուհու հիշատակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ