«Հայաստանի հանրային հեռուստաալիքը` Հ1-ը, լինելով հանրային ու միակ ալիքը, որ այսօր հեռարձակվում է նաեւ ամբողջ սփյուռքում, իր հաղորդումներով հայրենի պետականության ամրապնդման համար մտածող ու հանձնառու երեխաներ ու մեծահասակներ դաստիարակելու պարտականություն ունի: Կարծում եմ, որ Հ1-ը պիտի կատարի այն առաքելությունը, որն այսօր դժբախտաբար չի արվում Հայաստանի ոչ մի հեռուստաընկերությունում, մասնավորապեսՙ Հ1-ում: Առաջարկում եմ վերանայել ներկա հաղորդումների ցանկը: Խնդրում եմ նամակս ընդունեք իբրեւ դրական ու կառուցողական քննադատություն», Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին ուղղված նամակում գրում է Իրանից հայրենադարձված Կիտուշ Արզույանը:
Նա առաջարկում է ցուցադրել հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված դաստիարակչական մուլտֆիլմեր, պատանիներին ու մեծահասակներին ծանոթացնել հայկական ավանդական տոներին, հայ եւ օտար ժողովուրդների մշակութային արժեքներին, կազմակերպել հայագիտական բովանդակության վիկտորինաներ, իսկ սերիալները ընտրել ավելի զգուշորեն ու մտածված, հաշվի առնելով դրանց ասելիքը եւ այլն:
«Անվիճելի փաստ է, որ Հայաստանում այսօր կան գործարար մարդիկ, որոնք պետք է որ գիտակցեն այս հույժ կարեւոր խնդիրն ու հովանավորեն այդ ուղղությամբ մտավորականների աշխատանքը: Արդար լինելու համար պիտի շնորհավորեմ ձեզ երբեմն-երբեմն ցուցադրվող որակյալ հաղորդումների համար, որոնք դժբախտաբար չեն հեռարձակվում սփյուռքում: Խոստովանեմ, որ լավ են վարում թե՛ «Հայլուրի», թե՛ այլ ծրագրերի հաղորդավարները, իսկ ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքը բացառապես հաջողված է միայն Հ1-ում»:
Տիկին Արզույանը նշում է, որ հեռուստահաղորդումներով պետք է հասարակությանը փոխանցվեն «հայկական մշակույթն ու ազգային ոգին, այլ ոչ թե քաջալերվի օտարամոլությունը»: