Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան չորս հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներին: Հիշեցնենք, որ «Փյունիկը», «Միկան», «Բանանցն» ու «Կիլիկիան» գավաթի համար պայքարը սկսելու են քառորդ եզրափակիչից: Իսկ այս փուլի մյուս չորս մասնակիցները պայքարը շարունակելու իրավունք ստացան 1/8 եզրափակիչում հաջող մրցելույթների շնորհիվ:
Դեռեւս 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո «Արարատն» ու «Գանձասարը» հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ էին ներկայացրել: «Արարատը» հաղթել էր իր դուստր թիմին (4-0), «Գանձասարը» պարտության էր մատնել «Միկա-2-ին» (3-1): Եվ ահա պատասխան հանդիպումներում էլ այս թիմերը կրկին վստահ հաղթանակներ տոնեցին ու պայքարը շարունակելու իրավունք ստացան: «Արարատի» հետ խաղում «Արարատ-2-ի» ֆուտբոլիստներն առաջինը հասան հաջողության: Արեգ Ավագյանի խփած գոլի շնորհիվ երիտասարդ արարատցիները առաջին խաղակեսը շահեցին 1-0 հաշվով: Սակայն ընդմիջումից հետո «Արարատի» փորձառությունն ի վերջո վճռորոշ եղավ: Նախՙ Տիգրան Հովհաննիսյանը 11մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, ապա աչքի ընկան Վահե Դավթյանն ու Հրաչյա Վարդազարյանը:
Աշտարակում «Միկա-2-ը» հյուրընկալել էր «Գանձասարին»: Պայքարը շարունակելու համար դաշտի տերերին անհրաժեշտ էր մրցակցին հաղթել առնվազն երկու գնդակի տարբերությամբ: Սակայն դա դժվարին խնդիր էր` հաշվի առնելով «Գանձասարի» ներուժը: Բացի այդ էլ, Աշտարակի խաղադաշտի անորակության պատճառով ֆուտբոլիստներին չէր հաջողվում կոմբինացիոն խաղ կազմակերպել, գնդակն էլ հաճախակի չէր ենթարկվում նրանց: Նման պայմաններում դիտարժան ֆուտբոլի մասին խոսք լինել չի կարող: Հատկապես առաջին խաղակեսում մրցակիցներին չհաջողվեց լրջորեն սպառնալ դարպասներին: Իսկ ահա ընդմիջումից հետո խաղի պատկերը փոխվեց: «Գանձասարի» հարձակողական գործողություններին զգալի թափ հաղորդեց փոխարինման մտած Վիլեն Հարությունյանը, որը շուտով բացեց հաշիվը: Այնուհետեւ երկու անգամ «Միկա-2-ի» դարպասը գրավեց Արտյոմ Բեռնեցյանը, իսկ ավելացված ժամանակում ինքնագոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի պաշտպան Վիտալի Հակոբյանը: Հաղթելով 4-0 հաշվով, «Գանձասարը» մտավ քառորդ եզրափակիչ:
Հանդիպումից հետո «Գանձասարի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանը հետեւյալը նշեց. «Գավաթային խաղերին բնորոշ լարված մրցավեճ ծավալվեց: Կապանում տոնած հաղթանակը մեզ վստահություն էր ներշնչել: Բնական էր, որ մրցակիցը ձգտելու էր ռեւանշի հասնել, ուստի պետք է ապավիներ գրոհներին: Մենք պատրաստ էինք դրան: Այս անգամ էլ խաղի ելքը վճռվեց 2-րդ խաղակեսում: Իրոք որ հաջող փոխարինումներ կատարեցինք, Վիլեն Հարությունյանն էլ շատ հաջող խաղի մեջ մտավ: Առջեւում «Միկայի» հետ քառորդ եզրափակիչ հանդիպումներն են, որոնց շատ լրջորեն պետք է նախապատրաստվել, քանի որ մրցակիցն իրոք ուժեղ է: Մինչեւ առաջնության մեկնարկը պետք է ձգտենք համալրել թիմը, որպեսզի կարողանանք դիտարժան ֆուտբոլ ցուցադրել եւ լավ արդյունքների հասնել»:
1/8 եզրափակիչի մյուս երկու հանդիպումներում մրցակիցներին հաջողվեց ռեւանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց: «Բանանց-2-ը», որ առաջին խաղում 0-1 հաշվով զիջել էր «Փյունիկ-2-ին», պատասխան հանդիպումը շահեց 3-0 հաշվով եւ մտավ հաջորդ փուլ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Ալիկ Խաչատրյանը` դառնալով խփած բոլոր 3 գոլերի հեղինակ: «Շիրակն» էլ ռեւանշի հասավ «Հայ-Արիից» առաջին խաղում կրած պարտության (0-1) դիմաց: Թեեւ պատասխան խաղում որակազրկման պատճառով թիմից բացակայում էին «Շիրակի» փորձառու խաղացողներ Արտակ Ադամյանն ու Կարեն Խաչատրյանը, սակայն դա չազդեց մրցակցության ելքի վրա: Երկրորդ խաղակեսում Վահան Մառանջյանի եւ Հրայր Մկոյանի խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ «Շիրակը» քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
Եվ այսպես, ութ ուժեղագույն թիմերը շարունակում են պայքարը պատվավոր մրցանակի համար: Վաղը կկայանան քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները: Կապանում «Գանձասարը» կհյուրընկալի երկրի ներկայիս գավաթակիր «Միկային», իսկ «Կիլիկիան» սեփական հարկի տակ կմրցի «Բանանց-2-ի» հետ: Ապրիլի 6-ին տեղի կունենան «Փյունիկ»-«Արարատ» եւ «Շիրակ»-«Բանանց» քառորդ եզրափակիչ մյուս երկու հանդիպումները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ