Ապրիլի 1-ին, ժամը 15.30-15.40-ի սահմաններում, ինչպես պատմեցին ականատեսները, Արմավիրի կենտրոնում, Հանրապետության փողոցի թիվ 6 շենքի դիմաց, որտեղ տեղավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը, Ջանֆիդա գյուղի բնակիչ, ԵԿՄ-ի տարածքային նախագահ, 1961 թ. ծնված Ռոստամ Գասպարյանը, երբ ցանկացել է նստել իր «Համմեր Ն2» մակնիշի սեւ, 020 Ս 444 պետհամարանիշի ավտոմեքենան, սկսվել է կրակահերթ: Մեքենան ամբողջովին շարքից դուրս է եկել, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են ձախ ուսը եւ ոտքը: Ականատեսները նկատել են «ՎԱԶ-2107» մակնիշի սպիտակ գույնի 28 ՕՍ 785 համարանիշով Սամսոն Դ.-ի ավտոմեքենան եւ երիտասարդների, որոնք կրակահերթ բացելուց հետո նստել են մեքենան ու փորձել հեռանալ, սակայն մեքենան կտրուկ շրջադարձի պահին ընկել է առվի մեջ ու չի կարողացել դուրս գալ, իսկ մահափորձ իրականացնողները թողել են մեքենան ու փախուստի դիմել:
Կատարվածի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մ. Մ.