«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՐԱՆՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԽՆԴԻՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վիրահայոց թեմական մտահոգություններ

Վրաստանում ժողովրդավարության եւ հանդուրժողականության մակարդակի գնահատման առանձնահատուկ եւ լուրջ սանդղակ է այս երկրի ազգային եւ կրոնական փոքրամասնություններին հուզող խնդիրների կարգավորումը:

Մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցած Վրաստանի քրիստոնեական հարանվանությունների առաջնորդների երկրորդ հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Բապտիստական եկեղեցու առաջնորդ Մալխազ եպս. Սոնղուլաշվիլին եւ Լյութերական եկեղեցու առաջնորդ Անդրեաս եպս. Շտյոկլը:

Վրաստանում «Խճղի եւ կրոնի ազատության» օրենքի բացակայության պատճառով, պետության եւ եկեղեցական հարանվանությունների միջեւ հատուկ համաձայնագրի ստորագրման միջոցով իրավաբանական կարգավիճակ ստանալու անհրաժեշտությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանն առաջարկեց նամակով դիմել երկրի նախագահին, միջնորդության համարՙ վրաց պատրիարքին: Ներկա եկեղեցիների առաջնորդները համաձայնեցին սրբազան հոր առաջարկին: Վերջինս տեղեկացրեց, որ իսլամական համայնքի հոգեւոր առաջնորդ Ախունդ Ալի Ալիեւը նույնպես համաձայնել է ստորագրության, ակնկալվում է դրական պատասխան նաեւ հրեական համայնքի հոգեւոր առաջնորդ ռաբբի Ավիմելեխ Ռոզենբլատից: Վազգեն սրբազանն ասաց, որ Վրաստանի կառավարությունը պետք է ճանաչի ոչ միայն քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների, այլ նաեւ մեկ միլիոնից ավելի իսլամական եւ հրեական համայնքների իրավունքները, եւ առաջարկեց Թբիլիսիում անցկացնել կլոր սեղան, որը կայացավ մարտի 30-ին Հակամարտությունների եւ բանակցությունների հետազոտության միջազգային կենտրոնումՙ մասնակցությամբ Վիրահայոց թեմի, Վրաստանի խորհրդարանի, ժողովրդական պաշտպանի գրասենյակի եւ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների: Քննարկման հիմնական խնդիրըՙ Վիրահայոց թեմին իրավաբանական կարգավիճակ տրամադրելը եւ պատմականորեն թեմապատկան վեց եկեղեցիների վերադարձվելն էր, որոնք առ այսօր գտնվում են Վրաստանի մշակութային, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարության հաշվառման տակ:

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը կարեւորեց Վրաց ուղղափառ եկեղեցու մասնակցությունն այս հարցում եւ նշեց, որ վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը կողմ է Վրաստանի ավանդական կրոնների իրավաբանական կարգավիճակ ստանալուն: Վիրահայոց թեմի ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանը տեղեկացրեց, որ թեմը միտված է երկրի կառավարության հետ առանձին համաձայնագրի կնքմանը:

Իսկ Լյութերական եկեղեցու առաջնորդը Վրաստանի կրոնական մյուս հարանվանությունների անունից ընդգծեց, որ կառավարությունը հիշյալ խնդիրների կարգավորմանն ընդառաջ չի գնում, ինչը կարող է հանգել Ստրասբուրգի դատարան իրենց դիմելունՙ պաշտպանելու սեփական իրավունքները: Այն պարագայում, երբ ըստ 2002 թ.-ին Վրաց ուղղափառ եկեղեցու եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրված սահմանադրական համաձայնագրի, վրաց եկեղեցին կողմ էր Վրաստանում գործող կրոնական ավանդական հարանվանություններին իրավաբանական կարգավիճակ տրամադրելուն:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4