«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ԹՈՒՐՔ-ՔՈՒՐԴ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

PKK-ի անջատողականությունը հենարան է գտնում Թուրքիայում

Մարտի 28-ին քուրդ ցուցարարների Դիարբեքիրում ծայր առած ընդվզումը, որը հանգեցրեց թուրքական անվտանգության ուժերի հետ արյունալի բախումների, մինչեւ մարտի 31-ը տարածվեց Թուրքիայի հարավարեւելյան եւ արեւելյան շրջաններում, ապա Ստամբուլի գլխավորությամբ այլ քաղաքներում, որոնց ապրիլի 3-ին միացավ նաեւ Անկարան:

Բախումների հետեւանքով Դիարբեքիրում սպանվել են 9, Բաթմանումՙ 2, Մարդինումՙ 2 ցուցարարներ, իսկ Ստամբուլում PKK-ի ահաբեկչությանը զոհ է դարձել 4 մարդ: Սպանվածների մեջ կան երեխաներ: Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է PKK-իՙ 4 մարդու սպանության պատճառ դարձած ահաբեկչությունն Ստամբուլում եւ պաշտոնապես ցավակցություն է հայտնել քրդական այս կազմակերպության համակիրների «սանձազերծած բռնությունների» հետեւանքով վախճանված քաղաքացիների համար:

Միայն Դիարբեքիրում վիրավորվել է 360 մարդ, որոնցից 199 անվտանգության ուժերի ծառայողներ են: Տասնյակ վիրավորներ կան նաեւ Բաթմանում, Մարդինում, Սղերթում, Հաքքարիում, Ուրֆայում, Այնթապում, Էլազիկում, Ստամբուլում եւ ապրիլի 1-ից բախումների թատերաբեմ դարձած Մալաթիայում, ինչպես նաեւ Անկարայում: Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են 565 հոգու, նրանցից 447-ը կալանվել է: Ձերբակալվածների մեջ է նաեւ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության Բաթմանի քաղաքային վարչության ղեկավարը, իսկ Դիարբեքիրի քաղաքապետի դեմ դատախազությունը հետաքննություն է սկսել առանց կալանքի: Վերջիններս մեղադրվում են PKK-ի համակիրներին ընդվզումների հրահրելու մեջ:

Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան անվտանգության ուժերի հետ քուրդ ցուցարարների բախումներն են, որքան քրդական հարցի սրումը Թուրքիայում, որի համար նախադրյալներ են ստեղծում Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները, իսկ Վաշինգտոնը նպաստում է դրան: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում քրդերի վերջին ընդվզումները պայմանավորում են ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Պիտեր Փեյսի Անկարայում արած հայտարարություններով:

Հիշեցման կարգով նշենք, որ նա մասնակցելով մարտի 23-24-ը «Գլոբալ ահաբեկչությունն ու միջազգային համագործակցությունը» թեմայով Անկարայում հրավիրված համաժողովին, PKK-ին խրախուսող հայտարարություններ էր արել, այնուհետեւ Վաշինգտոնում հաստատել էր իր դիրքորոշումը, թե «թուրքերի աչքերի մեջ նայելով ասել է ճշմարտությունը»:

Խնդրո առարկան Թուրքիային սահմանակից Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի հենակետերն են եւ դրանց չեզոքացման Անկարայի համառ պահանջների անտեսումը Վաշինգտոնում: Հատկանշական է, որ Թուրքիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ֆիրուզ Դովլաթաբադին էլ ԱՄՆ-ի այս մոտեցումը պայմանավորում է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրին համապատասխան տարածաշրջանի երկրները մասնատելու եւ մասնատված տարածքներում վերահսկելի էթնիկ պետական միավորներ ստեղծելու Վաշինգտոնի քաղաքական առաջադրանքով:

Իրանի դեսպանն այդ մասին արտահայտվել է պատասխանելով «Միլիեթի» քաղաքական մեկնաբան Ֆիքրեթ Բիլայի հարցերին: Թուրքական թերթի ապրիլի 4-ի համարում հրապարակված հարցազրույցում նա միաժամանակ անդրադարձել է ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Անկարայում արած հայտարարություններին, ակնարկել է, որ ԱՄՆ-ը նպատակամղված պահպանում է Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերը, ապա եւ ավելացրել. «Անկախ Քրդստանի ստեղծումը բխում է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրից: Ակնհայտ են (Հյուսիսային Իրաքում) քրդական անկախ պետության հռչակումից հետո այդ պետությանը Թուրքիայի եւ Իրանի հաշվին ընդարձակելու, այսպիսով «Մեծ Քրդստանի նախագիծը» կյանքի կոչելու Վաշինգտոնի նկրտումները:

ԱՄՆ-ի գլխավոր շտաբի պետ Փեյսը չի պարզաբանել, թե ո՞րն է վերոհիշյալ այն ճշմարտությունը, որ նա Անկարայում ասել է թուրքերին նրանց աչքերի մեջ նայելով: Բայց որ քրդական պետության դե ֆակտո գոյությունն Իրաքի հյուսիսում անժխտելի փաստ է, կասկած չի հարուցում: Դա մասնատում է նշանակում Իրաքի համար: Այդ փաստն ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոուի Իրաք կատարած համատեղ այցը մեկնաբանելիս երեկվա համարում արձանագրեց «Ինդեփենդենթ» թերթը:

Փաստ է նաեւ այն, որ Իրաքի պես տարածաշրջանի երկրներ են նաեւ Իրանն ու Թուրքիան, որոնց որոշակի շրջանները բնակեցված են քրդերով: Հյուսիսային Իրաքում վերջիններիս անմիջական հարեւանությամբ քրդական պետության հռչակումը դեռեւս չի հանգեցնի նրանց մասնատմանը: Սակայն անխուսափելիորեն կխրախուսի քրդաբնակ շրջանների անջատողական ձգտումները: Հետեւաբար, Թուրքիայում ծայր առած PKK-ական ցույցերի վերածումը թուրք-քուրդ բախումների պետք է գնահատել հենց անջատողական ձգտումների խրախուսման տեսանկյունից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4