Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Աբխազիան եւ Հարավային Օսիան երբեք չեն դառնա Ռուսաստանի մասը: Նրա խոսքերով, Թբիլիսին պատրաստ է նրանց տրամադրել լայն ինքնավարություն եւ ամբողջ Վրաստանին առնչվող որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորություն: «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, թե «էթնիկ օսերը եւ աբխազները վրացական մշակույթի մասն են» եւ պետք է ներկայացված լինեն Վրաստանի կենտրոնական իշխանության մարմիններում: Նա հավաստիացրել է, թե Թբիլիսին չի մշակում հակամարտությունների լուծման ուժային տարբերակներ: Սաակաշվիլին նաեւ հույս է հայտնել, թե Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա իր նախագահության օրոք, այսինքն մինչեւ 2009 թ.: Վրացական գինիների ներմուծումը դադարեցնելու Մոսկվայի որոշման կապակցությամբ նա ասել է. «Գինիների հավաստագրեր ենք ստացել Եվրոպայի առաջատար շուկաներում: Շուկաներում կեղծված վրացական գինիներ փաստորեն չեն մնացել»: Նրա կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի քաղաքական մակարդակով: