Երեկ Երեւանում բացվեց «Վերադարձ եւ վերաինտեգրում, ինչպես հաղթահարել տնտեսական մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովը, որի կազմակերպիչներն էին Փախստականների դանիական խորհուրդը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը ՄԱԿ-ի հետ համատեղ: Խորհրդաժողովը կտեւի երկու օր, նպատակ ունի համախմբելու շահագրգիռ ու դոնոր կազմակերպություններին, նրանց հետ համատեղ իրականացնելու միգրանտների կայուն վերադարձի, վերաինտեգրման ու միկրոֆինանսավորման ծրագիր` նվազեցնելով միգրացիոն հոսքերը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի պաշտոնակատար Գագիկ Եգանյանը, մեր երկրից (2001 թ. դրությամբ) հեռացել են 800 հազարից մեկ միլիոն մարդՙ արտերկրում փնտրելու ավելի լավ կենսապայմաններ եւ հնարավորություններ, կամ փորձում են խուսափել հայրենիք վերադարձից` վախենալով, որ կրկին կհայտնվեն վատ պայմաններում:
ՀՀ-ից երկու տեսակի միգրացիա է տեղի ունենում` ժամանակավոր աշխատանքային, հիմնականում Ռուսաստան եւ ԱՊՀ-ի այլ պետություններ, մշտական կամ երկարաժամկետ` Եվրոպա եւ ԱՄՆ: Ժամանակավոր աշխատանքային միգրացիան կազմում է 90 տոկոս, իսկ մյուս դեպքերը` 10 տոկոս... Եվրոպա մեկնող միգրանտների մեծամասնությունը 35-49 տարեկան տղամարդիկ են, նրանց կեսից ավելին ունի միջնակարգ մասնագիտական կամ բուհական կրթություն: Հմտությունների բարձր մակարդակ ունեցողները արտագաղթում են ԱՄՆ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միգրացիայի հիմնական պատճառը գործազրկությունը չէ, այլ ընտանիքների տարրական կարիքները հոգալու համար հնարավորությունների բացակայությունը: Եվրոպայում Հայաստանից անկանոն միգրացիան հնարավոր է կանխել, եթե ավելի շատ ուշադրություն դարձվի միգրացիայի խորքայինՙ տնտեսական պատճառների վերացմանը, պարզել են ծրագրի դանիացի հեղինակները: Իսկ միգրանտներից շատերը պնդում են, որ եթե ՀՀ-ում ամսական վարձատրվեն 340 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ապա երկրից դուրս չեն գա ու պանդխտության ճամփան չեն բռնի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ