Չնայած հեռախոսային բողոքներին, թուրք դեսպանն այդպես էլ չերեւաց դահլիճում
Ապրիլի 4-ին Չեխիայի սենատում կազմակերպված «Հայկական ցեղասպանությունը» գիտաժողովը անցավ լեփլեցուն դահլիճում` 120-ից ավելի հյուրերի եւ 12 զեկուցողների մասնակցությամբ: Գիտաժողովը բացեց սենատոր Յարոմիր Շտետինան, որի նախաձեռնությամբ եւ «Արմենիա» ակումբի(նախագահ Տիգրան Աբրահամյան) ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ այս միջոցառումը: Գիտաժողովը վայելում էր նաեւ նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությունը: Հայաստանի կառավարության տեսակետը ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն իր խոսքում անդրադարձավ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, այլեւ նշեց, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի Եվրամիության անդամակացությանը, եթե վերջինս կատարի իր առջեւ դրված պարտականությունները, բացի Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին նաեւ Սլովակիայի արդարադատության նախկին նախարար Յան Չառնոգուրսկու ելույթը, որը ոչ միայն բացատրեց, թե որն է Սլովակիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական պատճառը, այլեւ կոչ արեց չեխ խորհրդարանականներին հետեւել հարեւանների օրինակին: Բազմաբովանդակ ելույթներ ունեցան նաեւ պրոֆեսոր Վահագն Դադրյանը ԱՄՆ-ից, դոկտորներ Թեսսա Հոֆմանը եւ Մանֆրեդ Աշկե - Լեփսիուսը Գերմանիայից , թուրք իրավապաշտպան եւ լրագրող Յելդագ Օզչանը Բեռլինից, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ աբեղա Փիլավչյանը եւ այլք: Յելդա Օզչանը մասնավորապես նշեց, որ թուրքերն առնվազն պետք է ներողություն խնդրեն հայերից իրենց կատարած մեղքերի համար: Չեխ երիտասարդ հայագետ Աննա Սոխովան ներկայացրեց գրող եւ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքը, որն ի դեպ օրերս վերահրատարկվել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի նախաձեռնությամբ եւ կիպրահայ բարերարների հովանավորությամբ:
Գիտաժողովին ավելի մանրամասն կանդրադառնանք մոտ ապագայում, նշենք միայն, որ Չեխիայի պաշտոնական շրջանակներից ներկա էր սենատի նախագահի տեղակալ, անկուսակցական Էդվարդ Օուտրատան: Իսկ Չեխիայում Թուրքիայի դեսպանը, ով իր հեռախոսազանգերով պահանջել էր իրեն էլ հրավիրել գիտաժողովին, այդպես էլ չերեւաց սենատի դահլիճում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա