«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂՈՑ ԸՆԿՆԻ»

«Նոր ժամանակները» ստիպված էր բացօթյա կոնֆերանս հրավիրել

3 ամսվա դադարից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերից «Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ այս տարվա առաջին հանդիպումն ունեցավ իր խոհակիցների հետ: Հանդիպման ձեւաչափ էր ընտրվել բացօթյա կոնֆերանսը, որը հրավիրվել էր Մատենադարանի մոտ: Բացօթյա կոնֆերանս հրավիրելու պատճառը կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բացատրեց, որ իրենց ոչ ոք դահլիճ չի տրամադրում, երկու անգամ մերժել են կառավարության նիստերի դահլիճը տրամադրելու առաջարկը: «Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընդդիմությունը փողոց ընկնի», ասաց նա եւ հավելեց, որ իրենց ոչինչ չի կոտրել եւ չի կոտրի:

Ընդդիմության եռամսյա լռությունը Արամ Կարապետյանը բացատրեց նրանով, որ իրենք այդ ընթացքում զբաղված են եղել իշխանություններին բացատրելով, որ երկրի վիճակը գնալով վատանում է: «Երեք ամիս հետ էինք քաշվել, բայց ի՞նչ փոխվեց», հարցնում է գործիչը եւ հավելում, որ դեռ մի բան էլ գործերը վատացան, օրինակՙ գազը թանկացավ:

Արամ Կարապետյանը խոսեց երկրի ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ իրենց անելիքների մասին: Նրա պնդմամբ, իրենց միակ ցանկությունը իրավիճակի շտկումն է մինչեւ 2007 թ., հակառակ դեպքում որեւէ հիմք չկա կարծելու, թե նախանշված ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար: «Եթե մինչեւ 2007 թ. Հայաստանում իրավիճակը չփոխվի, ընտրությունը լինելու է ֆարս: Իսկ եթե իրավիճակը չփոխվի, իշխանությունը կվերարտադրվի, եթե վերարտադրվեց, ապա առաջիկա տասը տարիներին Հայաստանը ապագա չի ունենա», եզրակացրեց կուսակցության առաջնորդը: Իսկ լավ բաներ վերջինս դժվարանում է ակնկալել, քանի որ համոզված է` երկրի իշխանությունների նպատակը ոչ թե Ղարաբաղի հարցը լուծելը, այլ ամեն գնով իշխանությունը պահելն է: Նա նշեց, որ իշխանությունների հրաժարականի համար կուսակցությունը աշխատում է մարզերի բնակիչների եւ իր համախոհների հետ, որոնց «պետք է ակտիվացնեն, բերեն Բաղրամյան եւ հրաժարական պահանջեն, որովհետեւ Հայաստանում այլ գաղափար չի գործում»: Ինչ վերաբերում է կուսակցության արտաքին քաղաքականությանը, ապա կուսակցության ղեկավարի խոսքերով այն հստակ է` Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցը, որն, ի դեպ, Կարապետյանի կարծիքով, չի նշանակում հակաամերիկյան լինել:

«Նոր ժամանակներ» կուսակցության անելիքներին երիտասարդության անունից իր աջակցությունը բերեց երիտասարդ քաղաքական գործիչների միության նախագահ Արման Վարդանյանը: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը կոչ արեց գործել առանց ակնկալիքների` խիստ կասկածելով, որ մինչեւ 2007 թ. իրավիճակը կփոխվի: Իսկ անկուսակցական թատերական գործիչ ու դերասան Երվանդ Մանարյանը ընդգծեց, որ եթե մեզ ստիպում են կանգնել անհնազանդության հարթակին, պետք է կանգնենք:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4