«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է

Ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը իսպանական այցից հետո երեկ հանդիպեց լրագրողներին եւ պատմեց, որ Իսպանիայում բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել եվրոինտեգրման գործընթացում Հայաստանին այդ երկրի քաղաքական եւ փորձագիտական աջակցության վերաբերյալ, մանավանդ որ Իսպանիան 2007-ին ԵԱՀԿ նախագահող երկիր է դառնալու:

Մի քանի «իսպանական» տեղեկություն. Իսպանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ձեւավորվել, աղետից տուժած բնակավայրերից մեկում իսպանական կողմը 300 տեղանոց հիվանդանոց կկառուցի, ինչպես նաեւ Հայաստան կուղարկվեն շտապօգնության մեքենաներ:

Սակայն Հայաստանի քաղաքական եւ տնտեսական խնդիրներն ավելի հետաքրքրական էին լրագրողների համար:

Ինչ անել, որ գազի սակագնի թանկացումը հանրության վրա չծանրանա:

ԱԺ խոսնակը կարծում է, որ անպայման այնպիսի լուծումներ կգտնվեն, որոնք կգոհացնեն Հայաստանին եւ կհամապատասխանեն հայ-ռուսական հարաբերությունների ոգուն` պետք է միայն համբերություն ունենալ մինչեւ բանակցությունների ավարտը:

Ինչպիսի՞ն է հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի` «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի հետ կապված առաջարկի պատասխանը:

Խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ որոշվել է մերժել առաջարկը` ԱԺ կանոնակարգը թողնելով անփոփոխ: Միաժամանակ ԱԺ նախագահը հարցադրման մեջ ռացիոնալ հատիկ է գտնում, այլ երկրների օրինակով խորհրդարանական սեփական հեռուստաալիք ունենալը վատ չհամարելով: Սակայն դա կարելի է թողնել հետագային, քանի որ նախընտրական տարի է, շահարկումներ կարող են լինել այդպիսի հարց բարձրացնելու դեպքում:

Իսկ թե այդ ժամը վերածվել է ԱԺ նախագահի եւ ՕԵ մենախոսության` ի պատասխան ասվեց, թե գնահատականները պետք է տրվեն փաստերի եւ ոչ թե մտացածին ենթադրությունների, որոշ մարդկանց կողմից պատվիրվող եւ վճարվող հայտարարությունների հիման վրա եւ առաջարկվեց ծանոթանալ պաշտոնապես տարածված հայտարարությանը` ո՞ր ուժն ինչքան է խոսել այդ հաղորդման ընթացքում. «Եթե մարդիկ մտածում են, որ ԱԺ պաշտոնական հանդիպումները չպետք է լուսաբանվեն` կլինի ԱԺ նախագահինը, թե տեղակալներինը, նրանք չարաչար սխալվում են»: Մենախոսության մասով էլ ավելի ուշ ասաց. «Հիմա դուք ինձ մեղադրու՞մ եք, թե ինչու՞ եմ ակտիվացրել ՀՀ ԱԺ միջազգային գործունեությունը, օրը մեկ-երկու միջազգային կազմակերպության հետ եմ հանդիպում` ինչու՞ են ցույց տալիս. ի՞նչ է, չզբաղվե՞նք մեր երկրի միջազգային վարկի զարգացման խնդիրներով»:

Ո՞վ է ասել` անուն-ազգանունով:

Կոալիցիայի ՕԵ գործընկերների մոտ, լրագրողի խոսքով, առաջացած մտահոգությանը, թե ինչու՞ է դադարել ԱԺ բակային կառույցի շինարարությունը, ԱԺ խոսնակը հակադարձեց. ո՞վ է ասելՙ անուն-ազգանունով, եւ շարունակեց նույն ոգով, թե պետք է վերջ դնել մամուլում տարածված «ասում են» արտահայտությանը. «Ես դեմ եմ պարզունակ հակադրություններին, հակադրության վրա առաջընթաց կառուցել հնարավոր չէ»: Իսկ թե ի՞նչ է ասել հանրապետական Գագիկ Մելիքյանը` առանց անունը տալու ենթադրաբար ՕԵԿ-ին քաղաքական կոռուպցիայի մեջ մեղադրելով` Ա. Բաղդասարյանը չի լսել եւ ոչ էլ ամեն պատգամավորի ասածը փորձելու է մեկնաբանել. «Մենք նախընտրական գործընթացի մեջ ենք մտնում, պետք է հստակ մեջբերել եւ ներկայացնել քաղաքական գործիչների խոսքը եւ ոչ թե կոնտեքստից կտրված վերցնել ու ներկայացնել», դիմեց նա լրագրողներին:

ՕԵԿ-ի գործարար պատգամավորներից հոսք կա՞ դեպի նորաստեղծներ:

«Այս պահին ՕԵ-ում ավելանալու )(այդ թվում` պատգամավորների) հայտ ունենք, ոչ թե պակասելու: Մենք հրապարակային գործելակերպի կողմնակից ենք, եթե որեւէ մեկը գտնում է, որ ՕԵ-ն իր տեղը չէ, կարող է դուրս գալ կամ դառնալ անկախ պատգամավոր: Էն մարդիկ, որ ճանապարհ ունեն մեզ հետ գնալու, գնում են` անկախ մեր դեմ հյուսվող բոլոր խարդավանքներից, անկախ այն գումարներից, որոնք տրվում են, որ մեր դեմ դավեր նյութվեն, դա նրանց չի հաջողվի», ասաց «Օրինաց երկրի» ղեկավարը` ստվերային գործընթացների վերաբերյալ դիտարկմանն ավելացնելով, թե գորշ կարդինալների ժամանակն անցել է արդեն, առանց անուններ տալու խոսելով «որոշ մարդկանց սանձարձակ պահվածքի» մասին, որոնք տարբեր ոլորտներում «կոռուպցիայով, կաշառակերության ոչ լավ դեպքերով» վնաս են հասցնում Հայաստանին:

Կոալիցիայում` չէի ասի փայլուն, բայց` նորմալ:

Հենց այդպես բնութագրեց ներկոալիցիոն հարաբերությունները Ա. Բաղդասարյանը, ասելով, որ դրանք կպահպանվեն մինչեւ հաջորդ ընտրությունները` իրականացնելով նախապես կոալիցիայի առջեւ դրված խնդիրները:

Ազատական դաշտի բացակայության հարցն աշխուժացրեց ԱԺ խոսնակին:

Ազատական արժեքները պետք է քաղաքական առաջնահերթություն դառնան Հայաստանի քաղաքական ապագայի համար, ազատական ուժերը պետք է միավորվեն, այս տեսակետին էր ՕԵԿ առաջնորդը` ասելով, որ այդ ուղղությամբ մտահոգված է:

Անցե՞լ է ԱԺ նախագահն այցելությունների քանակով նախկին խոսնակին:

Ա. Բաղդասարյանն, ընդհակառակն, այն կարծիքին է, որ սահմանափակել է իր այցերը` այս տարի ընդամենը երկրորդը, իսկ միջին խորհրդարանական վիճակագրությամբ, պառլամենտների ղեկավարները տարին 10 այց են անում:

GOPAC-ն է լավը, թե GRECO-ն

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ ապրիլի 6-7-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողով, որի արդյունքում Հայաստանը կանդամակցի «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» (GOPAC) միջազգային կազմակերպությանը: Իսկ «GRECO-ին անդամակցելը մեզ ի՞նչ տվեց, որ հիմա էլ GOPAC-ին անդամակցենք» հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի 2 ձեւ կա` խոսքով եւ գործով, ես երկրորդի կողմնակից եմ: Այս կազմակերպության շրջանակը կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական ինստիտուտներին եւ ԶԼՄ-ներին ներգրավումն է կարեւորում»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4