Մարտի 31-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ ԿԲ խորհրդի ավանդական հանդիպումը առեւտրային բանկերի ղեկավարների հետ, որի ընթացքում ամփոփվեց անցած եռամսյակը եւ ներկայացվեցին առաջիկա ժամանակաշրջանի հնարավոր զարգացումները: Մասնավորապես նշվեց, որ գնաճի ցուցանիշը եռամսյակի համար կանխատեսված 4.4 տոկոսի փոխարեն, ըստ պաշտոնական վիճակագրության կազմել է 4.2 տոկոս: Հայտարարվեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ տարեկան 4 տոկոս:
Նշվեց, որ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա տարվա ընթացքում կշարունակվի նախորդ տարիներից եկող երկնիշ տնտեսական աճը, ինչը, համակցվելով տարվա ընթացքում համաշխարհային շուկայում եւ տարածաշրջանում էներգակիրների բարձրացող գնի հետ, շարունակում է ստեղծել գնաճային ճնշումներ: Շաքարավազի միջազգային գների, ինչպես նաեւ որոշ այլ մթերքների վերջերս գրանցված գների աճը նույնպես բնակչության մոտ ձեւավորում են պարենային ապրանքների գնաճային սպասումներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճային ճնշումներիՙ տարեկան առավելագույնը 3 տոկոս նպատակային ցուցանիշի գերազանցման ռիսկերը դեռեւս առկա են, ԿԲ-ն շարունակելու է դրանք չեզոքացնել աստիճանաբար:
Հանդիպման ժամանակ հրապարակվեց ֆինանսական շուկայում իր գործողությունների տրամաբանությունը եւ նոր գործիքակազմը: Մասնավորապես նշվեց.
Հիմնական վերաֆինանսավորման գործիքըՙ 7-օրյա ռեպո, կիրառվելու է, շաբաթական կտրվածքով յուրաքանչյուր չորեքշաբթի օրը:
Կիրառվելու է կառուցվածքային գործիքՙ ԿԲ-ի պարտատոմսերի թողարկում, հիմնականում 3-ամսյա, չեն բացառվում նաեւ 6 եւ 12-ամսյա թողարկումներ:
Ճշգրտող գործիքները կիրառվելու են իրացվելիության եւ տոկոսադրույքների նպատակային ցուցանիշից կարճաժամկետ շեղումները շտկելու նպատակով (հիմնականում ռեպո, հակադարձ ռեպո գործիքների եւ արտարժույթի միջոցով):
Մշտական հնարավորության գործիքներըՙ ավանդ եւ լոմբարդային վարկ, կիրառվելու են 1 օր ժամկետով: Տոկոսադրույքները սահմանվում են հիմնվելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա: Նշվեց, որ լոմբարդային վարկի տոկոսադրույքը իջեցվել է մինչեւ 8%:
Յուրաքանչյուր ամսվա խորհրդի նիստին կորոշվի եւ կհրապարակվի գալիք ամսվա ընթացքում վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը, մշտական հնարավորությունների տոկոսադրույքը, ԿԲ կողմից թողարկվող պարտատոմսերի ծավալները, ժամկետայնությունը եւ թողարկման օրերը:
Շուկայի մասնակիցներին կտրվեն բացատրություններ նախապես հայտարարված գործառնություններից զատ իրականացված ճշգրտող գործիքների վերաբերյալ:
ԿԲ մամուլի ծառայություն