«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐ

«Բոլորիս թվում է, թե Չարենցի մասին նոր խոսք ասել հնարավոր չէ, բայց սա նոր խոսք է, գրականագիտական նոր ուղղություն: Ռոբերտ Դավթյանի այս գրքերը Չարենցին եւ Իսահակյանին նոր լույսով տեսնելու հնարավորություն են տալիս»: Գրականագետ, արվեստագետ Ռոբերտ Դավթյանի նոր հրատարակությունների շնորհանդեսի ժամանակ հրատարակությունների մասին ասաց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Հիշյալ գրադարանում երեկ ընթերցողին եւ արվեստի ու գրականության մարդկանց ներկայացվեցին Ռոբերտ Դավթյանի 2005 թ-ի չորս նոր հրատարակությունները` «Չարենցը եւ երաժշտությունը», «Չարենցը եւ արվեստը», «Ավետիք Իսահակյան. Ճարտարապետություն կերպարվեստ», «Հայոց մեծ եղեռնը հայ գրականության մեջ» գրքերը: Ի դեպ, Չարենցի մասին հեղինակն ունի 6 գրքեր, որոնք 30 տարիների աշխատանքի արդյունք են:

Առաջին երկու գրքերում ներկայացված են Չարենցի երաժշտական աշխարհը, նրա ստեղծագործությունները երաժշտության մեջ, Չարենցի առնչությունները արվեստի հետ, հեղինակի խոսքերովՙ «Չարենցը արվեստի մասին, Չարենցը արվեստում»: Գրականության եւ արվեստի համաձուլվածք կարելի է համարել արվեստաբանի գրքերը, որոնք, ներկաների բնորոշմամբ, գրականագիտության մեջ նոր ուղղություն են:

«Պետք է խոստովանեմ, որ Ռոբերտ Դավթյանը Չարենցի պոեզիային անդրադարձել է պատասխանատվության մեծ զգացումով, պոեզիայի եւ երաժշտության զուգադրման ճիշտ մոտեցումով: Փաստորեն Ռ. Դավթյանը դառնում է գրականության եւ արվեստների համադրման պատմության հիմնադիր հեղինակը: Առաջին փորձը լինելով այս գիրքը` «Չարենցը եւ արվեստը», լուրջ ներդրում է բանասիրության եւ արվեստի պատմության մեջ: Լուսավորչի կանթեղի նման այն կբոցավառվի Չարենցի հավերժական կյանքում», Դավթյանի աշխատանքը գնահատում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Ավետիք Իսահակյան. Ճարտարապետություն, կերպարվեստ» գիրքը նվիրված է բանաստեղծի ծննդյան 130-ամյակին: Հրատարակությունն անդրադառնում է Իսահակյանի ճարտարապետության եւ կերպարվեստի վերաբերյալ գիտական գործունեությանը: Չորրորդ գրքում ներկայացված են հայոց մեծ եղեռնի արտահայտումները գրականությունում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4