Շուրջ 5 տարի առաջ Նյու Յորքից հայտնի մեկենաս եւ հրապարակագիր Հակոբ Վարդիվառյանն իր ծնողքի` Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառյանների հիշատակին մամլո մրցանակ էր հաստատել Բեյրութի ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք»-ի աշխատակիցների համար, խրախուսելու նրանց անհատույց նվիրյալ աշխատանքը: Անցնող տարիներին այդ մրցանակին արժանացան երկար տարիներ թերթին աշխատակցած հոդվածագիրներից պատմաբան Զավեն Մսըրլյանը, գրող Արամ Սեփեթճյանը եւ ուրիշներ:
Շարունակելով օրինակելի ավանդույթը, 2004 թ.-ի համար «Զարթօնք»-ի խմբագրությունը մեկենասի հետ համախորհուրդ մրցանակ է շնորհել իր աշխատակիցներից ազգային գործիչ եւ բանաստեղծ Համբիկ Մարտիրոսյանին եւ Հունաստանի ՌԱԿ պաշտոնաթերթ «Նոր աշխարհ» շաբաթաթերթի երկարամյա խմբագիր Զավեն Գրիգորյանին, իսկ 2005 թ.-ի համար` նշանավոր հրապարակախոս, իրավաբան Գասպար Տերտերյանին:
Մրցանակների շնորհման արարողությունը կատարվել է Բեյրութի Թեքեյան կենտրոնի «Գերսամ Ահարոնյան» սրահում, աշխատակիցների եւ ընթերցողների հոծ բազմության ներկայությամբ: Արարողությանը անձամբ ներկա է եղել մեկենասը` Հ. Վարդիվառյանը իր տիկնոջ` Մարիայի հետ, ինչպես նաեւ Մ. Նահանգներից ՌԱԿ Արեւելյան շրջանի ատենապետ Բաբկեն Մկրյանը տիկնոջ հետ:
Մրցանակակիրներին ներկայացրել եւ շնորհավորել է «Զարթօնք»-ի պատասխանատու խմբագիր Պարույր Աղբաշյանը: