Գերադասելի է գլուխը կախ փող աշխատելը
Մեր հասարակության խորքում նստած խոսքի ազատության պահանջը դեռ երկար ժամանակ պոռթկում չի դառնա, չի ժայթքի որպես ներքին բնական մղում, որովհետեւ մարդիկ հաշտվել են այն դառն իրողության հետ, որ որեւէ ընդվզումից հետո անպայման կանգնելու են դատարկ տաշտակի առջեւ: «Այս վիճակից դուրս գալու համար լուրջ ցնցումներ են պետք: Ես հեղափոխության կոչ չեմ անում: Այդ ցնցումը կարող է լինել, օրինակ, Եվրոդատարանում Ա1+-ի հայցի բավարարումը: Հայկական հեռուստաընկերությունների ղեկավարները դեռ ապրում են ԽՍՀՄ-ի կարոտախտով. լրատվամիջոցներն այսօր խնդիր չունեն ինքնուրույն որոշելու ո՞րն է սպիտակ, որըՙ սեւ: Վերեւից է որոշվում, թե նրանք ե՞րբ պետք է քննադատեն, երբՙ գովաբանեն: Սա հասարակական լուրջ խնդիր է», կարծում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Մեսրոպ Մովսիսյանի բնութագրմամբ, Ա1+-ն այսօր ընկալվում է որպես խոսքի ազատության խորհրդանիշ, 2002 թվականից ի վեր հեռուստատեսությունից այն վերածվել է խոսքի ազատության խնդրի: Նրա դիտարկմամբ, մեր հասարակության խոսքի ազատության պահանջն արտահայտվում է ամեն օր, խնդիրն այն է, որ հեռուստաընկերությունների տնօրենների համար եկամուտը գերադասելի է գաղափարից, նրանք գործում են «ավելի լավ է գլուխը կախ փող աշխատել, քան գլուխը դնել քարի տակ»:
Բորիս Նավասարդյանը բացառում է, որ քաղաքական, տեղեկատվական հաղորդումներն ու բանավեճերը մեզանում մեծ լսարան չունեն. «Եթե սերիալներն ու «ինտելեկտուալ» խաղերը քաղաքական հաղորդումներից ավելի մեծ վարկանիշ ունեն, բնավ չի նշանակում, որ հնարավոր չէ մի փոքր տեղ հատկացնել վերջինների համար: Մանավանդ որ դրանք անհրաժեշտ են հասարակության միտքը զարգացնելու առումով»:
«Հայելի» ակումբում երեկ հրավիրված բանավեճի ժամանակ նշյալ մասնակիցները համակարծիք էին, որ խոսքի ազատության մասին խոսակցությունները մնում են օդից կախված, անտեսված ու լղոզված, իսկ հասարակությանն այլ բան չի մնում, քան ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող լուրջ հաղորդումները դիտելը, չնայած որ վերջին տարիներին դրանք եւս չեն փայլում նույն խնդրի առկայության պատճառով:
Ապրիլի 7-ին Ա1+-ը մասնակցելու է ռադիոհաճախականությունների համար ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթին: Հեռուստաընկերության տնօրենը սակայն այս անգամ էլ ակնկալիքներ չունի. «Ռեալ հույսեր չունեմ, մանավանդ որ արդեն ուրիշներին խոստումներ են տվել: Բայց ամեն ինչ այսպես լճացած չի մնալու, չէ՞, մի օր մաքրվելու է: Ամեն ինչ իր ավարտն ունի», ասաց Մովսիսյանը:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե այս ընթացքում Ա1+-ն ավելի օգտվել է, քան վնասվել, Մեսրոպ Մովսիսյանն այսպես հակադարձեց.
«Գրիգոր Ամալյանը մինչեւ ականջները խրված է կեղտի մեջ, նա նույնիսկ չի կարող ականջները թափահարել: Ու քանի որ այլեւս հայտարարելու բան չունի, պետք էր ցույց տալ, որ մեր կոլեկտիվի միակ նպատակը աղմուկ հանելն է»:
Ու քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է Գրիգոր Ամալյանի կամ մեկ ուրիշի ցինիկ հայտարարություններն ու անբարո կեցվածքը, Բորիս Նավասարդյանի եզրահանգմամբ, մամուլի ազատության խնդիրը հեշտորեն չի լուծվի:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ