«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ

Ինքնաճանաչման խնդիրՙ հազարամյակներ անց

Հայագիտության զարգացման տերն ու տնօրինողը առաջին հերթին մեր երկիրն է ու մենք: Երկիրը խնդրին գործնականորեն տեր լինելու ցանկությունից դենը չի անցնում, մենք էլ ինքնաճանաչման ու ինքնագնահատման ձգտումը անհավատությամբ համեմելով շարունակում ենք սեփական պատմությունը հազարամյակներով հաշվել ու ինքնաճանաչման խնդիրն արդիական պահել: Ասվածն ապացուցվեց նաեւ երեկ, խորհրդարանում կայացած լսումների ընթացքում: Նիստերի աննախադեպ լեցուն դահլիճում աստիճանները նստարան էին ծառայում, ելույթներն էլ քիչ չէին, բայց ոչ ըստ էության: Հիմնականում խոսվեց համաշխարհային պատմության հենքում հայոց պատմության ոչ անարժեք լինելու մասին: Հապացույց բերվեցին մեր եւ օտար աղբյուրներից վերցված օրինակներ կամ սեփական համոզմունքը: Ինքնագնահատականում վատի առումով համոզված, արժեքավորին կասկածով նայելու տարիների պրակտիկային հավատարիմ ենք մնում անգամ գիտական մակարդակում: Մինչդեռ խնդիրը հայագիտությունը գիտական չափորոշիչ թողնելու, թե՞ կրթական չափորոշիչ դարձնելու նպատակահարմարությունը որոշելն էր:

Այսօր խնդիր է ոչ միայն ինչ մոտեցմամբ, այլեւ ինչ դասագրքերով հայոց լեզու, գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն դասավանդելը: Հայագիտությունը հանրակրթության մեջ սահմանափակում են առայժմ այս առարկաների շրջանակում եւ առաջարկում կրթակարգում դրանք հասարակագիտականի փոխարեն բնորոշել հայագիտական եւ ավագ դպրոցում քննություններ սահմանել տվյալ առարկաներից: Մինչդեռ միջին դասարանների հայ ժողովրդի պատմության դասագրքերն անմատչելի են տվյալ տարիքի աշակերտի համարՙ ԵՊՀ հայ ժողովրդի ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանի համոզմամբ: Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերն էլ ավելի լավը ստեղծելու խնդիր են առաջացնում: 2006-2007 ուսումնական տարվա նոր կրթակարգով նախատեսվում է հայ ժողովրդի պատմությունը որպես առանձին առարկայի դասավանդումն ավարտել 9-րդ դասարանում, իսկ հաջորդ 3 տարիներին այն աշակերտներին մատուցվելու է համաշխարհային պատմության համադրմամբ: Մոտեցումն ինքնին մասնագետները սխալ համարեցին, քանի որ այդ դեպքում պետականությունից երկարատեւ զրկված ժողովրդի մասնակցությունը համաշխարհային ընթացքին դառնում է այլ պետություններից ստվերվող եւ կառուցվող երեւույթ, համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հայոց եկեղեցու պատմության առանձին դասավանդման կարեւորությունն էլ ընդգծում է եկեղեցին: Մասնագետների պնդմամբ եւ փաստերի համադրմամբ գոնե չորրորդից տասնութերորդ դարերի կտրվածքով անհնար է տարանջատել եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմությունը: Բացի դրանից առկա է նաեւ պատշաճ մակարդակի դասագրքի խնդիրը, որը ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի համոզմամբ մոտ ժամանակներում չի էլ կարող ստեղծվել: Ըստ նրա, հայոց եւ համաշխարհային պատմության համադրված դասավանդման արդեն առկա տապալված փորձի կրկնությունը նույնՙ տապալման ելքը կարող է ունենալ: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի տեղեկացմամբ էլ հայտարարված դասագրքերի մրցույթում ընտրությունը մեծ չէ: Հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի ներկայացված 3-4 տարբերակներից գտնվել է որակյալը, բայց շարունակում է առկա մնալ լավագույնի խնդիրը: Իսկ վերջնական արդյունքներն օրերս կհրապարակվեն:

Եվ այսպես, հայագիտությունը հանրակրթական համակարգում ազգային ինքնագիտակցության պահպանում ապահովելու համար հայ առաքելական եկեղեցին կարեւորում է եկեղեցու պատմության առանձին դասավանդումը, մասնագետներըՙ մանկավարժության արդյունավետ մեթոդիկայով կազմված դասագրքերը, համապատասխան նախարարությունըՙ կրթության համակարգը միջազգային չափանիշներին մոտեցնող նոր կրթակարգի ներդրումը: Կարեւորությունների այս շարքում հակասություններ էլ կանՙ ուսումնական շրջանառությունից ժամանակին հանվեց Հովհաննես Բարսեղյանի հեղինակած հայոց լեզվի դասագիրքը եւ պարզվեց, որ փոխարենն առաջարկվածը մեծապես զիջում է նախորդին: Եկեղեցու պատմությունն առանձին առարկայով սկսեց դասավանդվել, աշակերտներն առանձնացված հետաքրքրություն չդրսեւորեցին: Նոր կրթակարգի մասին առայժմ միայն կարող ենք ենթադրություններ անել:

Այսօր լիովին հստակ է, որ թվարկված առարկաներն ամենեւին հայագիտության համապարփակ ընդգրկում չեն կարող ապահովել, բարեբախտաբար պատկան մարմիններում այս գիտակցումը կա, կարծես միջոցների պակասն է խոչընդոտը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4